Հրաշքի սպասման հիվանդությունը

Հրաշքի սպասման հիվանդությունը

Անցած ձմռան շրջանը սկսվեց գազատարի պայթեցմամբ, այս տարի՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին փակելով: Կարծում եմ, որ արդեն ավելի հաճախակի են դառնալու ադրբեջանցիների բազմազան սադրանքներն Արցախում: Հայաստանյան ընտրողներից 2021 թվականի հունիսին «պողպատե մանդատ» ստացած Փաշինյանն ի վիճակի չէ համապատասխան արձագանք տալ դրանց: Որովհետև այդ մանդատն ընդամենը սեփական անփառունակ իշխանության պահպանմանն է ուղղված: Ու վաղուց արդեն արցախահայության անվտանգության ապահովման պատասխանատվությունը հանձնել է ռուսական խաղաղապահ կազմավորմանը: Ռուսներն էլ իրենց գործառույթը կատարում են այնքանով, որքանով կարողանում են: Խաղաղապահների դեմ բողոքելու փոխարեն ավելի ճիշտ կլիներ հարցնենք ինքներս մեզ, թե ի՞նչ ենք անում մենք կամ ՀՀ ընտրողների կողմից մանդատ ստացած իշխանությունը: Հատկապես, որ ռուս-ուկրաինական պատերազմը, արևմուտքի համատարած հակառուսականությունը, դրա դեմն առնելու նպատակով Ադրբեջանի թիկունքին կանգնած Թուրքիայի հետ մարտավարական դաշինքը նեղացնում է ազատորեն գործելու՝ ռուս խաղաղապահների հնարավորությունները: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ՄԱԿ-ի հովանու ներքո ավելի արդյունավետ չէին գործում ամերիկյան խաղաղապահ ուժերը նախորդ դարի 90-ականնների սկզբին Սոմալի պետությունում: Եվ, ի վերջո, ստիպված եղան լքելու աֆրիկյան այդ երկիրը: 

Փաշինյան Նիկոլի վարչապետության պայմաններում մենք ամբողջովին հանձնելու ենք Արցախը, քանի որ այդպիսին է նրա դիրքորոշումը: Միաժամանակ, այդպիսին է արևմտյան երկրների ցանկությունը: Իսկ խաղաղապահ ուժերի մանդատը չհաստատելն ու 2025-ի նոյեմբերի 9-ից հետո այլևս նրանց ներկայությունն Արցախում չերկարաձգելը՝ Իլհամ Ալիևի ցանկությունը: Վերը նշված պատճառներով և եթե մինչ այդ էլ ռուսական հաղթանակով չավարտվի նաև ռուս-ուկրաինական պատերազմը, ապա Արցախը Նիկոլի կողմից հանձնելուն ի վիճակի չէ խոչընդոտել Ռուսաստանը՝ ինչքան էլ ցանկանա չհեռանալ այնտեղից: Իսկ Արցախը հանձնելն ու ռուսական խաղաղապահ կազմավորման հեռանալը կողջունվի արևմտյան պետությունների կողմից: Այդ քայլին է նպատակամղված նաև Ադրբեջանի ղեկավարի քաղաքականությունը: Դա հասկանում ենք բոլորս, բայց չգիտես ինչ տրամաբանությամբ սպասում ենք հրաշքի: Բայց որպեսզի հրաշքի սպասման հիվանդ չլինենք՝ անհրաժեշտ է վարչապետի պաշտոնն ազատել Փաշինյան Նիկոլից: Բայց այդ հարցով ոչինչ չենք կարողանում անել՝ ընկել ենք կախարդական շրջանի մեջ, որից դուրս գալ չի հաջողվում: 

Իսկ այն, որ Իլհամը չի բավարարվելու Արցախը զավթելով և հաջորդ քայլը լինելու է Հայաստանի այս կամ այն մասը՝ չեն տեսնում միայն տեսողությունից բացարձակ զուրկ արարածները: Ադրբեջանն անընդհատ քայլեր է անում այդ ուղղությամբ, իսկ խաղաղության խայմանագիր կնքելու ջատագովները գիտակցաբար փակել են իրենց աչքերը: Հասկանալի է՝ հանուն իշխանական վայելքների ու հարստության, որ նրանց ձեռքն է ընկել ու ընկնում իշխանության գալուց հետո, նրանք թքած ունեն թե՛ Արցախի և թե՛ Սյունիքի և կամ, ասենք, Սևանա լճի արևելյան ափի վրա՝ կբավարարվեն արևմտյան ափով: Որպես ասվածի հերթական վկայություն կարող ենք դիտարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին այդ կառույցում Ադրբեջանի դեսպանի հղված նամակն իբրև թե հայկական ուժերի կողմից Ադրբեջանի տարածքում ականներ տեղադրելու մասին:

Նամակում ասվել է, որ «Հայաստանը պետք է դադարեցնի ականային ահաբեկչությունը, փոխհատուցում տրամադրի և համապատասխան երաշխիքներ ու հավաստիացումներ տա, որ նման բան չի կրկնվի»: Իրականում, ինչպես արդեն հայտնի է դարձել, դրանք ՀՀ օկուպացված տարածքներից հանել և իրենց տարածքում տեղադրել են ադրբեջանցի զինվորականները՝ արտասահմանցիներին որպես նյութեղեն ապացույց ներկայացնելու համար: Եվ հաջորդ անգամ ևս կկրկնեն այդ գործողությունը՝ ասելով, թե դրանք տեղադրել են հայերը: Իսկ վարչապետի բազկաթոռին հարմար տեղավորված անձը կրկին այդ ամենը կթողնի անարձագանք: Իսկ ՄԱԿ-ում էլ «կհավատան» ադրբեջանցիներին, քանի որ այդպիսին է նրանց վերաբերմունքը «հուսալի գործընկերոջ» նկատմամբ: Համենայն դեպս, 44-օրյայի և ռուս-ուկրաինական պատերազմում միջազգային հանրություն կոչվածի վարքագիծն հենց դա է ապացուցում: