Ներազգային կոնսենսուսի հրամայականը. վաղն ուշ է լինելու

Ներազգային կոնսենսուսի հրամայականը. վաղն ուշ է լինելու

Երեւի չեմ սխալվում (եթե փաստական անճշտություն թույլ տամ, թող ինձ ներեն)՝  Սիմոն Վրացյանն է վկայում, որ Միացյալ Հայաստանի հռչակումից (1919թ. մայիսի 28) հետո Երեւան է հասնում բանաստեղծ Վահան Թեքեյանը՝ որպես Պողոս Նուբար-փաշայի բանագնաց եւ առաջարկում, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը տրվի վերջինիս, իսկ գործող կառավարությունն զբաղվի միայն օրախանդիր հարցերով: Սկսվում են բարդ, հոգեմաշ բանակցություններ, որ, բնական է, ոչ մի արդյունքի չեն բերում: Կառավարությունը չի համաձայնում միջազգային հարցերում հրաժարվել լիազորությունից, բանագնացը՝ Պողոս Նուբար-փաշայի առաջարկությունն անփոփոխ պնդելուց, եւ տեղի է ունենում մեծ խզում:  Ներազգային կոնսենսուս  չձեւավորվեց նաեւ 1920թ. ամռանը, երբ իրական քաղաքական ռեժիմում հրատապ էր կարեւորագույն խնդիր. Հայաստանն ընդունու՞մ է դաշնակիցներից առանձին՝ Մուստաֆա Քեմալի հետ բանակցություններ սկսելու (թերեւս՝ բոլշեւիկյան Ռուսաստանի միջնորդությամբ) գաղափարը, թե՞ մինչեւ վերջ ապավինում Սեւրի դաշնագրի «իմպերատիվ» ուժին: Ավելի ճիշտ՝ առաջինը նույնիսկ իբրեւ այլընտրանք չքննարկվեց: Ռուս-հայկական բանակցությունների անլրջության մասին հայկական պատվիրակության ղեկավար Շանթն է վկայում, որ այնքան էլ կարեւորություն չէր տալիս, թե ինչ է ասում Ռուսաստանի փոխարտգործժողկոմ Լեւոն Կարախանը, քանի որ «ականջը Փարիզի վրա էր»:  Սա՝ որպես հիշեցում:

Տավուշյան մարտերից հետո եղան հրապարակումներն(այդ թվում եւ տողերիս հեղինակի), որ փաստացի Ադրբեջանը կորցնում (կամ արդեն իսկ կորցրել է) սուբյեկտությունը, նրա փոխարեն որոշումներ կայացնում է Թուրքիան: Սա ընդամենը  փարձագիտական  գնահատական է: Կա՞ նոր իրավիճակի պետական իմաստավորում: Ադրբեջանի սուբյեկտության «կորուստը» Հայաստանին մարտահրավե՞ր է, թե՞ նրա համար «բացվելու հնարավորություն»: Այն, ինչ, կարծեմ, Չերչիլին է վերագրվում, թե ցանկացած մարտահրավեր նաեւ հնարավորություն է, իմպերիական աշխարհընկալման դրսեւորում է: Հայաստանի «քաշի» երկրների համար մարտահրավերը մարտահրավեր է, հնարավորությունը՝ հնարավորություն: Մեր պարագայում դրանք տարբերակելի են, առանձին քննության ենթակա՝ «սցենարային մշակումների» ստրուկտուրայով:  Այս հարցում «սեւն ու սպիտակը» կամ «հեղափոխականը եւ հակահեղափոխականը» երկրորդական-երրորդական են, ինչպես նաեւ՝ վերագրումները՝ անցած քառորդ դարում ով ինչ, ինչպես եւ ինչու է արել:

Հարկավոր է հայտարարել «քաղաքական համաներում»: Մեկնակետն այս է՝ Հայաստանի երեք նախագահները հնարավորինս ամեն ինչ արել են՝ գտնելու խնդրի օպտիմալ եւ հայանպաստ լուծում: Նույնը՝ գործող իշխանությունը, բայց արդյունքում ունենք այն, ինչ ունենք. մեր ախոյանն այսօր Թուրքիան է, ռազմա-քաղաքական դաշնակիցը՝ Ռուսաստանը, որ նաեւ Թուրքիայի գործընկերն է, որ իր հերթին Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ է, որն էլ Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակիցն է:  Անցյալում ինչ եղել է, հարկ է փակել հիշողության եւ պետական մարմինների գզրոցներում, չհրկիզվող պահարաններում՝ «հույժ գաղտնի» կնքադրոշմով: Եւ շատ կարճ ժամկետում կազմավորել ազգային «ուղեղային կենտրոն»՝ մի «կտուրի» տակ հավաքելով ԼՂ հարցին քաջատեղյակ բոլորին:  Եթե փորձեմ թվարկել, ապա կունենանք այս շրջանակը՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արկադի Ղուկասյան,  Բակո Սահակյան, Ժիրայր Լիպարիտյան, Վարդան Օսկանյան,  Էդվարդ Նալբանդյան, Վահան Փափազյան, Դավիթ Շահնազարյան, Ալեքսանդր Արզումանյան: Անշուշտ՝ նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն: «Ուղեղային կենտրոնը» պետք է հիմնավորված, փաստարկված, մինչեւ վերջին մանրուքը հաշվարկված պատասխան գտնի՝ ստեղծված իրավիճակը մարտահրավե՞ր (սպառնալիք) է, թե՞ «ճեղքման» հնարավորություն:

Ըստ այդմ ԼՂ հարցով պետք է ձեւավորվի ներազգային (ներհայաստանյան համաձայնության դոմինանտությամբ) կոնսենսուս: Վաղն ուշ է լինելու: