Ինչ կլինի, եթե հայ ըմբիշները չմեկնեն Բաքու․ նոր մանրամասներ

Ինչ կլինի, եթե հայ ըմբիշները չմեկնեն Բաքու․ նոր մանրամասներ

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան, ինչպես հայտնի է, ներկայացրել է Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի մրցավայրերը: UWW-ի ներկայացրած ցուցակով եվրոպական գոտու ընտրական մրցաշարը կկայանա Բաքվում, ասիական մրցաշարը` Բիշկեկում, Աֆրիկայինը և Օվկիանիայինը` Կահիրեում, պանամերիկյանը՝ Ակապուլկոյում: Համաշխարհային վարկանիշային մրցաշարը կընդունի Ստամբուլը:

2023-ի սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունը վարկանիշային է խաղերի համար: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամն է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը։

Այսօր՝ հունիսի 28-ին, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան դեռևս վերջնական որոշում չունի Բաքվում կայանալիք Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի մասնակցության վերաբերյալ: Բաղդադյանի պնդմամբ՝ Բաքվի վարկանիշային մրցաշարին չմասնակցելու դեպքում թիմերն իրավունք չեն ստանա մասնակցելու Ստամբուլում կայանալիք համաշխարհային վարկանիշային մրցաշարին: Այսպես ասած՝ եթե մի մրցաշարի մասնակցությունից հրաժարվում ես, ավտոմատ դուրս ես մնում մյուս մրցաշարերի մասնակիցների ցանկից:
«Մասնակցության վերջնական որոշումը ֆեդերացիան չէ, որ պետք է կայացնի: Եթե չմասնակցենք Բաքվի մրցաշարին, իրավունք չենք ունենա մասնակցելու Ստամբուլում կայանալիք համաշխարհային վարկանիշային մրցաշարին: Օրինակ` աշխարհի առաջնության մասնակից ըմբիշների թվից ավելի մեծ թվով չենք կարող մասնակցել Բաքվի մրցաշարին, իսկ աշխարհի առաջնությանը չենք կարող մասնակցել ավելի շատ մարզիկներով, քան եղել ենք եվրոպական ստուգատեսում։ Մասնակցության վերջնական որոշումը կկայացվի ֆեդերացիայի, ԿԳՄՍ նախարարության և ՀԱՕԿ-ի քննարկումներից հետո»,- հավելեց նա։