Որ հարթակում էլ այն կնքվի, տապալվելու վտանգներ ունի

Որ հարթակում էլ այն կնքվի, տապալվելու վտանգներ ունի

Արցախը հայաթափելուց, արցախցիներին տնավեր, բնավեր դարձնելուց հետո Ալիևը մտադիր է կրկին վերընտրվել Ադրբեջանի նախագահի պաշտոնում՝ հայտարարելով, որ փետրվարի 7-ին կայանալիք ընտրությունները «պատմական են, քանի որ առաջին անգամ տեղի են ունենում երկրի ամբողջ տարածքում» (նկատի ունի նաև օկուպացված Արցախը)։ Զուգահեռաբար, Բաքվի բռնապետը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ՝ հընթացս բոյկոտելով Հայ-ադրբեջանական խաղաղ բանակցային գործընթացը։

Այս և այլ թեմաների շուրջ զրուցել ենք քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ․
 
- Փետրվարի 7-ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են․ Իլհամ Ալիևը դրանք «պատմական է որակել՝ սեպտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո երկրի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո», նաև նշում, թե դրանք «հանրագումարի կբերեն իր 20-ամյա կառավարման արդյունքները»։ Ըստ ձեզ, այլ՝ դավադիր շարժառիթներ չկա՞ն։
 
- Ես երկու շարժառիթ եմ տեսնում, մեկն արտաքին, մյուսը` ներքին քաղաքական զարգացումների հետ է առնչվում: Առաջինը կապված է Հայաստանի հետ պայմանագրի կնքման խնդրի հետ: Ալիևը ենթարկվում է բավականին կոշտ ճնշումների Մոսկվայից և Արևմուտքից: Ռուսական կողմը խստորեն պահանջում է պայմանագիրը կնքել իրենց հովանու տակ, ՌԴ տարածաշրջանային շահերի համահունչ: Բրյուսել-Վաշինգտոն տանդեմն էլ նույնատիպ պահանջներ ունի իր ռազմավարական պլաններին համապատասխան: Այս իրավիճակում Ալիևը դեռ վերջնական չի կողմնորոշվել, աշխատում է աշխարհաքաղաքական սխալ թույլ չտալ, հաղթանակի արդյունքները չփոշիացնելու համար: Բնականաբար արտահերթ ընտրությունները շատ հարմար առիթ են խուսանավելու և պայմանագրի կնքումը հետաձգելու համար: Ներքաղաքական գործոնը պայմանավորված է Ալիևի ավտորիտար-բռնապետետական ռեժիմի արևմտյան քննադատներին հակահարված տալու հետ: Գաղտնիք չէ, որ 44-օյա պատերազմում հաղթանակի և Արցախի զավթումը, երկրի տարածքային ամբողջականության վերականգնման քարոզչական էյֆորիայի ազդեցության տակ Հեյդարիչի վարկանիշը երկրում մոտենում է 90 և ավելի տոկոսի: Այսպիսի իրադրությունը շատ հարմար է ընտրությունների անցկացման համար, երբ առանց ճնշումների և սահմանափակումների կարելի է հաղթել և հաստատապես կրել արդար ընտրություններով լեգիտիմ ղեկավարի դափնեպսակը: Այն ավելի կամրապնդի և կուժեղացնի նրա դիրքերը որպես պետության ընտրված և լեգիտիմ ղեկավարի:
 
- Քարոզարշավին ընդառաջ Բաքվի բռնապետը կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել մեր երկրին, սպառնալիքներ հնչեցրել՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, «ադրբեջանական քաղաքներ անվանել Երևանն ու Ջերմուկը», հայտարարել Երևանի կողմից 8 գյուղի վերադարձի պահանջի մասին։ Ոճրագործի երախը չեն կարողանում փակել նույնիսկ միջազգային խաղացողները, մինչդեռ ՀՀ իշխանությունները շարունակում են խոսել Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ու հաշտության նպատակի մասին։ Ի՞նչ գնահատական կտաք սրան։
 
-Տարածքային պահանջներն ու սպառնալիքները նոր չեն, դրանք սկսվել են 2003 թ.-ից, երբ Հեյդար Ալիևի մահից հետո նա եկավ իշխանության: 20 տարի է արդեն, որ նա պահանջում է նախկին անկլավները: Իհարկե, Զանգեզուրի միջանցքի խոսույթը, առաջին պլան եկավ 2020թ. պատերազմից հետո, բայց մեծ հաշվով պանթուրքիզմի՝ թուրքախոս երկրների միավորման և ինտեգրացման համար ցամաքային կապի հաստատումը Ադրբեջանի հետ, միշտ էլ եղել է: Միջազգային դերակատարների և ուժային կենտրոնների համար առաջնայինը ոչ թե ՀՀ տարածքային ամբողջականությունն է, այլ այդ կարևոր ստրատեգիական ճանապարհի վերահսկողության մենաշնորհը: Դրա համար էլ, նրանք երկակի խաղ են տանում, և հստակ քաղաքական դիրքորոշում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում և ոչ էլ Վաշինգտոնում չեն արտահայտում, հիմնականում հայտարարություններ, կոչեր, որոշումներ և բանաձևեր են ընդունում, առանց գործնական քայլերի:
 
- Հայաստանում գտնվող ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հրաժարվեց մեկնել Բաքու՝ նշելով, որ Ադրբեջանում ընտրություններ են նախանշված և որ առայժմ պետք է սպասել դրանց ավարտին։ ՀՀ իշխանական շրջանակներից էլ հայտարարեցին, թե նույն ընտրություններով պայմանավորված՝ դժվար թե բանակցային որևէ փուլ կայանա։ Դու՞ք ինչ եք կանխատեսում։
 
 - Բանակցություններն ըստ իս տապալված են: Ինչու են տապալված հարցի լիարժեք պատասխանը կարելի էր տալ, եթե բանակցային գործընթացը գաղտնազերծվեր և հրապարակային դառնար: 7-ից 8 անգամ կողմերը իրար են փոխանցել պայմանագրի նախագծերի իրենց առաջարկություններն ու ձևակերպումները, էլեկտրոնային դիվանագիտության զարգացման գործում մեծ ավանդ ներդնելով: Իհարկե կարելի է կանխատեսել, որ հիմնական խոչընդոտներն են միջանցքի, սահմանագծման և սահմանազատման, և փախստականների վերադարձի խնդիրները, որոնք լուծում չեն ստանում:
 
- Ակնհայտաբար Ադրբեջանը բոյկոտում է ՀՀ-ի հետ բոլոր բանակցային ֆորմատները՝ խաղը տեղափոխելով Երևանի հետ այսպես կոչված դեմ առ դեմ երկխոսության տիրույթ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ խոստովանեց, որ Բաքուն հրաժարվում է գոյություն ունեցող հարթակներից։ Ի՞նչ է սա նշանակում և որքանո՞վ է վտանգավոր այս միտումը։
 
- Երկկողմանի բանակցություններն ունեն իրենց դրական և բացասական կողմերը: Դրականն այն է, որ երկկողմանի բանակցությունները ավելի շատ հաջողելու շանս ունեն: Միջնորդական առաքելությունների մասնակիցները միշտ և ամենուր հակամարտությունների կարգավորման մեջ իրենց շահն են հետապնդում, որի հետևանքով միջնորդությունը հաճախ վերածվում է խառնակչության և անդրկուլիսյան խարդավանքների: Վառ օրինակը Մինսկի խմբի ֆիասկոն էր, որի համանախագահների վրա է մնում Արցախի կործանման խարանը: Մոնղոլա-թաթարական և բոլոր հետագա տիրապետությունների ժամանակ Արցախը հայաբնակ էր և հայաթափվեց երբ միջնորդական առաքելություն իրականացնող ժողովրդավարությունները սկսեցին գործել: Բացասականն այն է, որ երկկողմանի բանակցություններում ձեռք բերված պայմանագրերը միջազգային երաշխիքներ չեն ունենում; Եթե նկատի ունենանք Ալիևի քաղաքական վարքագիծը, այստեղ որոշակի վտանգներ կան: Չկան հստակ երաշխիքներ, որ պայմանագիրը կնքվելուց հետո կարող է հստակորեն իրագործվել:
 
- Ադրբեջանը պատրաստ է ՌԴ տարածքում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն Երևանի դիրքորոշումը մնում է անորոշ։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ հընթացս մեղադրելով արևմտյան խաղացողներին և ակնարկելով նրանց նկատմամբ ՀՀ իշխանությունների համակրանքի մասին։ Ի վերջո, ո՞վ ավելի ուժեղ լծակներ ունի՝ ազդելու հայ-ադրբեջանական համապարփակ բանակցային գործընթացի վրա։
 
 - Միանշանակ կարծիք հայտնել այս հարցի մասին շատ դժվար է, որ հարթակում էլ որ այն կնքվի, տապալվելու որոշակի վտանգներ ունի: Իմ կարծիքով այս պահին ավելի շատ շանսեր ունի Մոսկվայի հարթակը, որովհետև Ալիևը և Պուտինը, միասնական հակաարևմտյան դիրքորոշում ունեն և Ալիևը հրաժարվում է մեկնել Բրյուսել կամ Վաշինգտոն:
 
- Վերջին տվյալներով Ադրբեջանի նախագահական ընտրությունների ընթացքին կհետևեն ՌԴ Պետդումայի ներկայացուցիչները, ԱՊՀ դիտորդները։ Հայտնի է նաև, որ Եվրախորհրդարանը դիտորդներ չի գործուղի Բաքու, իսկ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը հայտարարել է ընտրությունների բոլոր ասպեկտները ուշադիր հետևելու մտադրության մասին՝ չբացառելով մշտադիտարկումը նաև Արցախի օկուպացված տարածքներում։ Ստացվում է, Մոսկվան ավելի՞ է շահագրգռված Ալիևի վերընտրությամբ
 
- ՌԴ արտաքին քաղաքականության գերխնդիրը ազդեցության վերականգնումն է ողջ հետխորհրդային տարածքում: Ադրբեջանը բացառություն չէ: Այս ընտրություններում Ալիևին աջակցելով կրեմլյան ստրատեգները նպատակ ունեն օգտագործել նրա դժգոհությունը Արևմուտքից և ամբողջությամբ քաշել իրենց կողմը: Շահագրգռվածությունը սրանումն է: Բայց պատմության ընթացքում ռուս-թուրքական մերձեցումը միշտ էլ եղել է իրավիճակային և ժամանակավոր, այն հարուստ է վերելքի ու վայրէջքի փուլերով, այս մեկն էլ բացառություն չէ: Ուկրաինական պատերազմի ելքից է կախված Հարավային Կովկասում նոր ուժային հարաբերակցության հաստատումը: