Վիրահատությունը՝ որպես ուղիղ ճանապարհ
«Հավաքվում ենք հանուն ժողովրդի իշխանության եւ օրինականության»: Սա Փաշինյանի վերջին եւ ամենաթարմ ստերից է: Ճիշտն այն է, որ նա իշխանական հանրահավաք է հրավիրում հանուն ԻՐ անձնիշխանության եւ հետագա ապօրինությունների: Սա արդեն հակաընդդիմադիր երկրորդ հանրահավաքն էր, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է լուծել մեկ հարց՝ ցույց տալ, որ ժողովուրդն իր հետ է: Իսկ մենք գիտենք, որ չեղած բանը ցուցադրելը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ աճպարարություն, եթե ոչ՝ ստի շուրջ իրականության պատրանք ստեղծելու հնարք:
Քաղաքագետներն այս դեպքում երեւի այլ բառեր կօգտագործեին, բայց ինչ բնորոշում էլ տան Փաշինյանի «հակացույցերին», միեւնույն է, այդ ցույցերը վկայում են, որ իշխանությունը երերում է եւ կփլուզվի առաջին իսկ ուժեղ քամուց: Ի՞նչ է նշանակում՝ ժողովրդին հրավիրել քո ղեկավարած երկրում «հանուն ժողովրդի իշխանության եւ օրինականության» բողոքի ցույցի: Դու վարչապետի աթոռին նստած՝ այդ ի՞նչ է պատահել ժողովրդի իշխանությանն ու օրինականությանը: Ես այսպես կմեկնաբանեի իրավիճակը. Փաշինյանը, քանի որ 3 տարի շարունակ յուրացրել է ժողովրդի իշխանությունը եւ ժողովրդի վզին սեփական օրենքները փաթաթել, այսօր, երբ իր անճարակության պատճառով խայտառակվել է կյանքի բոլոր ուղղություններում, հավար է դրել ժողովրդին, թե՝ հասեք, ձեր իշխանությունն ու օրինականությունը ձեռքից գնում են: Ես հիմա ի՞նչ անեմ, ով անմեղսունակ, հանրահավաքի հրավիրող քո աղիողորմ թախանձանքների՞ն նայեմ, թե՞ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին ու նրա առաջին տեղակալին աշխատանքից ազատելու ապօրինի հրամաններին, հանուն ժողովրդի «մատաղվելու պատրաստ» կերպարի՞դ նայեմ, թե՞ քեզ չընդունող երիտասարդին ուղղված սպառնալիքներիդ:
Դու, ախր, ինչպե՞ս կարող ես բոլորի վարչապետը լինել, եթե արդեն չկա Արցախի Հանրապետությունը, որ մատաղեցիր Ալիեւի ոտքերի տակ, դու ինչպե՞ս կարող ես իմ վարչապետը լինել, եթե տարել ու ռազմի դաշտում իմ հազարավոր հայրենակիցների գլուխն ես կերել, հաշմել հազարների, գերի տվել, անհետ կորցրել օտար անապատներում: Դու մա՞րդ ես, որ ես էլ գամ քո հանրահավաքին: Հակառակ քեզ ապրում ես ու մի բան էլ հանրահավաք անում, որ քեզ պաշտպանեն:
Պաշտպանողներ եղան, իհարկե, գուցե վաղն էլ լինեն, բայց մի՞թե անգրագետ պողոսների այդ բազմությամբ ես պահելու քո իշխանությունը: Քանի՞ օր կտեւի, եւ, որ շատ կարեւոր է, ի՞նչ կարժենա մեր երկրի համար այդպես պահվող իշխանությունը: Պատերազմից հետո գեթ մեկ օր այս կառավարությունը չի աշխատել, գեթ մեկ խնդիր չի լուծել, մեկ քայլ առաջ չի արել: Բա չե՞ք ասի՝ Նիկոլն իրեն պարտված չի համարում: Իսկ որեւէ մեկին հայտնի՞ է, թե Նիկոլն իրեն ինչ է համարում: Գուցե հաղթե՞լ է պատերազմում, գուցե ավելի՞ կհաղթեր, եթե մեր «անպետք» բանակն ու «վախկոտ» ժողովուրդն իր չափ քաջություն դրսեւորեին: Թե բա՝ ես մեղավոր չեմ, ես պատասխանատու եմ: Դու երբեւէ որեւէ բանի համար պատասխանատվություն կրե՞լ ես:
Նիկոլն ու պատասխանատվությունը, ախր, հակոտնյա երեւույթներ են: Իսկ եթե շատ ես ուզում պատասխան տալ, խնդրեմ՝ պատասխան տուր Ալիեւին, պատասխան տուր ռուսներին, պատասխան տուր ամբողջ աշխարհին, որ Լոս Անջելեսից մինչեւ Փարիզ, Փարիզից մինչեւ Պեկին քո ապուշություններին են վերագրում այս մեծ խայտառակությունը: Խնդրեմ, պատասխան տուր ՀՀ քաղաքացուն, ԱՀ քաղաքացուն, Սփյուռքին, եթե կարող ես, բացատրիր, թե ինչու 44 օր շարունակ ստեցիր, իսկ 45-րդ օրը մեր ժողովրդի թիկունքում ստորագրեցիր մի խայտառակ թուղթ՝ շան մսի գնով ծախելով մի ողջ երկիր ու հազարավոր կյանքեր:
Ես Նիկոլի հետ այլեւս որեւէ խնդիր չունեմ: Իմ խնդիրը նրա համար պաշտոնանկության հումանիստական միջանցքներ որոնողների հետ է: Պարոնայք եւ տիկնայք ընդդիմադիրներ, պարոնայք Արմեն Սարգսյան, Օնիկ Գասպարյան, ոստիկանապետ, ԱԱԾ տնօրեն եւ մյուսներ, ես խնդրում եմ ձեզ՝ իմ փոխարեն չորոշել, թե ինչպես ու ինչ ճանապարհով է Նիկոլ Փաշինյանը հեռացվելու իշխանությունից: Ի՞նչ հումանիտար միջանցքի մասին է խոսքը, եթե նա հումանիտար աղետի է ենթարկել մի ողջ ժողովուրդ ու պետություն, մի ամբողջ բանակ, որ այդ պետության ու ժողովրդի լինելության միակ հույսն ու ապավենն էր: Վիրահատական միջոցառումներ՝ սա է իմ պահանջը, եթե, իհարկե, այն ձեզ հետաքրքիր է:
Կարծիքներ