Ես ամեն օր էդ ճանապարհով գնում եմ գալիս, ի՞նչն ա անվտանգ

Ես ամեն օր էդ ճանապարհով գնում եմ գալիս, ի՞նչն ա անվտանգ

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին չի մասնակցելու, լինելու է իր աշխատավայրում, ավելին՝ վարչապետի խորհրդականն է գալու, որ միասին գնան գյուղերից մեկը՝ բնակիչների հետ հանդիպման։ Ու քանի որ մարզպետը հանրահավաքին չէր մասնակցելու, նրան մի քանի հարց ուղղեցինք Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված։

- Պարոն Պողոսյան, ճանապարհների խնդիրն ինչպե՞ս է լուծվելու, հիմա անվտա՞նգ է Սյունիքով երթեւեկելը։

- Ո՞վ ա ասել՝ անվտանգ ա։ Ես ամեն օր էդ ճանապարհով գնում եմ գալիս, ի՞նչն ա անվտանգ։

- Անվտա՞նգ, թե՞ վտանգավոր։

- Չէ, անվտանգ բան չկա։ Ամեն ծառայություն իր պարտականությունը կատարում է։

- Անվտա՞նգ բան չկա, թե՞ վտանգավոր բան։

- Վտանգավոր կարող ա լինի, ասենք՝ լյուբոյ տեղ․ սահման ա սա, կարա՞նք գիդաս՝ հակառակորդը ինչ ա մտածում։ Վտանգավոր կարող ա լինի, բայց ամեն օր մենք էստեղով գնում ենք գալիս՝ էս երեք-չորս ամիս ա, ես վտանգ չեմ տեսել։ Ինչ որ իմ աչքը տեսնում ա, ես դրա մասին եմ խոսում։

- Ուղղակի այդ 4 կմ հատվածը, որ ԱԱԾ սահմանապահներն ասում են՝ արագ քշեք, չկանգնեք, հիմա այդ 4 կմ-ի վրա որ որեւէ դեպք լինի, ո՞վ է գալու զբաղվի այդ մարդկանց հարցերով, օրինակ՝ մեքենայի անիվը պայթի, վթար լինի, ճանապարհից դուրս գա, ընկնի Ադրբեջանի տարածք․․․ Այդ հարցերն ինչպե՞ս եք կարգավորելու։

- Էդ ե՞ս պիտի կարգավորեմ։

- Բա ո՞վ պիտի կարգավորի, մարզում իշխանությունը Դուք եք։

 - Ով հանձնաժողովի անդամ ա, էդ հարցը նրան տուր։

- Ո՞ր հանձնաժողովի։

- Որը, ասենք, սահման են գծել, Ազգային անվտանգությունն ա, սահմանապահ զորքերն ա, ուժային կառույցներն ա, ռուսական հրամանատարության հետ, որ համատեղ հանձնաժողով կա, չէ՞, իրանք են էդ հարցերը կանոնակարգում։ Բայց դե, ես երեք ամիս ա՝ գնում եմ գալիս, էնտեղ խնդիր չկա։

- Պարզապես սյունեցիները դժգոհում են, որ ո՛չ մարզպետն է խառնվում իրենց խնդիրներին, ո՛չ ուրիշ պաշտոնյա, գյուղապետերն իրենք են փորձում ինքնուրույն բանակցել ադրբեջանցիների հետ, պետական իշխանությունից մարդ չկա, որ գա այդ հարցերով զբաղվի։

- Բա Սյունիքի պաշտպանությունն ո՞վ ա կազմակերպել, 2 հազար 500 հոգի ո՞վ ա հանել անցել պաշտպանության, էդ նույն մարզպե՞տը չի արել։

- Ես գիտեմ, որ Սյունիքի պաշտպանությունը մինչեւ հիմա աշխարհազորայիններն են ապահովում։

- Բա ես, որ եկել եմ Ջաբրայիլից, անցել էստեղ Սյունիքի պաշտպանության, ո՞վ ա էդքանը կազմակերպել։ Եթե դու տեղյակ ես՝ մեր երկրում ինչ ա կատարվել, էդ նույն մարզպետն եմ ես, Սյունիքի երկրապահի նախագահն եմ եղել, լրիվ կազմակերպչական հարցերը ես եմ լուծել, ե՛ւ ինժեներականը, ե՛ւ պաշտպանությունը։

- Նկատի ունեմ՝ կռիվներից հետո, երբ ադրբեջանցիները եկել սկսել են դեմարկացիա անել, սահման գծել․․․

- Դրանից հետո հանձնաժողով ա ձեւավորվել, հանձնաժողովն ա զբաղվում։

- Այդ հանձնաժողո՞վը պիտի որոշի, որ թուրքը գալիս մտնում է Խնձորեսկ, Կապանում է դիրքերն առաջ տալիս, եւ գյուղացիներն իրենք են փորձում բանակցել։

- Տենց բան չկա, հրամանատարությունը, բանակը իրանց խնդիրը կատարում են։

- Մի խոսքով՝ ոչ մի խնդիր չկա հիմա Սյունիքում, նորմալ է ամեն ինչ։

- Նորմալ ա։