Հնարավոր է ավելի մեծ բիզնես դառնա, երբ պետությունը պահպանի իր ժառանգությունը

Հնարավոր է ավելի մեծ բիզնես դառնա, երբ պետությունը պահպանի իր ժառանգությունը

Թվում է՝ հետհեղափոխական Հայաստանում ոչ մի հուշարձան այլեւս չպետք է քանդվեր, գոնե ժամանակին այդպես արտահայտվեցին Երեւանի գլխավոր ճարտարապետն ու ՀՀ վարչապետը, բայց Արամի 23-ից հետո Ֆիրդուսի 33-րդ թաղամասի օրինակն ապացուցելու եկավ, որ չկա հին ու նոր ռեժիմ, կա կառուցապատողի շահ, որը վեր է հանրային շահից եւ տեղի հիշողությունից: 

Դեռ 2018թ․ մարտի 22-ին ՀՀ կառավարության N 332-Ն որոշմամբ «Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ»: Որոշման համաձայն՝ նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երեւանի կենտրոնից «կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին եւ խարխուլ շինություններով»: Ինչը պրակտիկ կիրառում ստացավ օրեր առաջ, երբ սկսվեցին 19-րդ դարին թվագրվող աղյուսե շինության քանդման աշխատանքները, եւ միայն հասարակական դժգոհության ալիքի ներգործությամբ այդ աշխատանքները դադարեցվեցին:

ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը նշում է, որ տվյալ տարածքը ներառված է եղել հուշարձանների պահպանական գոտիների համակարգում, ինչը ենթադրում է, որ որեւէ շինարարական կամ քանդման աշխատանք այնտեղ չէր կարող կատարվել։ 

«Հանրապետության 6 եւ 11 հասցեների շենքերը, որ քանդվեցին, դրանց առնչությամբ դեռեւս 1-2 տարի առաջ հանձնարարականով սկսել էինք գործընթաց, որպեսզի դրանք հաշվառվեն, եւ, համաձայն օրենքի, պետական հաշվառման վերցված որեւէ շինության հետ, հայտնաբերման պահից սկսած, անթույլատրելի է որեւէ գործողություն կատարելը եւ հատկապես՝ քանդելը: Ավելին` բոլոր համապատասխան մարմինները տեղյակ են եղել, որ այդ շենքերը մենք վերցրել ենք հաշվառման, եւ քանի որ համապատասխան գիտահետազոտական ՊՈԱԿ-ը ներկայացրել էր թերի փաստաթղթեր, փորձագիտական հանձնաժողովը (6 կողմ, 1 ձեռնպահ եւ 4 դեմ ձայներով) համարել է, որ այն ունի արժեք, բայց, որպեսզի ցուցակում ընդգրկվի եւ որպես քաղաքաշինական հուշարձան դիտարկվի, պահանջված հատակագծային վկայագրերը չկային, մենք վերադարձրինք՝ մասնագիտական ուսումնասիրությունները շարունակելու: Մինչդեռ տիկին Նարինե Խաչատուրյանը հայտարարեց, որ Աբրոյանը թերացել է եւ հանձնարարական չի տվել»,-ասում է Աբրոյանն ու անդրադառնալով այն փաստարկներին, որ տվյալ շինություններն անձնագրեր չունեին, ընդգծում է, որ բոլոր հուշարձաններն ունեն վկայագրեր (անձնագիրը սովետական տարիներին էր), ինչի մասին եւ հատկապես այն մասին, որ դրանք հաշվառման տակ են, տեղեկացրել են ե՛ւ ԿԳՄՍ նախարարին, ե՛ւ Քաղաքաշինության պետական կոմիտեին, ե՛ւ շրջակա միջավայրի նախարարին, ե՛ւ Պետական վերահսկողության ծառայությանը:  

Վերոնշյալ եւ մի շարք այլ խնդիրների հետ կապված՝ Աբրոյանը դիմել է ՀՀ դատախազություն, բայց դատախազությունից հորդորել են դիմել ոստիկանությանը, ինչն էլ պատրաստվում է առաջիկայում անել: 

Նախօրեին` Ֆիրդուսի հարցով ավագանու արտահերթ նիստի ժամանակ, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը մի ռեպլիկ արեց, որից հետո սոցցանցերում սկսեցին քննարկել անգամ նրա հրաժարականի հարցը։ «Ասում եք՝ սա քաղաքաշինություն չէ, սա բիզնես է։ Կներեք՝ բիզնեսն ու քաղաքաշինությունը նույն բանն են, չկա բիզնես առանց քաղաքաշինության, եւ չկա քաղաքաշինություն առանց բիզնեսի»,- ասել էր Մեսչյանը, ինչը նշանակում է, որ հանրությունը մնացել է մենակ, եւ այս դեպքում թե՛ քաղաքապետարանը, թե՛ կառավարությունը եւ թե՛ նախարարությունը հանդես են գալու կառուցապատողի շահերը պաշտպանելու դիրքերից եւ ո՛չ քաղաքացու։ «Ինձ համար քաղաքաշինության մեջ բիզնեսի տարրեր կան, բայց բիզնես՝ չէ: Ընդ որում, գերակա է պատմական միջավայրի պահպանությունը, ինչը հնարավոր է ավելի մեծ բիզնես եւ ներդրումային դաշտ ունենա, երբ պետությունը պահպանում է իր ժառանգությունը»,- նկատում է Աբրոյանը: 

Քանի որ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագրի իրականացման աշխատանքային խմբում ընդգրկված է նաեւ Նարեկ Սարգսյանը, ով հանդիսանում է Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագրի գլխավոր ճարտարապետը, սա արդյոք չի՞ նշանակում, որ մինչ օրս Նարեկ Սարգսյանը շարունակում է գործուն դերակատարում ունենալ քաղաքաշինության ոլորտում, ինչին ի պատասխան՝ Աբրոյանն ասաց. «Ես կարծում եմ, որ ունի, ինչպես ցանկացած նախագծի հեղինակ»:

Այն, որ փոխվարչապետի գրասենյակի եւ աշխատանքային խմբի ղեկավար Վարագ Սիսեռյանը վստահեցնում է, որ Ֆիրդուսի աղյուսաշեն շենքի քարերը կհամարակալվեն եւ կպահպանվեն, Արմեն Աբրոյանը, վկայակոչելով նախորդ հուշարձանների տխուր փորձը, իրատեսական չի համարում. «Ես կհավատայի, որ դա հնարավոր է, եթե գոնե տեսնեի Աֆրիկյանների կամ մյուս քանդված շենքերը ոնց են վերականգնվում, եւ ոնց են դրանք քանդողները պատասխան տալիս: Ընդհանրապես, քանդելը, ինչ նպատակով էլ որ լինի, օրենքով է արգելված, այսինքն՝ տեղափոխելը եւս օրենքով արգելված է: Հետո․ եթե անգամ շատ էլ ուզենք, չենք կարող դա անել, որովհետեւ այդ մասնագետները չունենք»:   

Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտեն երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որին միացել են մի շարք կառույցներ, ՀԿ-ներ եւ անհատներ․ հեղինակներն իրենց անհանգստությունն են հայտնում մասնավորապես «խայտառակ պատմություն ունեցող եւ սնանկ ճանաչված «Գլենդեյլ Հիլզ» ընկերության տնօրեն եւ բաժնետեր Էդուարդ Մելիքյանի՝ որպես Ֆիրդուսի թաղամասի իրացման եւ կառավարության կողմից հաստատված խմբում ներդրողների հետ աշխատանքի պատասխանատու ներգրավվելու կապակցությամբ։ Կասկած է հարուցում այն փաստը, որ պարոն Մելիքյանը միաժամանակ հանդիսանում է «Դիանար» ՓԲԸ բաժնետեր, որը կառուցապատում իրականացնող գրեթե բոլոր ընկերությունների հիմնադիրն է:

Ինչպես նաեւ` ճարտարապետ Նարեկ Սարգսյանի՝ նախագծի գլխավոր ճարտարապետի ընտրության եւ կառավարության կողմից հաստատված խմբի կազմում ներգրավվածության կապակցությամբ՝ հաշվի առնելով այն փաստը, որ նրա կողմից մշակված նախագծի հայեցակարգը հավանություն է ստացել նախորդ իշխանություններից, երբ նա ակնհայտորեն շահերի բախման վիճակում էր՝ տարիներ շարունակ զբաղեցնելով ՀՀ կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոններ։ Այն կապակցությամբ, որ քաղաքաշինական փաստաթղթերի ամբողջական փաթեթի, մասնավորապես՝ նախագծի եւ համապատասխան թույլտվությունների բացակայության պայմաններում բարձրաստիճան պաշտոնյաները կանաչ լույս են տվել, եւ գործընթացն ագրեսիվորեն առաջ է մղվում»: