«Մեր լուսանկարները պիտի լինեն կայքում»․ ՔՊ-ի պահանջը՝ համայնքապետին․ կայքի մասնագետներին զրկեցին պարգևավճարներից

«Մեր լուսանկարները պիտի լինեն կայքում»․ ՔՊ-ի պահանջը՝ համայնքապետին․ կայքի մասնագետներին զրկեցին պարգևավճարներից

Այսօր կայացավ Գյումրու ավագանու հերթական նիստը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որ օրեր առաջ խզեց «Բալասանյան դաշինքի» հետ հուշագիրը, ի տարբերություն նախորդ նիստերի՝ այս նիստին ներկա էր ողջ կազմով։ Ինչպես երևաց, մարտական էին տրամադրված, քաղաքապետի նկատմամբ էլ պահանջատիրական ։

Հարցերից մեկի քննարկման ընթացքում ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությանը դիմելով քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին՝ պահանջեց ․«Գումարների ծախսման եւ ամբողջ շրջանառության հետ կապված ավագանին պետք է ծանոթ լինի, դուք էլ հաշվետվություն պիտի ներկայացնեք» ։

Ավագանու ՔՊ-ական անդամներից մեկն էլ ֆինանսական բաժնի պետից խնայողությունների հետ կապված զեկույց խնդրեց։

«Տիկին Ջիլավյան, այդ սկզբունքով չե՞նք աշխատել մինչև հիմա»,- քաղաքապետի խորհրդականին դիմելով՝ հռետորական հարցրեց Սամսոնյանը՝ փորձելով, այնուամենայնիվ, հանգստություն պահպանել։ 

ՔՊ-ի կողմից բարձրացվեց նաև Գյումրու քաղաքապետարանի կայքի հարցը։ Խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը կայքի թարմացում պահանջեց։ Ըստ նրա՝ կայքում ավագանիների ինքնակենսագրականները պատշաճ ներկայացված չեն ․«Մեր լուսանկարները պիտի լինեն, որ մեր ընտրողը մտնի, կարողանա մանրամասն ծանոթանա մեր գործունեության հետ»,-ասաց նա ։

Քաղաքապետ Սամսոնյանն այստեղ էլ զիջեց, նշեց, թե կայքի թարմացման հետ կապված վաղուց են դիմել, բայց չգիտես ինչու՝ ձգձգվում է, հետո դիմելով Լևոնին՝ պահանջեց․
-Լևոն, արագացրեք․․․․

«Զարթոնք» խմբակցության ավագանու ղեկավար Վարդևան Հակոբյանն էլ առաջարկեց կայքով զբաղվող մասնագետներին զրկել պարգևավճարներից ՝ թերանալու համար ։ «Զրկեցինք․․․․»,-կրկին ընկրկեց Սամսոնյանը ։

Նշենք, որ Գյումրիում կատարվող քաղաքական իրադարձություններին, ստեղծված ճգնաժամին, թերևս միայն «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն անդրադարձավ՝ ասելով, որ իրենք եւ ՀՀԿ-ն նախաձեռնել են ստորագրահավաք, որպեսզի առաջիկայում հանրային լսումներ հրավիրվեն, գյումրեցիները մասնակցեն եւ քննարկեն կատարվածը, քանի որ ունեն իրավունք հստակ հասկանալու, թե ինչու «Քաղաքացիական պայմանագիր»-ը միակողմանիորեն խզեց «Բալասանյան դաշինքի» հետ հուշագիրը։ «Չնայած երկու կողմն էլ՝ ՔՊ-ն եւ «Բալասանյան դաշինքը» հանդես եկան հայտարարությամբ, բայց շատ հարցեր անհասկանալի մնացին »,-ասաց Մալխասյանը՝ ընդգծելով, որ, սակայն, իրենց այս պահին չի հաջողվել հավաքել 11 ստորագրություն, որով կարող են հանրային լսում պահանջել։ 

«Զարթոնք» խմբակցության ավագանու ղեկավար Վարդևան Հակոբյանն էլ փորձեց բացատրել, թե ինչու չի միացել ստորագրահավաքին․ «Ես մի անգամ ասացի՝ պաշտոնը ժամանակավոր է, ու իմ ասածները լինում են, մեր գյումրեցիները շատ լավ տեսնում ու զգում են, թե ինչ է կատարվում, պետք չէ խաբել նրանց» ։