Նիկոլ Փաշինյանի շնորհիվ նրա խորհրդականն իրեն պահում է ազերի զինվորների նման

Նիկոլ Փաշինյանի շնորհիվ նրա խորհրդականն իրեն պահում է ազերի զինվորների նման

2020 թվականի կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ պաշտոնյաների է գործուղել Սյունիք, որոնք, սակայն, ի տարբերություն ներպետական կամ արտասահմանյան այլ գործուղումների, հաշվետվություն չեն ներկայացնելու: Այս անտրամաբանական որոշումների մասին կառավարությունից բան չասացին, ու հիմա նորից անտրամաբանական որոշում ու էլի Սյունիքի մասին:

Նիկոլ Փաշինյանը հունվարի 21-ի 48-Ա որոշմամբ Սյունիք է գործուղել իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին: Ղուկասյանը Սյունիքում պիտի լիներ հունվարի 21-ից մինչեւ փետրվարի 15-ը՝ «աշխատանքային հանդիպումներ ունենալու» ընդհանուր ու ոչինչ չասող նպատակով: Պարզվում է՝ գրեթե մեկ ամիսը Ռոբերտ Ղուկասյանին քիչ է: 2021 թվականի փետրվարի 16-ի N 132-Ա որոշմամբ Ռոբերտ Ղուկասյանի գործուղումը երկարացվել է մեկ ամսով․ փետրվարի 23-ի փոխարեն՝ մարտի 23: Մարտի 11-ի N 238-Ա որոշմամբ Ռոբերտ Ղուկասյանին տրվել է եւս մեկ ամիս․ մարտի 23-ի փոխարեն՝ ապրիլի 23: Ապրիլի 16-ի N 392-Ա որոշմամբ Ռոբերտ Ղուկասյանին տրվել է եւս մեկ ամիս․ ապրիլի 23-ի փոխարեն՝ մայիսի 24: Եվ ահա նոր որոշում. մայիսի 20-ի 549-Ա որոշմամբ Ռոբերտ Ղուկասյանին տրվել է եւս մեկ ամիս՝ մինչեւ հունիսի 24-ը:

Փաստորեն, Ռոբերտ Ղուկասյանը Սյունիքում է մնալու հինգ ամիս: Նման երկար գործուղում չեմ հիշում: Ու չի ասվում, թե ում հետ է հանդիպում Ռոբերտ Ղուկասյանը, այդ ինչ աշխատանքային հանդիպումներ են, որ չեն ավարտվում արդեն հինգ ամիս: 

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սյունիք գնացած նրա խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն իրեն պահում է ազերի զինվորների նման. Սյունիքից հեռանալ չի ուզում: Ու սա՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ: Մեզ համար ողբերգություն է, որ կառավարությունը չի ներկայացնում ո՛չ սյունիքյան երկարատեւ գործուղման հստակ նպատակը, ո՛չ արձանագրված արդյունքները:

Արեգ Մարգարյան