Թեժ բախումներ՝ ԱՄՆ-ի և սիրիական բանակի միջև

Թեժ բախումներ՝ ԱՄՆ-ի և սիրիական բանակի միջև

Անցած գիշեր թեժ բախումներ են տեղի ունեցել Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էզ Զոր նահանգում, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը:

«Կատաղի բախումներ են ընթանում մի կողմից ամերիկյան ուժերի և SDF-ի, մյուս կողմից` սիրիական բանակի և նրա դաշնակիցների միջև»,-հայտարարել է աղբյուրը:

Նշվում է, որ փոխհրաձգությունները կատաղի են եղել, առավոտյան կրակի ինտենսիվությունը նվազել է։ Կողմերը կիրառել են խոշոր տրամաչափի գնդացիրներ, ականանետային կայանքներ և հրետանային միջոցներ: Սիրիացի և ամերիկացի զինծառայողների շրջանում կորուստների մասին տեղեկություններ չկան:

Բախումները սկսվել են Եփրատ գետի շրջանում Դեյր Էզ Զորի արևելյան թաղամասերի վրա ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարձակումից հետո: Դրանց ամերիկյան կողմից մասնակցել են «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» քրդական կազմավորումները։

Կառավարական զորքերն ու նրանց աջակցող աշխարհազորայինները կրակ են բացել Եփրատի արևելյան ափին գտնվող թշնամու դիրքերի ուղղությամբ` ի պատասխան Իրանի ԻՀՊԿ-ի և դրա հետ կապված շիա խմբավորումների կողմից իբր օգտագործվող օբյեկտի վրա հրթիռային հարվածի: