Նորերի ժամանակը, որ պիտի գա

Նորերի ժամանակը, որ պիտի գա

Հայաստանում ինչու՞ իշխանափոխություն եղավ ղարաբաղյան շարժման երեսուներորդ տարում: Պատահական զուգադիպությու՞ն է, թե օրինաչափության հետ գործ ունենք, երբ մի դարաշրջան փակվում, սկսվու՞մ է նորը: Ժամանակն, ըստ երեւույթին, մարդիկ են: Անձամբ չեմ լսել, բայց շատերն են ասել, որ 1990-ին, երբ Հայաստանը հռչակում էր անկախ պետականության վերականգնման գործընթաց, Սփյուռքի առաջին հարցն էր. «Սահմանեն վախ չունի՞ք»: Այդ սահմանին այսօր, ասում են, թուրքական կործանիչները սպառնալի թռիչքներ են անում: Երբ երեսուն տարի առաջ գումարվեց Հայաստանի Գերագույն խորհուրդը, մենք ունեի՞նք գալիք փորձությունների գոնե մոտավոր պատկերացում: Չեմ կարող ասել: Քաղաքականությունը հրապարակային հայտարարություն չէ, խորհրդարանական բանավեճ եւ նույնիսկ բազմահազարանոց հանրահավաք չէ: Որոշումներն ընդունվում են փակ առանձնասենյակներում: Եւ ժողովրդի ու իշխանության միջեւ միշտ կա անջրպետ:

Երեսուն տարի առաջ այս օրը Շարժման, փողոցային-հանրահավաքային պայքարի սիրելիները Հայաստանում դարձան իշխանություն: Խորհրդային դարաշրջանը փակվեց: Հետագա երեսուն տարիները՝ մինչեւ 2018-ի ապրիլ, փոխակերպման շրջա՞ն էր: Անցումային փու՞լ: Ո՞րն է ձեռքբերումը: Ազատ Արցա՞խը: Հիշում եմ՝ ինչպես էր Գերագույն խորհուրդը կարկամել, երբ 1991-ի գարնանը խորհրդային բանակը պատժիչ սանձարձակություններ էր գործում Արցախում: Ոսկեպարում հայ միլիցիոներների դավադիր գնդակահարությունը, Գետաշենի կորուստը եւ Արցախում էլի քսանչորս գյուղերի բռնատեղահանումը  բավական էին, որպեսզի Հայաստանում կոմունիստական ռեստավրացիան դառնա գրեթե անխուսափելի մի բան: Հայաստանը հաղթահարեց մեծ փորձությունը: Պատերազմը, որով սպառնում էին, բացահայտեց մեր ինքնության նոր ֆենոմենը: Գրեթե երեք տասնամյակ անց նույն ուղղությամբ ադրբեջանական կողմը գնաց իրավիճակի սրացման: Ո՞րն է հաշվարկը՝ չենք կարող հավակնոտ պնդումներ անել: Անկախության դարաշրջանի արշալույսին երրորդ ուժը բացառվում էր: Նպատակ էր դրված հարեւանների հետ խնդիրները կարգավորել առանց միջնորդների: Չստացվեց եւ դեռ չի ստացվում:

Վաղը ստացվելու՞ է: Նորերի գերխնդիրը դա է: Կկարողանա՞ն Արցախի հարցը դուրս բերել աշխարհաքաղաքական աքցանից, Ադրբեջանի հետ դեմ առ դեմ բանակցություններում հասնել արժանապատիվ խաղաղության: 90-ականների սկզբին պատերազմի եւ խաղաղության այլընտրանք չկար: Ոչինչ չի փոխվել նաեւ երեսուն  տարի հետո՞: Նորերի պատասխանատվությունը կրկնակի-եռակի ծանր է: Փորձության սահմանները չեն փոխվել, որակն է այլ՝ ավելի վտանգավոր: Տավուշի ուղղությամբ մարտերը հիշեցու՞մ էին, որ թեեւ երեսուն տարվա անկախ պետություն՝ Հայաստանը դեռեւս անվտանգային միջավայրի հարց ունի: Պետական-արարողակարգային որեւէ միջոցառում՝ ի նշանավորումն անկախության դարաշրջանի երեսնամյակի, Հայաստանում, կարծես, նախատեսված չէ: Նորերն ստեղծում են իրենց ժամանակը: Իշխանափոխությունից երկու տարի հետո նրանք առաջին մեծ փորձությունն ունեցան: Բանակն արդարացրեց համազգային վստահությունը: Սկսված են անդրկուլիսյան «խարդավանքները»: Քաղաքական ի՞նչ շահաբաժին կկարողանան կորզել նորերը՝ դրանով է պայմանավորված Հայաստանի ապագան: Արցախի: Ընդհանրության մեջ՝ հայության: Երեսուն տարի առաջ հայ կոմունիստները կարողացան քաղաքական կոնյունկտուրայից վեր կանգնել: Իշխանափոխությունը տեղի ունեցավ Մոսկվա-Երեւան դիմակայությամբ, ոչ թե՝ հայի եւ հայերի: Նոր ժամանակը «Սարոյան եղբայրների՞» է: Բայց դա նորերի՞, թե հների՞ ժամանակն է: