Իրանը չի ուզում Հայաստանի պատճառով հակադրվել Ադրբեջանին եւ Թուրքիային

Իրանը չի ուզում Հայաստանի պատճառով հակադրվել Ադրբեջանին եւ Թուրքիային

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում նշել էր, որ Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան զորավարժություններն արկածախնդրություն են՝ վտանգով հղի։ Նմանատիպ տեսակետ է հայտնել նաեւ Իրանի ԱԳ նախարար Ամիր Հուսեյն Աբդոլլահեանը՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում։

Ասել է թե՝ Իրանը կոշտացրել է վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, քանի որ խոսքը վերաբերում է իրենց գլխավոր թշնամու՝ ԱՄՆ-ի հետ հայկական կողմի ռազմական գործակցությանը։ Ճիշտ է, Իրանի ղեկավարներն իրենց խոսքում վերահաստատել են, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության, բայց սա մխիթարական ու դիվանագիտական ժանրից է։

Այս համատեքստում, վերջին օրերին ակտիվացել են Իրան-Ադրբեջան շփումները։ Վերջին օրերին որոշ, այդ թվում՝ նաեւ իրանական ԶԼՄ-ներ ինտենսիվ տեղեկություններ են հայտնում Ադրբեջանի սահմաններին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանումների կուտակումների մասին, որոնք հայ-ադրբեջանական հակամարտության նոր սրացման դեպքում պատրաստ են ուժ կիրառել Զանգեզուրի միջանցքի ապաշրջափակումը կանխելու համար։ Այս կապակցությամբ վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում Թեհրանի եւ Բաքվի պաշտոնական ներկայացուցիչների միջեւ շփումների ակտիվացման վրա։ Մասնավորապես, գեներալ Մոհամմադ Ահադին, ով ղեկավարում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտպանական դիվանագիտության եւ միջազգային հարաբերությունների վարչությունը, օրեր առաջ այցելել է Ադրբեջանի մայրաքաղաք եւ կտրականապես հերքել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի կենտրոնացման մասին պնդումները։ Իսկ երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մուհամմեդ Հոսեյն Բաղերիի միջեւ, որի ժամանակ Իրանի ռազմական առաջնորդը, մասնավորապես, հայտարարել է. նման տեղեկատվություն տարածում են «երկու երկրների հարաբերությունները փչացնել փորձող ուժերը»։

Հիշեցնենք, որ Բաղերիի եւ Հասանովի հեռախոսազրույցից առաջ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում ասել էր. «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի»։ Ապա, անդրադառնալով Բաքվի եւ Երեւանի միջեւ լարվածությանը, ասել էր. «Մենք հավանություն չենք տալիս սահմանների որեւէ փոփոխության։ Բայց այն գործընթացը, որ մենք տեսնում ենք, ցույց է տալիս, որ կոնկրետ իրադարձություններ չեն լինելու»։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին տեղեկություն էր տարածել, ըստ որի՝ հայ պաշտոնյաները մտահոգություն են հայտնել ռազմական բախումների հնարավորության վերաբերյալ․ «Սակայն ադրբեջանցի պաշտոնյաները հասկացրին, որ իրենք մտադրություն չունեն բախման մեջ մտնելու Հայաստանի հետ»:

Բացի այդ, Իրանի ճանապարհների նախարար եւ ադրբեջանա-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մեհրդադ Բազրպաշը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հետ։ Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բազրպաշն ասել է, որ Թեհրանն աջակցում է Ադրբեջանի եւ տարածաշրջանի այլ երկրների տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ պատրաստ է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ նվազեցնելու լարվածությունը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի դեմ Իրանի հետ դաշինք ստեղծելու Հայաստանի փորձերին, ինչպես նաեւ Զանգեզուրի միջանցքի բացմանը Թեհրանի հակազդեցությանը, ապա դրանք հավասարակշռված են Իրանի ղեկավարության դիրքորոշմամբ, որտեղ նշվում է, որ Իրանը դեմ չէ տրանսպորտային կապի հաստատմանը՝ պայմանով, որ դա չի ասոցացվի սահմանների փոփոխության հետ։

Դատելով Թեհրանի քաղաքականության մեջ վերջերս նկատվող փոփոխություններից՝ Իսլամական Հանրապետությունը չի ցանկանում Հայաստանի պատճառով էլ ավելի բարդացնել իր հարաբերություններն Ադրբեջանի եւ հատկապես Թուրքիայի հետ, նաեւ՝ Արեւմուտքի հետ Երեւանի մերձեցման ֆոնին փորձում է հավասարակշռված դիրք գրավել։
Ամփոփելով ռազմական, դիվանագիտական եւ միջկառավարական մակարդակներով իրանա-ադրբեջանական շփումների արդյունքները՝ կարելի է ենթադրել, որ լարվածության գագաթնակետը, որը վերջին շրջանում գերիշխում էր Թեհրան-Բաքու առնչություններում, կողմերը կարծես թե վերադարձել են գործընկերության եւ կառուցողական երկխոսության հուն, մինչդեռ Հայաստանը, ըստ էության, կորցնում է նաեւ բարեկամական եւս մեկ երկրի՝ Իրանի վստահությունն ու աջակցությունը։ Իրավիճակը, իրապես, վտանգավոր է։

Արա Ալոյան