Անցան լրագրողներին

Անցան լրագրողներին

Ամիսներ շարունակ մեզ զգուշացնում էին, որ դատարանների «հարցը լուծելուց» հետո հերթը ԶԼՄ-ներինն է։ Ի սկզբանե ազատ խոսքի եւ քննադատության հանդեպ պաթոլոգիկ ատելությամբ համակված երիտասարդ իշխանավորները, որոնք միայն բառերով են բազմակարծության կողմնակից, ամեն ինչ անելու են, որ իրենց մասին որեւէ «թթու խոսք» չհնչի լրատվամիջոցներում։ Բայց մենք չէինք հավատում։ Չէինք հավատում, չնայած ամեն օր լսում էինք իշխանավորների՝ մեզ ուղղված վարկաբեկիչ ու դատապարտող հայտարարությունները, երբ ամեն օր պետական կառույցներից մեզ տեղեկություններ տրամադրելու մերժումներ էինք ստանում։ Չէինք հավատում նաեւ այն ժամանակ, երբ զրպարտության հետ կապված քրեական հոդված էին փորձում խցկել օրենսգիրք։ Չէինք հավատում, երբ «Տեսալսողական մեդիայի» մասին օրենքն էին երկնում, որը հեռուստատեսությունից կարող է իսպառ վերացնել քննադատական խոսքը։ Չէինք հավատում, երբ իմքայլականներն առաջարկում էին վիրավորանքի ու զրպարտության գործերով տուգանքի չափը դարձնել 5 միլիոն դրամ։ Չէինք հավատում անգամ այն ժամանակ, երբ Տնտեսական մրցակցության հանձնաժողովից մեր գովազդային խոհանոցը մանրամասն ուսումնասիրելու փորձերին բախվեցինք։ Բայց երեկ մի իրադարձություն տեղի ունեցավ, որից հետո այլեւս չենք կարող չհավատալ․ խմբագրություն զանգահարեցին ոստիկանության քրեական վարչությունից եւ ասացին, որ ստացել են դատախազի գրությունը, որտեղ նա հրահանգում է «ուսումնասիրել «Հրապարակի» հեղինակ Էդիկ Անդրեասյանի «Բռնապետիկն ու մենք» հոդվածում առկա հանգամանքները եւ լուծել հեղինակին քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու հարցը»։ Հոդվածը, ի դեպ, հրապարակախոսական է՝ որեւէ փաստական տվյալ չի պարունակում, հիմնական միտքն այն է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել։