Վահագն Հովակիմյանը Բուքիքիոյին կաշառակեր չի՞ համարում

Վահագն Հովակիմյանը Բուքիքիոյին կաշառակեր չի՞ համարում

Ազգային ժողովը քննարկում է ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծով իշխանությունն առաջարկում է` հնարավորություն տալ արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել հանրաքվե անցկացնելու որոշումը. հիշեցնենք՝ օրենքում բաց կա, եւ հանրաքվեի որոշումը չեղարկելու մեխանիզմ չկա: «Օրենքում ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու հիմքով չկայացած հանրաքվեի վերաբերյալ կա ընդամենը մեկ դրույթ՝ այն է, որ արտակարգ կամ ռազմական դրության վերացումից հետո հանրաքվեն նշանակվում է ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Ամբողջ գործընթացը, թե ինչպես պետք է վերսկսվի հանրաքվեն, օրենքը չի նշում»,- ասաց Հովակիմյանը:

Պատգամավորը նշեց, որ օրենքի փոփոխությունները միտված են կարգավորելու հանրաքվեի շարունակականության կանոնակարգման հարցը, ինչպես նաև արտակարգ դրությամբ պայմանավորված`  հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդրմանը, ինչը կազդի նաև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վրա: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ իշխանությունը դիմել է Վենետիկի հանձնաժողովին` ՍԴ-ի «ճգնաժամը» խորհրդարանում լուծելու թույլտվություն ստանալու համար:

Խորհրդարանական ընդդիմությունը բավականին բուռն արձագանքեց այս նախագծին՝ իշխանություններին հիշեցնելով, որ ՍԴ-ի շուրջ այս ամբողջ գործընթացը կեղծ օրակարգ է, իսկ այսօր, երբ Հայաստանում համավարակով պայմանավորված ծանր իրավիճակ է, պետք է ոչ թե կեղծ օրակարգերը շարունակել, այլ լուրջ գործ անել: ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց՝ ուժի մե՞ջ են Վենետիկի հանձնաժողովին ուղղված  իր մեղադրանքներն առ այն, որ Բուքիքիոն Սերժ Սարգսյանի կողմից ադամանդակուռ շքանշան է ստացել՝ շատ թանկարժեք՝ ըստ էության ակնարկելով նրան կաշառելու մասին: Սամսոնյանը հարցրեց՝ արդյո՞ք այս հայտարարության հիմքով քրեական գործ է հարուցվել, քանի որ այն հաղորդում էր հանցագործության մասին, և երկրորդ. եթե Բուքիքիոն կաշառք է վերցրել, ինչու՞ է իշխանությունը դիմել նրան ՍԴ-ի հարցի հանգուցալուծման նպատակով: Բայց Վահագն Հովակիմյանն ասաց, թե ինքը «կաշառք» բառը չի օգտագործել, եւ դա միայն պատգամավորի ընկալումն է: «Ձեր ընկալումն իրավական հիմք չի կարող դառնալ, ինչկերպ Դուք տեքստն ընկալում եք, դա չի կարող իրավապահի համար հիմք լինել` ինչ-որ գործ անելու համար: Պետք չի ինձ վերագրել մի բան, որը ես չեմ ասել»,- արդարացավ պատգամավորը:

 «Եթե Դուք չեք հասկանում, որ թանկարժեք նվերը պաշտոնյայից պաշտոնյային փոխանցելը կոռուպցիա է, եւ ասել եք հենց այս նպատակով, ապա հիմա կարող եք կարդալ եւ հասկանալ, թե ինչ եք ասել», - ասաց Սամսոնյանը՝ Հովակիմյանին հնարավորություն տալով սրբագրել իր խոսքը, եւ եթե իսկապես նկատի չի ունեցել, որ Սերժ Սարգսյանին նվեր ստացած Բուքիքիոն անաչառ չէ, ապա կարող է հենց այս ամբիոնից հայտարարել այդ մասին. «Դուք հնարավորություն ունեք հիմա հայտարարել, որ ստել եք, եւ ԱԺ ամբիոնից ներողություն խնդրել Վենետիկի հանձնաժողովի նախագահից` Ձեր խոսքերի համար»: Բայց Հովակիմյանը կրկին անդրդվելի մնաց` ասելով, որ պատգամավորի ընկալումն է, եւ տեքստը խեղաթյուրում է:

Հիշեցնենք, որ Հովակիմյանը բառացիորեն հայտարարել էր. «Հիշեցնեմ, որ Ջիանի Բուքիքիոն 2009թ. Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել: Շատ թանկարժեք: Այդ հատուկ շքանշանը, որ տվել էին տարբեր գնահատականներով, դրա վրայի ադամանդները շատ թանկ արժեն: Ուզում եմ ասել, որ նա անձ է, եվրոպացի պաշտոնյա, որը նույն նախկին իշխանություններից բավականին հետաքրքիր նվերներ է ստացել: Սա ուղղակի արձանագրենք, գնանք առաջ: Ինքը խորհրդատվական մարմնի ղեկավար է, մենք իր ասածներն ի գիտություն ընդունում ենք, բայց մեզ համար կարևորը մեր պետության առաջընթացն է ու մեր Սահմանադրության պահպանումը»: