Անսովոր փաստարկներ

Անսովոր փաստարկներ

Մեր սպորտի երկրպագուներին միշտ հետաքրքրել են վիճակագրական, խոսուն թվերը, որ այս կամ այն մարզիկի, թիմերի բացառիկ ունակությունների վկայություններն են։ Հատկապես ֆուտբոլասերներին հաճախակի են թվային տվյալներ ներկայացնում նվաճած տիտղոսների, կոչումների, խփած գոլերի եւ այլ ձերքբերումների մասին։ Սակայն ֆուտբոլը հարուստ է եւ այլ՝ ոչ պակաս գրավիչ փաստարկներով, որոնց մասին, ցավոք, քիչ են հրապարակումները։ Դե, ասենք, ինչո՞ւ հատկապես 11 խաղացող է հանդես գալիս թիմում, կամ ինչպե՞ս պատահեց, որ մրցավարները սկսեցին սուլիչ օգտագործել։ Փորձենք ներկայացնել ընթերցողին։
11 խաղացողների առկայությունը թիմում արտասովոր, սակայն հասարակ բացատրություն ունի եւ առնչվում է Քեմբրիջի համալսարանի ուսանողների հետ, որոնք առաջինը մշակել են կանոնները։

Պարզվում է, նրանք 1848 թվականին բնակվում էին հանրակացարանի մի սենյակում, որտեղ տեղադրված էր 11 մահճակալ, եւ այս թիվն էլ դարձել է որոշիչ։ Իսկ, ահա, 11 մետրանոց տուգանային հարվածի սահմանումը բոլորովին այլ պատմություն է։ Դրա համար որոշիչ է դարձել 12 յարդ տարածությունը, ինչը հավասար է 11 մետրի։ Ի դեպ, նույնը կարելի է ասել նաեւ դարպասի չափերի` 244 սանտիմետր բարձրության եւ 732 սանտիմետր երկարության մասին։ Ֆուտբոլի հայրենիքի ներկայացուցիչները` անգլիացիները, նախընտրել են 8 թվանշանը եւ, որպեսզի չշփոթվեն, բարձրությունը որոշել են չափել ֆուտով, երկարությունը` յարդով։

Խիստ տարօրինակ է մրցավարի սուլիչի «ծնունդը»։ Մինչ այդ դատավորները բավարարվում էին՝ դիմելով բանավոր խոսքի օգնությանը։ Բայց 1878-ին ստացվեց այնպես, որ Լոնդոնի առաջնության խաղերից մեկի մրցավարությունը վստահվեց մի ոստիկանի։ Եվ, ահա, երբ այդ խաղի ընթացքում կողմերի միջեւ անսպասելի վեճ ու ղալմաղալ ծագեց, ոչ մի բանավոր դիտողություն տեղ չհասավ, չազդեց կարգը խախտող ֆուտբոլիստների վրա։ Զայրացած ոստիկանն ուրիշ ճար չգտավ` ձեռքը տարավ գրպանը, հանեց ի պաշտոնե օգտագործվող սուլիչն ու զայրացած ուժգին փչեց։ Սա նախադեպը չունեցող իրավիճակ էր, ինչը ստիպեց կարգը խանգարող կողմերին զգաստանալ ու լռել։ Սուլիչն իր դերը կատարեց, եւ այդ օրվանից սպորտում, ոչ միայն ֆուտբոլում, մրցակցությունը նորմալ տրամաբանական հունով վարելու անփոխարինելի միջոց դարձավ սուլիչը։

Հիմա՝ մի քիչ անսովոր վիճակագրություն։ Այժմ սկսել են հաշվարկել խփվող գոլերի ոչ միայն ընդհանուր թիվը, այլեւ այն, թե ովքեր են այն բախտավորները, ում հաջողվել է գոլեր խփել մեկուկես ժամ տեւող խաղի բոլոր 90 րոպեներին։ Պարզվում է, այսօր այդպիսի ցուցանիշ են գրանցել 2 ֆուտբոլիստ` շվեդացի Զլատան Իբրահիմովիչն ու պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։ Աներկբա է, որ նման, իրոք, հազվադեպ ցուցանիշն այս երկու գոլեադորների՝ աներեւակայելի արդյունավետությամբ գործելու ամենավառ վկայությունն է։ Իսկ յուրատեսակ ռեկորդակիրներին ընկերանալու ամենամեծ հնարավորությունը բոլորից շատ պահպանում է արգենտինացի Լիոնել Մեսսին։ Առայժմ նա «գոլայինի է» վերածել 87 րոպեները։ Նրան առայժմ չի հաջողվել մրցակիցների դարպասը գրավել ընդամենը առաջին, երկրորդ եւ վաթսունիններորդ րոպեներին։ Կկարողանա՞, արդյոք, 32-ամյա ֆուտբոլային գրոսմայստերը լրացնել բացը, ցույց կտա ժամանակը։

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ