Կոնֆլիկտի մոռացված կողմը

Կոնֆլիկտի մոռացված կողմը

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Սմբատ Գոգյանի եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի (ի դեմս նրա տեղակալ Գրիշա Թամրազյանի) միջեւ հակամարտությունը խորացել է «հանցագործության մասին հաղորդում» տալու աստիճան․ նախարար Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում այդ հաղորդումը հրապարակել է երկուշաբթի, եւ խնդրի առնչությամբ իրադարձություններ, փաստորեն, դեռ կլինեն։ Նախարարն իրավապահ մարմիններին նաեւ հուշել է Ս․ Գոգյանի հավանական հանցանքի «տեսակը»՝ սուտ մատնություն։

Ներգերատեսչական այս հակամարտությունն ինքնին փոքրիկ դրսեւորումն է այն համակարգային ներքին պառակտվածության կամ ճեղքվածքի, որի վիրուսով գնալով ավելի ու ավելի է վարակվում իշխանական համակարգն ամբողջությամբ։ 

Ժամանակը, իհարկե, ցույց կտա, թե հակամարտողներից որի կողմն են արդարությունը եւ ճշմարտությունը։ Ի դեպ, խնդրի հասարակական ընկալմամբ էլ՝ իշխանության մի կարեւոր բլոկում առաջացել են հակասություններ, որոնց լուծումը կա՛մ դուռ կբացի համակարգի ներքին բարեփոխությունների համար, կա՛մ այդ դուռը վերստին կփակվի՝ շարունակելով անցյալի, թվում է՝ արդեն մերժված հովանավորչության, հակագիտականության եւ ապօրինությունների պրակտիկան։ Առաջին դուռը խորհրդանշում է Ս․ Գոգյանը, երկրորդը՝ Ա․ Հարությունյանը։ Կարծում եմ՝ իսկապես դեռ հետաքրքիր զարգացումների ականատեսը կլինենք, մանավանդ որ կոնֆլիկտի Ս․ Գոգյան-կողմը կարծես բնութագրվում է նաեւ չոր «կողով», եւ, ամենայն հավանականությամբ, հրաժարականի որոշումը նա դեռ կվերահաստատի այլ գործողություններով։ 

(Միջանկյալ նկատեմ, որ, իմ համոզմամբ, Ս․ Գոգյանի հրաժարականի դիմումը ոչ թե նահանջ է սեփական ըմբռնումները պաշտպանելու ճանապարհից, այլ ընդամենը ճարահատ միջոց՝ գիտության ոլորտում արմատավորված հակագիտական երեւույթների վրա հանրային ուշադրությունը սեւեռելու համար, չնայած նախարարական կողմի ներկայացուցիչ՝ գործով «տուժող» Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դ․ Գալոյանի այն պնդումներին, թե Ս․ Գոգյանը հեռանում է՝ իր ոլորտի աշխատանքները «ձախողելու պատճառով»)։ 

Ահա, այստեղ է, որ հանրությունը պետք է հստակ պատկերացում կազմի նաեւ կոնֆլիկտի երրորդ՝ չերեւացող, բայց հանրային նշանակության առումով թերեւս ամենակարեւոր կողմի մասին։ Որպես այդպիսին՝ ես համարում եմ ՀՊՏՀ այն ուսանողներին, որոնք տեւական ժամանակ եւ համառորեն ուսումնասիրել են Դ․ Գալոյանի դոկտորական ատենախոսությունը, վերլուծել են, համեմատել, համադրել դրա աղբյուրները՝ ի վերջո կազմելով 120 էջ ծավալ ունեցող ուսումնասիրություն, որի արդյունքներն ամենեւին էլ Դ․ Գալոյանի ատենախոսության օգտին չեն։ Այդ արդյունքներն ու եզրակացությունները չնայած չափազանց ակնհայտ են, բայց մեր հեռատես ուսանողները չեն զլացել հատկապես կարճատես կամ վատ տեսնող որոշ չինովնիկների համար ընդգծել աղբյուրների եւ ատենախոսության տեքստային բազմաէջ նույնությունները, նույն է թե՝ արտագրությունները, իսկ ավելի ստույգ՝ գրագողությունը։

(Ի դեպ, ամբողջ այս ընթացքում, ինչ այդ խնդիրը ծագել է եւ հանրային ուշադրության արժանացել, հետաքրքրությամբ հետեւում եմ ՀՊՏՀ ուսանողների եւ վերջիններիս ֆեյսբուքյան «Հանուն որակյալ կրթության» էջի հրապարակումներին՝ կասկած չունենալով նրանց արդարամտության վերաբերյալ եւ մշտապես գոհունակություն ապրելով այն գիտակցումից, որ, ահա, գալիս է սերունդ, որի համար գիտությունն արժեք է եւ ոչ թե միջոց կամ պատասխանատվությունից (հայրենիքին ծառայելու եւ այլ) «թռնելու» հնարավորություն)։

Եվ այսքանից հետո ի՞նչ է փորձելու ապացուցել այս թնջուկի նախարարական կողմը․ որ ուսանողներն է՞լ էին սխալ, որ նրանք զրպարտե՞լ են ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարին։ 
Ակնկալում եմ, որ կոնֆլիկտի նախարարական կողմը պատասխանի նա՛խ ուսանողներին, պատասխանի այնքան արդարամտորեն, որ չփշրի նրանց առանց այն էլ երերուն հավատն արդարության, գիտական եւ մարդկային բարեխղճության մասին։ Անարդար ցանկացած վճիռ կհարվածի ո՛չ թե Ս․ Գոգյանին, որ կայացած գիտնական է եւ հաստատ իմունիտետ ունի համակարգային հովանավորչությանը դիմակայելու համար, այլ ամենից առաջ ուսանողների՛ն, որոնց ուսումնասիրությունները վկայում են գիտական պրպտումներ կատարելու անուրանալի շնորհքի մասին, ուստի պետք է պաշտպանել ու աճեցնել այդ շնորհքը, քանի որ նրանք՝ այդ ազնիվ հոգիները, հազիվ թե կարողանան նույն ազնվությամբ իրականություն վերադառնալ իրենց հավատին ու վստահությանը հասցված հարվածից հետո։ Իսկ առանց ազնվության գիտություն չի զարգանում։

Հարվածն իրավամբ ցավագին կլինի, մանավանդ որ հասցված կլինի նրանց կողմից, ովքեր ի պաշտոնե, պարտքի ու պարտականության թելադրանքով եւ պարզ բարոյականության ուժով կոչված են այդ հավատն ու վստահությունն ամրապնդելուն։

ՀԳ․ Դ․ Գալոյանի վիճահարույց ատենախոսության վերաբերյալ բարձր կարծիք է հայտնել Հրանտ Բագրատյանը՝ համարելով այն «կարեւոր ներդրում» համաշխարհային տնտեսագիտության մեջ։ Կկամենայի իմանալ՝ հարգարժան տնտեսագետը ծանո՞թ է ուսանողների բացահայտած գրագողության փաստերին եւ ի՞նչ կարծիք ունի դրանց մասին։