2018-ից հինգ պակաս է

2018-ից հինգ պակաս է

Վիճակագրություն պետք չէ՝ հասկանալու, որ Նիկոլ Փաշինյանն այլևս հենարան չունի։ 2018-ի հեղափոխության ժամանակ Հայաստանում մի տեսակ խելահեղ վիճակ էր։ Չէիր կարող մեկի մոտ արտահայտվել, որ Նիկոլին չես ընտրելու։ Հիշում եմ, մի անգամ նկար պիտի վերցնեի, նկարողը շատ ձգձգեց։ Երբ հարցրի՝ ինչու՞ ես այդքան ձգձգում, ինձ շտապ է պետք, ասաց՝ ես լսեցի, թե ինչպես էիր Նիկոլի մասին «թարս խոսում»։ Հիմա լրիվ այլ վիճակ է։ Մոտավորապես 2018-ից հինգ պակաս է ։

Մարդիկ, որոնք Նիկոլ ասելով էին քնում, արթնանում, այսօր անունն էլ չեն ուզում լսել։ Մարդիկ, որոնք թարսվել էին ինձ հետ, այսօր այնպես սիրով են բարևում։ Այսօր մեր խանութներից մեկը մտա։ Խանութի վաճառողուհին ու սպասարկողները վաղուց էին ինձ «սև ցուցակ գցել» ու մի տեսակ չկամությամբ էին սպասարկում։ Հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ այդ խանութ չէի գնում։ Տեսնելով ինձ, վաճառողուհին Մոնա Լիզայից ոչ պակաս ժպիտ ցուցադրեց ու հարցրեց՝ ինչու՞ չես երևում։ Այլ պատճառաբանության էր սպասում, բայց ես ասացի՝ չեմ գալիս, որովհետև Նիկոլի պատճառով լավ չեք սպասարկում ինձ։ Աշխատում եմ նմաններից խուսափել։ Իմ անկեղծությանն անկեղծությամբ պատասխանեց․

-Լավ, ի՞նչ ես նեղացել, մենք հո չգիտեինք, որ մեզ այդպես կարող էր խաբել։ Մենք հո չգիտեի՞նք, որ եկել է, որ երկիր չունենանք։ Այս ի՞նչ օր գցեց մեզ։ Ի՞նչ է լինելու վերջը։ Շիվար կանգնել էին նրա կողքին այն աղջիկները, ովքեր Նիկոլ ասելով ասֆալտին պառկում էին։ Երբ կրկին հարցրին՝ ինչ անենք, որ Նիկոլից պրծնենք, ասացի․ Հիմա էլ հայրենիք ասելով ասֆալտին պառկեք։ Պառկեք ու գրկեք այն ասֆալտը, որի վրա Նիկոլը փռում էր բոլոր այլախոհներին։ Զգացի 2018-ի շունչը։ Մարդիկ գարնան շունչը մինչև գարունը գալն են զգում․․․