Խորհուրդ՝ սորոսականներին

Խորհուրդ՝ սորոսականներին

Ֆիզիկոս Դանիել Իոաննիսյանը, նույն ինքը՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի «մասնագետ» անդամը, ֆեյսբուքյան էջում, իբրեւ կարկառուն սորոսական, պահել է գործընկերուհու՝ Լարիսա Մինասյանի թասիբը, վերստին հիշեցնելով Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի «Սորոսն ո՞ւմ շունն է» արտահայտությունը եւ դրա համար պատասխանատվության կանչելու հորդորով ԱԺ ղեկավարությանը դիմած Լ․ Մինասյանի դիմում-պահանջը։

Անշուշտ, մենք դեմ ենք որեւէ մեկի, այդ թվում՝ Սորոսին վիրավորելու ցանկացած փորձի։ Ոչ ոք իրավունք չունի որեւէ մարդու անձնական վիրավորանք հասցնելու՝ անկախ դրդապատճառներից, իրավիճակից եւ հանգամանքներից։ Բայց ամբողջ խնդիրն այն է, թե Ա․ Սիմոնյանի խոսքում իսկապե՞ս առկա է վիրավորանք, որի հիմքով էլ պիտի էթիկայի հանձնաժողով ստեղծվի, իսկ Ա․ Սիմոնյանը՝ «քննվի»։

Միայն մայրենի լեզվից խորթացած եւ օտարացած մեկի մտքով կանցներ ժողովրդական պարզ խոսքը նենգափոխել-հրամցնել իբրեւ խոր վիրավորանք՝ այն դեպքում, երբ դա ընդամենը կայունացած իրավիճակային արտահայտություն է՝ դարձվածք, որի մեջ վիրավորանք ենթադրող միակ բանը, թվում է, կարող էր «շունը» լինել։ Բայց չէ՞ որ այդ «շունն» ամենեւին էլ․․․ շուն չէ։ Լ․ Մինասյանը եւ Դ․ Իոաննիսյանը պետք է, որ շատ լավ իմանային դարձվածքների փոխաբերականության հատկանիշը։ Երբ ասում են՝ «ծտի խելք», ամենեւին նկատի չունեն հենց ծտի խելքը, այլ՝ ընդհանրապես անխելքություն, երբ ասում ենք՝ «օձի խելք», ամենեւին նկատի չունենք հենց օձի խելքը, այլ՝ ընդհանրապես խորամտություն, խորաթափանցություն։ Այդպես նաեւ երբ ասում են՝ «ո՛ւմ շունն է», հո իսկապես չե՞ն ընկնում-ման գալիս, թե, ասենք, Չալոն ո՛ւմ շունն է։ «Շունը» պարզ փոխաբերականություն է ենթադրում եւ նշանակում է՝ «նա ո՛վ է, որ»։ Հետեւաբար, Սորոս պապի հասցեին ընդամենն ասվել է՝ «Նա ո՛վ է, որ․․․»։ Իսկ դրանից Սորոս պապը հազիվ թե նեղանա, մանավանդ որ նրա հասցեին աշխարհով մեկ ի՛նչ ասես ասվում է։ Բացի այդ՝ Սորոս պապը հաստատ կենդանասեր է եւ «շուն» բառի հարեւանությամբ իր անվան գործածությունից նեղացած չի լինի, մանավանդ եթե նրան մայրենի անգլերենով բացատրեն հայ դարձվածաբանության որոշ նրբություններ։

Այնպես որ, հայրենակի՛ց սորոսականներ, հազիվ թե հարկ կա պնդել ձեր վիրավորվածության փաստը եւ պաշտոնական արձագանք պահանջել․ ամեն ինչ ավելի քան հստակ է։

 Իսկ եթե դուք արդեն որոշել եք հիմա էլ խառնել, ազգային արմատներից ու լեզվամտածողությունից զրկել հայոց լեզուն, մասնավորապես՝ դարձվածաբանությունը, ասեմ, որ ձեզ ուղղակի սիզիփոսյան աշխատանք է սպասվում։ 
Խորհուրդ եմ տալիս՝ դիմումը ետ վերցնել։

ՀԳ․ Ալեն Սիմոնյանը հաստատ իմ պաշտպանության կարիքը չունի, ես էլ, ճիշտն ասած, դրա ցանկությունը չունեմ, բայց քանի որ խոսքը վերաբերում է մայրենի լեզվին, ապա ինձ համար թանկ է նույնիսկ նրա․․․ շունը։