Բոլորովին այլ բան է, երբ քաղաքացին քաղաքացու նկատմամբ է վերահսկողություն իրականացնում․ ՄԻՊ

Բոլորովին այլ բան է, երբ քաղաքացին քաղաքացու նկատմամբ է վերահսկողություն իրականացնում․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի օրեր առաջ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, երբ «Իրազեկ քաղաքացիների միավորում»ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը պահանջում էր ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի` վերջինիս ավտոտնակում դիմակ կրել, ինչից հետո էլ վիճաբանություն սկսվեց, ասաց․

«Առհասարակ, պետության նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը կարևոր ինստիտուտ է, և դա ժողովրդավարության կարևոր կոմպոնենտ է, բայց բոլորովին այլ բան է, երբ քաղաքացին քաղաքացու նկատմամբ է իրականացնում վերահսկողություն, այստեղ արդեն պետությունը լուրջ դեր ունի՝ հետևելու համար, որպեսզի սահմանված օրենքը, իրավունքը և այլն, չոտնահարվի։

Կոնկրետ իրավիճակին գնահատական չէ, որ ես հնչեցնում եմ, պարզապես ասեմ, որ մենք` բոլորս միասին դարձյալ կոչ անելով, մեր սեփական գիտակցությամբ, միասնաբար գործելով, պահպանելով վիրուսի կանխարգելման կանոնները՝ օր առաջ դուրս գանք այս իրավիճակից, և որպեսզի պետությունը մեր կարողանա ձերբազատվել այս չարիքից։ Տվյալ դեպքի վերաբերյալ մենք ահազանգ չունենք, որ պետության կողմից ինչ-որ բան լինի, բայց ես կրկին եմ գնահատական տալիս, որ պետությունն ամեն դեպքում անելիք ունի, որովհետև, ի վերջո, եթե թողնենք, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ է և այլն, բայց շատ կարևոր է, որ քաղաքացի-քաղաքացի, մասնավոր հարաբերություններում պետությունը հստակ ունենա և՛ սահմանված կանոններ, բայց կոնկրետ 2 քաղաքացիների վեճի հետ կապված` ՄԻՊ-ն իրավասու չէ գնահատական տալ»։

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը Երևանում իրականացրել էր հակահամաճարակային կանոնների հսկման ու աջակցման ակցիա, որն ուղեկցվել էր լարված միջադեպով: Նա մոտեցել էր ավտոտնակներից մեկում գտնվող ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանին և վերջինից պահանջել դիմակ կրել։ Շիրինյանն էլ պատասխանել էր, որ ավտոտնակը հավասարեցված է բնակարանին, և որևէ մեկն իրավունք չունի գալ և ասել, որ պետք է իր տանը կամ ավտոտնակում ինքը դիմակ կրի, ինչից հետո սկսվել էր վիճաբանություն։