«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն առանց մրցույթի է ստացել Սեւանի հանրային լողափները

«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն առանց մրցույթի է ստացել Սեւանի հանրային լողափները

Օրեր առաջ տեղեկացանք, որ Սեւանի ափի երեք հանրային լողափների համար մրցույթ է հայտարարվել, եւ այդ մրցույթներում դեռ անցած տարի հաղթող է ճանաչվել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն՝ Ծաղկաձորի «Գոլդեն փելեսի» սեփականատերը։ Ափերը սպասարկող կազմակերպությունները սկսեցին աղմկել, բայց արդեն ուշ էր՝ 3 լողափները հանձնվել էին, եւս 4-ի մրցույթ էլ առաջիկայում էր նախատեսվում իրականացվել։

Արդեն կայացած մրցույթների «առեղծվածը» բացահայտելու համար այցելեցինք «Սեւան» ազգային պարկ: Ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մնացականյանը նախ խուսափեց տեսախցիկից, թույլ չտվեց ձայնագրել, սակայն նրա թույլտվությամբ այցելեցինք հանրային լողափներ՝ տեսնելու, թե ինչ ներդրումներ է կատարել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն:
Պարզվում է՝ դեռեւս 2021 թվականին հանրային լողափների սպասարկման համար մրցույթ է հայտարարվել, եւ մրցույթը շահել է «Մ.Յան» ՍՊԸ-ն: Մարտի 22-ին «Սեւան» ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Աբելյանի եւ «Մ.Յան» ՍՊԸ-ի միջեւ կնքվել է 3 տարվա պայմանագիր, ըստ որի՝ կողմերը պարտավորվում են կատարել որոշակի գործողություններ,  բանակցությունների, համաձայնության չգալու դեպքում ծագած վեճերը լուծում են ստանալու դատական կարգով: 2 ամիս անց ազգային պարկից «Մ.Յան» ՍՊԸ-ի տնօրենին տեղեկացնում են, որ պայմանագիրը չեղարկել են, քանի որ, ըստ ազգային պարկի, տվյալ ընկերությունը չի կատարել պայմանագրի կետերը: Ընկերության տնօրենը հակառակն է պնդում՝ պայմանագրի չեղարկումը կապված չի եղել պայմանագրի կետերի չկատարման հետ, այլ պատճառը քաղաքական է:

Պայմանագիրը չեղարկելուց հետո ազգային պարկի տնօրենի պաշտնակատար Արման Աբելյանը, ով Ռոմանոս Պետրոսյանի համակուրսեցին է, հանրային լողափների սպասարկումն անմիջապես հանձնում է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին՝ իրենց մյուս մտերիմին: Այդ ժամանակ Աբելյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ կրկին մրցույթ է հայտարարվել, եւ մրցույթը շահել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն:

Սակայն հիմա պարզվում է, որ ոչ մի մրցույթ էլ չի հայտարարվել, եւ նշված ընկերությունն առանց մրցույթի ստանձնել է լողափների սպասարկումը։ «Մրցույթ չի եղել, բայց պայմանագիր ենք կնքել այդ ընկերության հետ: Այս դեպքում մենք ոչ թե տարածքն ենք տալիս, այլ՝ սպասարկման իրավունքը, եթե հողամասը տրամադրեինք՝ որպես անշարժ գույք, այլ կլիներ: Քանի որ մյուսի հետ պայմանագիրը լուծվեց, եւ ամառը մոտ էր, շատ շտապ կնքվեց պայմանագիր, որպեսզի լողափները սպասարկվեն»,- այսպես ներկայացրեց «Սեւան» ազգային պարկի իրավաբանը: «Այդ ընկերությունը որպես կորպորատիվ, սոցիալական պատասխանատվություն է իրականացնում լողափների սպասարկումը եւ տարեկան 1.5 մլն դրամ վճարում է «Սեւան» ազգային պարկին: Էնտեղ քաղաքացիների համար բոլոր ծառայություններն անվճար են, ինձ թվում է՝ այս թեման անտեղի է շահարկվում»,- մեզ հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Անի Հակոբյանը:

Պարզվում է, որ ազգային պարկն ֆինանսական վատ այնպիսի վիճակում է գտնվել, որ խնդրել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին՝ պայմանագիրը կնքելուց հետո նախապես 1.5 մլն դրամ սպասարկման վարձ վճարել՝ մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 25-ը: Ընկերությունը դեկտեմբերի 28-ին այդ գումարը վճարել է եւ բարեկարգել միայն մեկ հանրային լողափ: Եղանք 2 հանրային լողափներում, տեսանք, թե ինչ ներդրումներ են կատարվել: Սեւանի թերակղզու հարեւանությամբ՝ նախկինում «Ֆլամինգո» լողափին, որը տարիներ առաջ պատկանում էր Անդրիաս Ղուկասյանին եւ մի քանի տարի է՝ դարձել է հանրային լողափ, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն ոչ մի ներդրում չի կատարել:

Սեւանի նախկին քաղաքային լողափի տարածքն ընկերությունը որոշակի չափով բարեկարգել է՝ խորովածի մանղալներ է դրել, որոնք օգտվողների համար կարժենան 1000 դրամ, տասնյակից ավելի տաղավարներ է տեղադրել, որոնք, ըստ այդ տարածքը հսկող պահակի, ամռանն այդ գումարով կտրամադրվեն հանգստացողներին: Այդ լողափում, ըստ ցուցանակի, անվճար գործող ծառայություններն են՝ ավտոկայանատեղին, շվաքարանները, հանդերձարանները, սանհանգույցները եւ խաղահրապարակները: