Էրդողանը, Պոլիսը, պայթած փուչիկը
Նախօրեին Պոլիսում, օսմանյան սուլթանների նստավայր ծառայած Դոլմաբախչե պալատում, թուրքական կողմը հյուրընկալել էր ռուս-ուկրաինական բանակցող խմբերին: Փետրվարի 24-ին ՌԴ զինված ուժերի` Ուկրաինայի տարածք ներխուժելուց ի վեր Թուրքիան, ըստ էության, «մենք ո՛չ աջ ենք, ո՛չ ձախ ենք, մենք հողաթափ ենք» քաղաքականություն է որդեգրել: Երբ Արեւմուտքի կողմից մերժվող Վլադիմիր Պուտինին Էրդողանը կոչում է «իմ լավ ընկերը», հազիվ թե դրանով սատարում է Պուտինին կամ նրա վարկն է բարձրացնում որեւէ մեկի աչքում:
«Իմ լավ ընկերը» կոչելով՝ Էրդողանը միայն քծնում է Պուտինին` ակամա էլ ավելի ընդգծելով իր հողաթափային վիճակը: Իսկ Պուտինին Էրդողանը քծնում է, որովհետեւ վերջնահաշվում վախենում է ե՛ւ Ռուսաստանից, ե՛ւ ՆԱՏՕ-ից, որովհետեւ Թուրքիան օտար է երկուսի համար էլ: Երբ Թուրքիայում ասում են, թե իրենք «երեք կողմից շրջապատված են ջրով, չորս կողմից` թշնամիներով», մեծ հաշվով, սխալ չեն ասում: Իսկ իր իշխանության երկու տասնամյակների ընթացքում Էրդողանը Թուրքիայի թշնամիների թիվը միայն մեծացրել է:
Այժմ էլ, ռուս-ուկրաինական պատերազմի բռնկումից ի վեր, փոխարեն ձայնը կտրելու եւ ասպարեզում չերեւալու, չգիտես ում դատարկ մտքի թռիչքի արդյունքում Անկարայից երկու օրը մեկ փորձում են աշխարհին համոզել, թե իբր իրենք այնպիսի բարեկամական կապեր ունեն ե՛ւ Մոսկվայի, ե՛ւ Կիեւի հետ, որ կարող են երկուսի միջեւ բարեհաջող միջնորդական առաքելություն իրականացնել:
Քաղաքական-դիվանագիտական շրջանակներում Անկարայի նախաձեռնությունները, ակներեւաբար, որեւէ մեկին առանձնապես չեն հետաքրքրում, քանի որ ՌԴ նախագահի հետ շատերն իմաստ չեն տեսնում հաղորդակցություն պահելու, ովքեր էլ ճիշտ են համարում հաղորդակցություն պահելը, ինչպես, օրինակ, Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, դա հաջողությամբ անում են: Արդյունքում Թուրքիայի միջնորդության կարիքը որեւէ մեկը կարծես չունի ո՛չ Արեւմուտքում, ո՛չ էլ, երեւի, Ռուսաստանում: Իսկ եթե դիվանագետներն ու քաղաքական առաջնորդները Թուրքիայի միջնորդական հավակնություններին ուշադրություն չեն դարձնում, Թուրքիային ի՞նչ է մնում անել: Իհարկե, էժանագին PR արշավներ վարել եւ ինքնացուցադրվել լրատվադաշտում:
Դոլմաբախչեում գումարված ռուսական եւ ուկրաինական բանակցող խմբերի հանդիպման շուրջ թուրքերը նորից ծնծղաներ զարկեցին ու փուչիկներ փչեցին մի երկու ժամ, մինչեւ Վաշինգտոնից փուչիկները պայթեցրին: Բանակցությունները մի քանի ժամ էին տեւել, որից հետո թուրքերը սկսեցին թմբկահարել, թե իբր կողմերը հասել են փոխըմբռնման, երկու ուղղությամբ առաջընթաց է արձանագրվել, որ կարող է հրադադարի տանել, քիչ էր մնացել ասեին՝ իրենք էլ այդտեղ դեր են կատարել…
Ի վերջո, ի՞նչ պարզվեց: Պարզվեց՝ Ուկրաինան ռուսական կողմին է փոխանցել իր առաջարկները երկրի չեզոք կարգավիճակ ամրագրելու ուղղությամբ, որը, ըստ Կիեւի, երկու էական հանգրվան ունի: Առաջինը․ Ուկրաինան ցանկանում է, որ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամ երկրները ու եւս մի քանի երկիր Եվրոպայից ու Մերձավոր Արեւելքից դաշնագիր կնքեն, որով պարտավորվեն Ուկրաինայի հանդեպ հարձակման դեպքում դա համարել իրենց վրա հարձակում եւ Ուկրաինայի հետ միասին պատերազմեն հարձակվող ուժի կամ երկրի դեմ: Ուկրաինայի ձգտումը մոտավորապես այն է, որ ՆԱՏՕ-ի դաշնագրի 5-րդ հոդվածի նմանության դաշնագիր կնքվի Ուկրաինայի հետ` մի տասը երկրի մասնակցությամբ եւ երաշխավորությամբ: Երկրորդ․ Ուկրաինան պնդում է, որ երկրի չեզոք կարգավիճակի մասին որեւէ դրույթ պետք է դրվի հանրաքվեի եւ մերժվի կամ ընդունվի Ուկրաինայի ժողովրդի կողմից:
Ռուսաստանն իր կողմից հայտարարել է, թե իր զորքերը հեռացնում է Կիեւից եւ Չեռնիգովից եւ, երկրորդ` Պուտին-Զելենսկի գագաթնաժողով կազմակերպելու հնարավորություն է տեսնում: Ընդամենը դա: Այն, որ Ռուսաստանը հեռանում է Կիեւի շրջակայքից, հաղորդում են արդեն ամբողջ մի շաբաթ, քանի որ ՌԴ առաջապահ ուժերը կտրվել են մատակարարման խողովակներից եւ շրջափակման մեջ են հայտնվում: Նոր կորուստներից խուսափելու համար էլ Մոսկվան մարդուժը հեռացնում է Կիեւից, Խարկովից՝ փոխարենը սաստկացնելով հեռվից իրականացվող հրթիռակոծումները, ռմբակոծումները: Զելենսկու հետ էլ Պուտինը, ի վերջո, պետք է հանդիպի, քանի որ ռազմական ձախողումներից բացի ուրիշ արդյունք չի գրանցել եւ սեփական դեմքը փրկելու խնդիր ունի: Ընդսմին, առայժմ չկա հրադադար, եւ Ուկրաինայի հարավում պատերազմական գործողություններն ամբողջ թափով շարունակվում են:
Դրա համար էլ Վաշինգտոնից մեկ-երկու ժամում պայթեցրին Թուրքիայի PR փուչիկները` ասելով, թե «կա այն, ինչ ասում է Ռուսաստանը, եւ այն, ինչ անում է Ռուսաստանը: ԱՄՆ-ին հետաքրքրում է երկրորդը: Եվ Ռուսաստանի գործողություններում իրենք փոփոխություն չեն տեսնում»: Վերջ Թուրքիայի միջնորդական առաքելության հաջողության մասին փուչիկին:
Կարծիքներ