Պարալոգիզմ

Պարալոգիզմ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն օրերս ընթացիկ քաղաքական գործընթացների վերաբերյալ գնահատականներ է հնչեցրել («ՀԺ», 01.08.2020), որոնք ուրվագծում են ամբողջ այն կեղծ քաղաքական մթնոլորտը, որի մեջ իշխանությունները փորձում են պահել հասարակական միտքը: Այդ մթնոլորտում ճշմարտության թթվածինը աղետալի արագությամբ նվազում է`տեղի տալով ստի ու կեղծիքի ազոտին:

Այս իշխանությունների համար սուտը վաղուց քաղաքական պայքարի զենք է: Եվ սուտն ամենուր է` պետական կառավարման բոլոր օղակներում` վարչապետական ապարատից մինչև փոքրիկ համայնքապետարան: Սուտը, բնականաբար, նաև քաղաքական կյանքում է: Իշխանությունները փայփայում են սուտը, որովհետև գոնե կարճաժամկետ հեռանկարում նա սպանում է հանրային քաղաքական ինքնագիտակցումը, հետևաբար նաև կասեցնում է դրանից բխող այնպիսի գործողությունները, որոնք մղված կլինեին այն չեզոքացնելուն: Սուտը դարձել է իշխող ուժի երկարակեցության ոչ միայն զենքը, այլև գլխավոր պայմանը, որով էլ տարաբախտաբար «պայմանավորված» է մեր կյանքը:

Իսկ Վ. Ենգիբարյանն ահա եկել, ասում է. «Մեր երկրում քաղաքական հետապնդում որեւէ մեկի նկատմամբ չի կարող լինել»: Քաղաքական հետապնդումների տենդագին գործընթացների կեղտոտ հարահոսում այսօր խոսել քաղաքական հետապնդման չգոյության մասին, նշանակում է ակամա ներկայանալ որպես մեկ այլ «որակի» հետապնդման` Ն. Փաշինյանի կողմից հնարավոր հետապնդման մանիայի զոհ՝ այն պարագայում, եթե փորձես հանդես գալ հակառակ պատկերացումներով: Չգիտեմ` սույն պատգամավորն իսկապե՞ս հավատում է, թե մեր երկրում քաղաքական հետապնդում չի կարող լինել, մանավանդ որ խոսում է նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասին: Հենց միայն այս անվան հիշատակությունը հակափաստարկի արժեք ունի և ծաղրելի ու ծիծաղելի է դարձնում պատգամավորի խոսքը:

«Ով-ով, բայց մեր քաղաքական ուժը շատ լավ հասկանում է քաղաքական ազատությունների կարեւորությունը». սա պատգամավորի խոսքի անմիջական շարունակությունն է, որում հարմար տեղավորվել են միանգամից երկու սուտ, ավելի ճիշտ` մի սուտ ու մի կեղծիք: Կեղծիք է, թե ի դեմս իշխող խմբի`գործ ունենք «քաղաքական ուժի» հետ. այդպիսի ուժ գոյություն չունի, որովհետև մեծ շռայլություն է «ուժ» անվանել մի խմբի, որի մեն-միակ ուժը իր հարվածային առաջնորդն է: Իսկ սուտ է, որ այս ուժն իբր «լավ հասկանում է քաղաքական ազատությունների կարևորությունը»: Լավ հասկացողը նույն այդ ազատությունները չէր փակի շինծու քրեական գործերի ամոթալի թղթապանակներում: Եվ կալանախցերում:

«Մեր երկրում դատարանները անկախ են, ինչի մասին բազմիցս համոզվել ենք, իշխող ուժի կողմից նրանց գործունեությունը չի ուղղորդվում, հետեւաբար քաղաքական հետապնդման մասին խոսելն անիմաստ  է»,- համառում է Վ. Ենգիբարյանը, և սուտն այսպիսով  դառնում է կատարյալ, որովհետև «դատարանների անկախության» ստով փաստարկվում է մյուս` «քաղաքական հետապնդումների չգոյության»  սուտը:
Սուտը` ստով, տրամաբանության մեջ սա կոչվում է պարալոգիզմ: