«Հրապարակ»․ Ֆե՞յք, թե՞ իրական ժողովրդավարություն

«Հրապարակ»․ Ֆե՞յք, թե՞ իրական ժողովրդավարություն

ԵԽԽՎ վեհաժողովը պարբերաբար ուսումնասիրում է, թե ինչպես է Հայաստանը կատարում իր պարտականությունները ԵՄ անդամության ճանապարհին Չունի՞ արդյոք շեղումներ ժողովրդավարական ճանապարհից, չկա՞ն արդյոք խոչընդոտներ, որոնց հաղթահարմանը պետք է օգնել, եւ այլն։ Այդ նպատակով Հայաստան են ուղարկում համազեկուցողների, որոնց գնահատականների հիման վրա է ձեւավորվում այս կառույցի վերաբերմունքը մեր հանդեպ։ Միջազգային կառույցների լեզվով՝ սա կոչվում է մոնիթորինգ։ Եվ, ահա, օրերս Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից, եւ շվեդ Բորիանա Աբերգը եկել էին Հայաստան, տարբեր հանդիպումներ էին ունեցել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արդարադատության եւ ներքին գործերի նախարարներ Գրիգոր Մինասյանի եւ Վահե Ղազարյանի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի, այլ պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների հետ, ապա ամփոփել էին ստացած տպավորությունները պաշտոնապես տարածած հայտարարության մեջ։ Նրանք այցելել էին նաեւ Երասխ, հանդիպել Լեռնային Ղարաբաղից վերջերս տեղահանված ընտանիքների հետ, ովքեր վերաբնակվել են Արտաշատում եւ Երեւանում։

Ես ի՞նչ իմանամ՝ կարող ա իրանք իրար հետ են հանդիպում

Հետաքրքիր է, որ Երասխի վարչական ղեկավար Վարդան Լեւոնյանը տեղյակ չէ այդ այցելության մասին։ «Ո՛չ տեսել եմ նրանց, ո՛չ հանդիպել։ Գիտեմ, որ շաբաթ օրով մի անգամ եկել են, բայց ես հիվանդանոցում եմ եղել այդ օրը։ Իրենք մարզպետարանի աշխատողների հետ են եկել, ճիշտ կլինի՝ դիմեք մարզպետարան, մեզ հետ չի եղել հանդիպում»,- ասաց նա։ Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը եւս չուներ ինֆորմացիա։ Նա նախ ասաց, որ փակ հանդիպումներ են եղել, որոնց ինքը ներկա չի եղել․ «ԱԳՆ մեր գործընկերների հետ են եղել, կարող է մենք չիմանանք»։ Ապա, երբ հարցրինք, թե փակ հանդիպումները ո՞րն է, բնակիչները չե՞ն մասնակցել, ասաց․ «Իհարկե՝ ոչ։ Մեր միջազգային գործընկերներն են եղել, որոնց չեմ ճանաչում»։ Իրենք իրենց հե՞տ են հանդիպել, եկել են, որ ձեր մարզո՞ւմ իրար տեսնեն։ Մարզպետը սկսեց «դեպք պատմել»․ «Մի օր օդանավակայանում մարդ կար ճանապարհելու, գնացել էինք։ Մի 18-20 հոգի եկան, դրսում փաթաթվեցին իրար, հետո ներսում փաթաթվեցին իրար, հուզվեցին, լացեցին, հետո բոլորով գնացին թռնելու։ Հիմա ես ի՞նչ իմանամ, կարող ա իրանք իրար հետ են հանդիպում»։ Ինչո՞ւ են ամեն անգամ եվրոպացիները հանդիպում հենց Արտաշատի փախստականների հետ, շատ են, դրա՞ համար, թե՞ այլ պատճառ կա։ «Հատուկ ճաշատեսակներ ունենք, համով… դե, երեւի, որովհետեւ Արտաշատն ամենամեծ համայնքն է, շրջկենտրոն է եղել։ Բոլոր տեղերն էլ կարող է գան, զրուցեն, հանդիպեն, մենք սահմանափակում չենք դնում»,- ասաց մարզպետը։  

ԵԽԽՎ համազեկուցողները սխալ փախստականների հե՞տ են հանդիպել

ԵԽԽՎ համազեկուցողները, դատելով հայտարարությունից, եզրակացրել են, թե Լեռնային Ղարաբաղի 106 հազար հայերը, որոնք փախել են Ադրբեջանի ռազմական հարձակումից, պատշաճ կացարան են գտել Հայաստանում եւ շտապ օգնություն են ստացել՝ շնորհիվ Հայաստանի իշխանությունների գործողությունների եւ բնակչության համերաշխության։ Հավանաբար արցախցիները, որոնց հանդիպել են եվրոպացիք, անկեղծ չեն եղել, չեն ներկայացրել, թե ինչ խայտառակ խնդիրներ ունեն այստեղ, ինչ բյուրոկրատական քաշքշուկի մեջ են ընկնում ոչ միայն իրենց հասանելիք երկու կոպեկ աջակցությունը, այլեւ նպաստ, թոշակ, բնակվարձ ստանալու համար։ Սակայն անցնենք բարեփոխումներին, որոնք եվրոպացիները միշտ շատ են կարեւորում, բայց որոնք տեսանելի չեն հայաստանցիներիս աչքով․ «Բարեփոխումներ են իրականացվել՝ դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարելավելու նպատակով, եւ այժմ դատավորների, դատախազների եւ քննիչների բարեվարքության ստուգումներ են իրականացվում»: Օբյեկտիվ երեւալու համար մի քիչ աղ են ավելացրել տեքստին․ «Այնուամենայնիվ, կարգապահական վարույթները դեռեւս դժգոհություն են առաջացնում, եւ քաղաքական դրդապատճառներով որոշումների մասին պնդումները խաթարում են դրա օրինականությունը: Այս մտահոգություններից մի քանիսը վերացնելու համար Վենետիկի հանձնաժողովին է ներկայացվել բարեփոխումների նախագիծ»։ Հակակոռուպցիոն պայքարի ու ոստիկանական «բեսպրեդելի» մասով էլ շատ ոգեւորված  չեն, գրել են․ «Կոռուպցիան շարունակում է մնալ հանրային դժգոհության հիմնական պատճառը, եւ այս ուղղությամբ շարունակական ջանքեր են պահանջվում․․․ Համազեկուցողները քննարկել են նաեւ ոստիկանության կողմից ուժի՝ չափից ավելի կիրառման եւ քաղաքական հակառակորդների դեմ ուղղված անօրինական վարույթների մասին պնդումները եւ պատրաստվում են հետեւել այս հարցերի շուրջ զարգացումներին»։ 

Սա ձոն էր՝ ուղղված Փաշինյանի կեղծ ժողովրդավարությանը

Արդյո՞ք սա նշանակում է, որ համազեկուցողները նկատել են, թե ինչպես է Հայաստանում քրեական հետապնդման մեխանիզմն օգտագործվում ընդդիմադիրներին պատժելու համար։ Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում ԵԽԽՎ համազեկուցողների տարածած հաղորդագրությունը։ «Չեմ կարծում, որ Հայաստանի հարցով համազեկուցողների հայտարարությունը Հայաստան այցից հետո կարող է ինչ-որ մեկի մոտ տարընթերցման տեղիք տալ,- ասում է ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը։- Սա ձոն էր՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, ձոն՝ նրա ֆեյք ժողովրդավարությանը։ Հերթական անգամ գործ ունենք կողմնակալ միջազգային գնահատականի հետ, աչքկապոցու՝ Հայաստանում խոսքի ազատության, քաղաքական այլախոհների հանդեպ բռնաճնշումների։ Սա հերթական կանաչ լույսն էր Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի բռնապետականացման ճանապարհային քարտեզը հասցնելու ավարտին»։ Նաիրա Զոհրաբյանը չի կարեւորում տարածած տեքստի քննադատական տողատակը։ «Այն մի երկու «լայթսոտ» ձեւակերպումները, թե իբր քննության արժանի են քաղաքական օպոնենտների հանդեպ վճիռների օրինականությունը կամ ոստիկանական գործողությունների օրինականությունը, նույնիսկ այնպիսի ժողովրդավարական երկրների վերաբերյալ հայտարարություններում են արվում, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան։ Այդպիսի մեկ-երկու բալանսավորված, լայթսի մեջ դիտարկում կամ նկատողություն են անում՝ զուտ «գալոչկայի» համար։ ԵԽԽՎ կանոնակարգն այնպիսին է, որ Հայաստանի հարցով ԵԽԽՎ հաջորդ բանաձեւի հիմքում, բնականաբար, դրվելու է համազեկուցողների գնահատականը, եւ արդեն կանխատեսելի է, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցը հերթական քարտ բլանշն էր Նիկոլ Փաշինյանին՝ շարունակելու անտեղի, չհիմնավորված ձեւով կալանքի տանել քաղաքական օպոնենտներին, շարունակել ԶԼՄ-ների վրա պրեսինգը, խոսքի ազատության հանդեպ բռնաճնշումները, յուրաքանչյուր ազատ ասված խոսքի համար մարդկանց դեմ քրեական եւ վարչական գործեր հարուցելը»։