«Հրապարակ». Նույնիսկ նման «նվերները» չենք կարողանում ճիշտ ձեւով եւ թիրախային օգտագործել

«Հրապարակ». Նույնիսկ նման «նվերները» չենք կարողանում ճիշտ ձեւով եւ թիրախային օգտագործել

Եվրախորհրդարանի պատգամավորները հոկտեմբերի 5-ին բանաձեւ էին ընդունել, որով կոչ էին անում՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, վերանայել Բաքվի հետ համագործակցությունը, նվազեցնել կախվածությունն ադրբեջանական բնական գազից՝ Արցախում վերջին ռազմական գործողությունների պատճառով։
Դիվանագետ Վահագն Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ ականջներով ենք սիրում, եւ ակնաջահաճո հայտարարությունները միշտ որոշակի թմրեցուցիչ էֆեկտ են ունենում։

«Որտե՞ղ էր այդ Եվրախորհրդարանը, կամ՝ որտե՞ղ էր այդ Եվրախորհրդի վեհաժողովն այն ամենածանր, ամենաողբերգական, ամենաճակատագրական օրերին, նույնիսկ ես հետ կգնամ մինչեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Ոչ մի բանաձեւ, ոչ մի նմանատիպ կոշտ արտահայտություններ եւ այլն՝ չեն եղել։ Այստեղ երկու տարբերակ կարող է լինել, որ որոշակիորեն face-saving-ի (դեմքը փրկելու) հարց են հետապնդում, բայց մյուսը՝ նաեւ ամրապնդելու, ըստ իրենց պատկերացրածի, Եվրոպայի կամ հավաքական Արեւմուտքի դիրքերը, երեւի թե որոշակիորեն նաեւ մտավախություններ են առաջացել այս վերջին հայտարարությունից, չնայած ես չեմ կարծում, որ դա ինչ-որ մտավախություն առաջացնող հայտարարություն էր։ Խոսքը վեկտորի փոփոխության հետ կապված հայտարարության մասին էր։ Ես սա համարում եմ շատ ուշացած»,- ասաց Մելիքյանը։

Նա նկատում է, որ շատ առանցքային կետեր այդ բանաձեւում բաց են թողնվել՝ լուրջ հետեւանքների եւ մեր բռնի տեղահանված քույրերի եւ եղբայրների ճակատագրի հետ կապված որեւէ բան չկա, թե ինչպիսի երաշխիքներ կլինեն, եթե թեականորեն պատկերացնենք նրանց վերադարձը բնօրրան, հայրական օջախներ, հայրենիք։ Դրանից էլ դիվանագետը եզրակացնում է, որ սա ավելի շատ երես փրկելու, երես մաքրելու՝ face-saving-ի փորձ է։
«Այն ջղաձգումները, որ դա առաջացրեց Բաքվում, սա կարող է լինել գործիք՝ հետագայում օգտագործելու եւ ավելի լուրջ ճնշումների գնալու, ավելի լուրջ ճնշումներ բանեցնելու համար, բայց օրվա իշխանությունների կեցվածքն այնպիսին է, որ նույնիսկ նմանատիպ «նվերները» մենք չենք կարողանում ճիշտ ձեւով եւ թիրախային օգտագործել։ Սրանք բաներ են, որոնք լուրջ հետապնդման խնդիր ունեն, ամեն բառի հետեւից գնալու, ճնշումն ավելի ուժեղացնելու, ավելի բարձր խոսելու, բայց այդ հայտնի արտահայտությունը, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի․․․ երբ եղավ, դա բերանքսիվայր, գլխիվայր փոխել է ամբողջ իրավիճակը։ Ինչո՞ւ մենք չենք ուզում տարրական բանը հասկանալ եւ միշտ փորձ ենք կատարում՝ անպայման գտնել մեղավորներ ուրիշ տեղերում, երբ որ այդ մեղավորները կոնկրետ մարդիկ են եւ կոնկրետ նստած են մեր մեջ»,- ասաց դիվանագետը։

Հարցին՝ արդյո՞ք կոմպետենտ իշխանություն ունենալու դեպքում հայկական կողմը կկարողանա իր օգտին ծառայեցնել այս բանաձեւը, Մելիքյանն ասում է՝ միանշանակ, երկրորդ կարծիք չկա։ Ցանկացած բանաձեւ, որն ունի որոշակիորեն հայկական շահերը պաշտպանելու շեշտադրումներ, մենք պիտի հետեւողական լինենք եւ կարողանանք դա տեղավորել մեր ազգային օրակարգի մեջ։ Պարտադիր չէ, որ բանաձեւն իրավական ուժ ունենա, որպեսզի դա կարողանանք ի շահ հայկական կողմի ծառայեցնել։ Սա նաեւ  միջազգային հանրության որոշակի հատվածի՝ բավականին ազդեցիկ հատվածի արձագանքն է, որը, որպես գործիք, կարելի է ունենալ արսենալում եւ հետագայում ճիշտ հետամուտ լինելով՝ նաեւ հարցն ավելի լրացնելով, թարմացնելով, պարտադրողական բանաձեւեր ստանալ։

«Ցանկացած բանաձեւ ուղղակի չի ծնվում՝ հղում է կատարվում բազմաթիվ մոտեցումների, բանաձեւերի, նմանատիպ հայտարարությունների, դիրքորոշումների եւ այլն, եւ այլն։ Այս ամենի միջից, իհարկե, պետք է փորձել նաեւ դրականը քաղել եւ դրա հիման վրա փորձել հետամուտ լինել»։ Թեեւ Մելիքյանը շեշտում է, որ, ամեն դեպքում, սա ուշացած բանաձեւ է՝ եթե ճիշտ դիվանագիտություն վարվեր, այս ամենը շատ ավելի վաղ կկարողանայինք ստանալ։ 
«Արդյոք մենք ուզո՞ւմ ենք վարել այդ դիվանագիտությունը։ Բոլոր քայլերը ցույց են տալիս, որ մենք ոչ միայն չենք ուզում, այլեւ հակված ենք այդ անհասկանալի «խաղաղության օրակարգ» խոսույթին, որը բազմիցս ապացուցել է, որ իրականության հետ ոչ մի առնչություն չունի։ Ինչքան շատ ենք խոսում այդ օրակարգից, այնքան կորուստներն ավելի շատանում են, եւ պատերազմի հնարավորությունն էլ ավելի բարձրանում է։ Խոսելով խաղաղության օրակարգի մասին՝ մենք բարձրացնում ենք պատերազմի հավանականության նշաձողը։ Դա աբսուրդ է, հասկանո՞ւմ եք, աբսուրդ է։ Ես չեմ ասում՝ խաղաղության օրակարգից պիտի հրաժարվել, բայց այն խոսույթի մեջ, այդ ծիրի մեջ, որ դու տանում ես խաղաղության օրակարգը, դա դատապարտված է այլեւս։ Փաստացիորեն դա ապացուցված է, ցավալիորեն ապացուցված՝ կորուստների, արյան, պարտությունների եւ նմանատիպ բաների գնով, բայց էլի մենք ասում ենք՝ խաղաղության օրակարգ։ Ի՞նչ է այդ խաղաղության օրակարգը, որքան շատ ենք ասում, այնքան ավելի ենք մոտեցնում վտանգը։ Հալվա ասելով բերանը չի քաղցրանում՝ դրա տակ պետք է ֆունդամենտ դնել, որ դու կարողանաս այդ դիրքորոշումը պաշտպանել, թե ինչի համար ես այդ խաղաղության օրակարգն ուզում»,- շեշտեց դիվանագետը։
Այդ արտահայտությունները, խոսույթը, հասկանալի չէ՝ ում համար են, ամենայն հավանականությամբ, նման քարոզը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր նախընտրում են ականջահաճո բաներ լսել ու դրանց հավատալ, այնինչ, ըստ Մելիքյանի, իրականությունը շատ ավելի դառն է, վտանգավոր ու, ցավալիորեն, դեպի կորուստներ տանող։
«Տեսեք՝ ինչ է կատարվում Մերձավոր Արեւելքում, ամեն ինչ շատ պարզ կդառնա, ու մեկը հանկարծ չփորձի Հայաստանը բաժանել Մերձավոր Արեւելքից, այն, ինչ կատարվում է, ուղղակի շարունակությունն է արցախյան հիմնահարցի»,- վստահ է Վահագն Մելիքյանը։