Դավաճանված ենք բոլորից

Դավաճանված ենք բոլորից

Փաշինյանի մոսկովյան վերջին այցի ժամանակ հետաքրքիր բան տեղի ունեցավ, որ շատերը չնկատեցին: Հիշո՞ւմ եք, թե 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնն ինչ ասաց Փաշինյանին: Բոլթոնը Փաշինյանին հորդորեց արագացնել ԱԺ ընտրությունները, քանի դեռ նրա վարկանիշը բարձր է, որովհետեւ վստահության բարձր քվեով ավելի հեշտ կլինի որոշումներ կայացնելն ու դրանք իրականացնելը:

Մոսկվայում Պուտինը գրեթե տառացիորեն կրկնեց Բոլթոնի խոսքերը, բայց արդեն 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններում Փաշինյանի տարած հաղթանակից հետո՝ ընդգծելով, որ Փաշինյանն ունի մեծ վստահություն՝ ցավոտ որոշումներ կայացնելու եւ դրանց լուծմանը հասնելու համար: Երկու դեպքում էլ «որոշումները» վերաբերում են արցախյան խնդրի «կարգավորմանը», եթե չասենք՝ ադրբեջանամետ լուծմանը: Բոլթոնի եւ Պուտինի այս հորդորների համադրումով կարելի է ասել, որ 2018 թվականին սկսվեց այն, ինչը կարելի է բնութագրել որպես հայ-ադրբեջանական կոնֆլիկտի սառեցման եւ ապա՝ չեզոքացման գործընթաց: Ոմանք դա որակեցին Լավրովի պլան, ոմանք էլ՝ հարցի կարգավորման ամերիկյան տեսլականի իրագործում, որոնք ենթադրում էին 25 տարուց ավելի ձգվող ստատուս-քվոյի փոփոխություն: Միակ բանը, որ չկար ամերիկյան սցենարում, ռուսական զորքերի՝ Արցախում հայտնվելն էր, ինչը տեղի ունեցավ Ադրբեջանի բացառիկ ախորժակի ի հայտ գալու եւ խնդիրը զենքի ուժով լուծելու մտադրության պատճառով:

Բոլթոնի եւ Պուտինի խոսքերի նմանությունը, կարծում եմ, նկատել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը, եւ չի բացառվում, որ հենց դա էր նրա այլայլման պատճառը: Ի՞նչ ցավոտ որոշումների մասին է ակնարկում Պուտինը, մի՞թե Փաշինյանը նրան չխնդրեց ադրբեջանցի զինվորականներին հեռացնել Հայաստանի սուվերեն տարածքից, մի՞թե չաղաչեց՝ լուծել մնացած գերիների հարցը, մի՞թե Հայաստանի մնացած սահմանների պաշտպանությունը չհանձնեց ռուսական զորքին… Ու դեռ նոր ու ավելի ցավոտ որոշումնե՞ր պետք է կայացնի… Էլի ի՞նչ պետք է անի, մի՞թե Սյունիքից պետք է հրաժարվի, մի՞թե հայ ժողովրդին պետք է այն աստիճանի հիմարացնի, որ նույնիսկ վերջնական հայրենազրկումն ընդունվի որպես հաղթանակ: Նկատենք նաեւ, որ եթե Բոլթոնի խոսքերը 2018թ. աշնանը որպես ակնարկներ էին ընկալվում, ապա 2021թ. ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Պուտինի բերանով ասվող այդ նույն խոսքերն այլեւս նման են հանձնարարականի եւ առաջադրանքի, որ պետք է կատարի Փաշինյանը:

Վերադառնալով Հայաստան՝ Փաշինյանը վազ տվեց նոր տիպի ոստիկանության բացման արարողությանը, ապա՝ կառավարության նիստի, որտեղ ոչ մի բառ չխոսեց մոսկովյան այցի արդյունքների ու Պուտինից ստացած առաջադրանքի մասին: Ինչո՞ւ: Չի՞ ուզում դրանք կատարել, չի՞ ցանկանում նորանոր զիջումների գնալ: Չեմ ուզում մտածել, որ Փաշինյանը մտածում է ավելի հեռուն գնալու մասին: Նա պետք է կանգ առնի, եւ կա դրա հնարավորությունը: Կարող է թողնել, որ ՍԴ-ն արդար որոշում կայացնի եւ չեղարկի խայտառակ ընտրությունների արդյունքները: Այդ ընտրություններում նա «հաղթել» է նաեւ մեր այն «բարեկամների» շնորհիվ, որոնք արցախյան հարցի կարգավորումը դիտարկում են բացառապես իրենց շահերի շրջանակում եւ, իհարկե, պայմանով, որ դրան աջակցի նաեւ Հայաստանը:

Ե՞րբ պետք է հասկանանք, որ դավաճանված ենք բոլորի կողմից: