Առանց Ռուսաստանի հետ սերտագույն միության, Հայաստանը կվերածվի անապատի
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կրեմլյան հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պաշտոնապես հետեւյալ օրակարգն ուներ․ հայ-ռուսական հարաբերությունների զարգացում, Լեռնային Ղարաբաղ, հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակ, գերիների վերադարձ:
Նման վճռորոշ հանդիպումների դեպքում ռուսական կողմը սովորաբար որոշակի տեղեկատվություն է հրապարակում․ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայ լրագրողներին հայտնեց, որ օրակարգում Ադրբեջան-Հայաստան հատվածում ռուսական ռազմական ներկայության ընդլայնումն է, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարեց, որ որեւէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ։ Իսկ լրագրող Թաթուլ Հակոբյանը տեղեկացրել էր, որ օրակարգում 3 հարց է․ Հայաստան-Ադրբեջան արեւելյան սահմանի երկայնքով հաստատվում է ռուսական ռազմական ներկայություն, 2. անկլավների հարցը եւ 3. Ռուսաստան-Բելառուս-Հայաստան միութենական պայմանագրի ապագան: ԱՄՆ-ում գտնվող Թաթուլ Հակոբյանը հրաժարվեց բացել փակագծերը՝ ասելով, թե ավելին չի ուզում հայտնել։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ որեւէ ազդակ չի ստացել, որ հիմա կա Ռուսաստան-Բելառուս-Հայաստան միութենական պայմանագրի ապագայի հարց։ «Չեմ էլ կարծում, որ նման խնդիր է դրված, որովհետեւ նրանք չեն կարողանում Ռուսաստան-Բելառուս միությունը կարգի բերեն՝ այնպես, որ դա դառնա այն, ինչ մտադիր էին։ Երկրորդը․ եթե անգամ նման ցանկություն կա որեւէ մեկի մոտ, Հայաստանն այդ հնարավորությունները չունի»: Արամ Սարգսյանը կարծում է, որ խոսքն ավելի շատ ռազմավարական՝ պայմանագրային փոխանակությունների մասին է, քանի որ ժամանակի ընթացքում շատ բան փոխվել է, հավանաբար, պետք է վերատեսության ենթարկել առկա փաստաթղթային բազան եւ «երկու պետությունների՝ որպես դաշնակից երկրների հարաբերությունների վերաբերյալ նոր կոնցեպտ մշակել»։ Ըստ Սարգսյանի․ «Անհրաժեշտություն է, որ Հայաստանը վերջապես կողմնորոշվի, հասկանա՝ ինչ է ուզում, ինչ դոկտրին է ուզում, կողմնորոշվի, թե ինչ քաղաքականություն պիտի վարի՝ արտաքին, եւ ինչպես պիտի ապահովի իր ազգային պետական անվտանգությունը»:
Ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի պատասխաններում հետաքրքիր գնահատականներ ու շեշտադրումներ հնչեցին։
- Համարում եք, որ սա պարզ ապատեղեկատվությո՞ւն է, թե՞ արտահոսք կամ այլ բան։
- Այդ լրագրողը սկզբունքորեն չի կարող այդ մասին իմանալ․ սա՝ առաջին։ Այն բոլոր հարցադրումները, որ արել է, հարցադրումներ են, որոնք Հայաստանի առաջ ծառացած են՝ որպես պետության։ Եվ մեզնից ոչ ոք չի կարող վստահ լինել, որ այդ հարցերը ծառացած են Նիկոլ Փաշինյանի առաջ։ Իմ համոզմամբ՝ առանց Ռուսաստանի հետ սերտագույն միության, Հայաստանը պարզապես չի կարող գոյատեւել որպես պետություն։ Կվերածվի անապատի, որ մաս-մաս կզբաղեցնեն հարեւանները։ Բայց ես վստահ չեմ, որ Փաշինյանն այս հարցը քննարկել է։
- Իսկ ես վստահ չեմ, որ այդ սերտ միությունը հետաքրքիր է Ռուսաստանին։
- Պարզ ասեմ․ Ռուսաստանին սա հետաքրքիր չէ։ Բայց սա հետաքրքիր պետք է լինի Հայաստանին, ու այս հարցը Հայաստանը պետք է դնի։
- Իսկ Ձեր տեղեկությամբ՝ Փաշինյանը դրե՞լ է նման հարց։
- Անկեղծ ասեմ՝ չեմ իմանում։ Բայց այն ամենը, ինչ տեսնում ենք Փաշինյանի գործողություններում, խոսում է այն մասին, որ նա ի վիճակի չէ դնել մեր միջեւ առավել սերտ հարաբերությունների հարցը։
- Ի վիճակի չէ, իսկ ուզո՞ւմ է։
- Նաեւ՝ չի ուզում։ Նա ուզում է ՌԴ-ին այլընտրանք գտնել։
- Իսկ ինչո՞ւ հետաքրքիր չէ Ռուսաստանին, կասե՞ք։
- Որովհետեւ Հայաստանը հեռու է, ոչ, ինչպես Բելառուսը՝ սահմանակից։ Եվ երկրորդ․ հայ ժողովրդի խնդրի սրությունը Ռուսաստանի համար տեսանելի չէ։ Ռուսաստանի համար տեսանելի են հայ գործարարները, աշխատողները, բնակիչները, որ ապրում են մեր երկրում ամենուր՝ մինչեւ ամենախուլ անկյունները։ Եվ Ռուսաստանում կա ընկալում, որ հայկական հարցը լուծված է․ խնդրեմ՝ արի, աշխատիր։ Եվ ոչ ոք չի մտածում այն մասին, որ Հայաստանը պետք է փրկել որպես պետություն, որը հեռու է։ Ու սա Ռուսաստանին հասկացնելու համար, հայաստանյան իշխանությանը պետք է ոչ թե Ֆրանսիային սիրաշահել, ոչ թե նրան ամուսնության առաջարկ անել, այլ բացատրել այս ամենը Ռուսաստանին։ Բայց Հայաստանում քաղաքական շրջանակներում աճում են տրամադրությունները, որ կարելի է հրաժարվել Ռուսաստանից, գտնել նրան այլընտրանք՝ ի դեմս Ֆրանսիայի։ Խնդրեմ, որոնեք եւ գտեք այդ այլընտրանքը՝ ի դեմս Ֆրանսիայի։
- Բայց եթե ասում եք՝ դա մեզ հետաքրքիր չէ, կարծում եք՝ ՌԴ-ն պետք է դե՞մ գնա իր հետաքրքրություններին։
- Ռուսաստանը չեզոք դիրքորոշում ունի։ Ռուսաստանի համար Հայաստանը փոքրիկ մի կետ է գլոբուսի վրա։ Սա՝ մի կողմից, եւ մյուս կողմից՝ Ռուսաստանում ապրող միլիոնավոր հայերը։ Ռուսաստանի համար Հայաստանի հետ լինելու հարց դրված չէ, որովհետեւ միլիոնավոր հայեր հանգիստ ապրում եւ աշխատում են Ռուսաստանում՝ հանգիստ իրացնելով իրենց ազգային խնդիրները՝ եկեղեցի եւ այլն։ Նորից եմ ասում՝ Ռուսաստանին անհայտ է Հայաստանի պետականության խնդիրը։ Այն պետք է բացատրվի, այլապես այն ՌԴ-ի համար չկա, գոյություն չունի։
- Այսինքն՝ լոբբի՞նգ իրականացնել։
- Լոբբինգ անել։ Եթե կարծում եք, որ Ռուսաստանը քնում-զարթնում է՝ մտածելով, թե, ա՜խ, ինչպես ինձնով անեմ այդ Հայաստանը, խորապես սխալվում եք։ ՌԴ-ի համար չկա Հայաստան։
- Իսկ այդ լոբբինգն ի՞նչ կտա։
- Եթե Հայաստանն ուզում է փրկել իր պետականությունը, պետք է Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ լինի։ Սա Ձեզ ասում եմ բաց տեքստով։ Այո, սա մարգինալ մոտեցում է, ոչ պոպուլյար, որը շատ-շատերի դուրը չի գա։ Բայց այլ տարբերակ ես չեմ տեսնում։
- Բայց չէ՞ որ ՌԴ-Բելառուս միութենական պայմանագիրը չի աշխատում։
- Ռուսաստան-Բելառուս միութենական պայմանագիրը լայն քննադատության է ենթարկվում, բայց այդ բոլոր քննադատները մի բան պետք է նկատի ունենան, որ ՌԴ-ի եւ Բելառուսի բացարձակ մեծամասնության համար այս միութենական պետությունը բարիք է։ Ինչու՝ որովհետեւ այս միութենական պայմանագրի օրենքներով՝ մենք միասնական աշխատանքային դաշտում ենք, միասնական աշխատանքային գրքույկներ ունենք, կրթության միասնական համակարգ, միասնական միգրացիոն համակարգ։ Այն մարդկանց բացարձակ մեծամասնության կարծիքով, որոնք քաղաքականությամբ չեն զբաղվում, սա ամենակարեւորն է։ Երբ 10 տարի առաջ Բելառուսում ծագեց առաջին ճգնաժամը, մասնագետները հաշվարկեցին, որ Բելառուսի աշխատանքային շուկայում կհայտնվեն ավելորդ 1 միլիոն 200 հազար մարդիկ՝ աշխատակիցներ, եւ սկսեցին սպասել սոցիալական ճգնաժամի։ Բայց միութենական պայմանագրի շնորհիվ նրանք էլեկտրագնացք նստեցին եւ եկան հարեւան երկրի սահման ու ՌԴ-ում անհետ տարրալուծվեցին։ Ահա՝ սա է միութենական պայմանագրի իրողությունը։
Կարծիքներ