Վարչապետը հետ է կանգնում, «Լուսավոր Հայաստանը»՝ ոչ

Վարչապետը հետ է կանգնում, «Լուսավոր Հայաստանը»՝ ոչ

Անցած շաբաթ Ազգային ժողովում ընդդիմություն-իշխանություն եռօրյա փոխհրաձգության արդյունքում իշխանությունը մերժեց Երեւանի քաղաքապետարանին աղբատարներ նվիրելու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողով ձեւավորելը։
«Լուսավոր Հայաստանը» նախաձեռնել էր հանձնաժողովի ստեղծումը՝ կասկածելով, որ «ԿամԱԶ»-ների դիմաց քաղաքապետարանը շինարարական թույլտվություններ է տվել։ Իրավունքի ուժով անցած դեկտեմբերին ստեղծված հանձնաժողովի կազմը, սակայն, չհաստատվեց ուժի իրավունքով, իշխող մեծամասնությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հայտարարեց, որ հարցն ԱԺ լիազորությունների սահմանում չէ, ավագանին թող զբաղվի, «Իմ քայլը» դեմ քվեարկեց հանձնաժողովի կազմի ձեւավորմանը, ինչն էլ նշանակում է, որ հանձնաժողովն աշխատել չի կարող:

Այդուհանդերձ, ընդդիմադիրները չեն պատրաստվում հարցը տեղափոխել ավագանու դաշտ եւ, հետեւելով իշխանության խորհրդին, հանձնաժողով ձեւավորել քաղաքապետարանում։ Երեկ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում կրկին համոզմունք հայտնեց, որ հարցը խորհրդարանի լիազորությունների տիրույթում է, ու ամենայն հավանականությամբ, վաղվանից սկսած՝ նախաձեռնության հեղինակ խմբակցության պատգամավորները «ԿամԱԶ»-ների թեմայով հարցումներ կուղարկեն տարբեր գերատեսչություններ՝ ՃՈ, ՊԵԿ, արդարադատության եւ այլ նախարարություններ, որպեսզի կարողանան վեր հանել ողջ իրականությունը․ «Այսինքն՝ այն հարցումները, որ պատրաստվում էին անել հանձնաժողովի շրջանակներում, կանենք անհատական պատգամավորների միջոցով։ Ինչ վերաբերում է ԱԺ-ում ստեղծված, բայց չձեւավորված հանձնաժողովի հետագա ճակատագրին, կարծում եմ՝ մեր կուսակիցներն առաջիկայում կպարզաբանեն, թե ինչ է սպասվում»։

Մինչդեռ իրականությունն այն է, որ վարչապետի մակարդակով հանձնաժողովի հարցը «ջրվեց», եւ տեղեկություն կա, որ քաղաքապետ Հայկ Մարությանն այդ հանձնաժողովի տապալումից հաշված օրեր առաջ այցելել է Ազգային ժողով, մի քանի ժամ մնացել Արարատ Միրզոյանի կաբինետում, ենթադրվում է, որ գնացել է անձամբ խնդրելու, որ թեման փակեն, կամ փակելու համար շնորհակալություն հայտնելու։ Ուստի այս պարագայում, երբ իշխանությունն ամբողջ ուժերով մոբիլիզացվել էր այս խնդրի վրա, ինչ երաշխիք, որ գերատեսչություններից կստանան հավաստի եւ պատշաճ տեղեկատվություն․ «Կարծում եմ՝ այնուամենայնիվ, հարցումներին կպատասխանեն, ինֆորմացիաներ կան, որոնք իրար պետք է համապատասխանեն, եթե՝ ոչ, ապա մենք մեր հետաքննությունը, այնուամենայնիվ, կշարունակենք, իշխանությունները եթե կամք չդրսեւորեն՝ այդ ամենը բացահայտեն, ապա մենք կկազմենք փաթեթը եւ կներկայացնենք հանրությանը»։

Խաժակյանն ընդգծեց, որ ոչ մի դեպքում չեն հանձնվելու․ «Վարչապետն էլ իր խոսքում ասաց, որ մենք ընդունում ենք, որ կոռուպցիայի ընկալման նոր ձեւակերպում պիտի տրվի, դա միայն անձնական հարստացումը չէ։ Բայց մենք տեսանք, որ այդ խոսքից հետ կանգնեց։ Խնդիր չկա, վարչապետը հետ կանգնեց, մենք չենք նահանջի՝ մեր գործն անելու ենք»։

Բացատրեց, թե ինչու նպատակահարմար չեն գտնում քննիչ հանձնաժողով ձեւավորել ավագանիում, այն պարագայում, երբ, ինչպես ինքը  տեղեկացրեց, Երեւանի մասին օրենքով, հանձնաժողովում քաղաքական ուժերը հավասար համամասնությամբ են ներկայացվում, արդյունքում ընդդիմությունը թվային առավելություն կունենա իշխանության նկատմամբ. «Մենք դա չարեցինք, որովհետեւ կունենայինք անատամ քննիչ հանձնաժողով, որով այն հարցումների, այն խնդիրների սպեկտորը, որ դրված է, ԱԺ լիազորությունների մեջ է»։ Երեւանի ավագանին իրավունք ունի հարցում ուղարկել, բայց ոչ այն լիազորությամբ, որն ունի պատգամավորը։ «Ես պետք է հղում տամ տեղեկատվության ազատության մասին օրենքին, մինչդեռ այն ինֆորմացիան, որը ցանկանում ենք ստանալ, ողջամիտ է ուղարկել ԱԺ լիազորությունների շրջանակում»։