Հայաստանի անվտանգության նոր երաշխիքը` հակառուսականություն
Արեւմուտքը չի բավարարվում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվող հակառուսական հայտարարություններով եւ արված մի քանի քայլերով, ուզում է Հայաստանը վերջնականապես պոկել ռուսական ազդեցության տարածքից եւ վերածել իր կողմից անվերապահորեն վերահսկելի երկրի: Politico Europe պարբերականի թղթակիցը Փաշինյանին հարցնում է, թե արդյոք Հայաստանը մտադրություն չունի՞ Վրաստանի օրինակով միանալ ԵՄ-ին, ավելի սերտ հարաբերություններ ունենալ ՆԱՏՕ-ի հետ: Փաշինյանն առայժմ դիմադրում է եւ փոխանակ ուղիղ պատասխանի հարցին, խոսում է խաղաղության եւ բարեկեցության մասին:
Բայց սա արդեն նախկին Փաշինյանը չէ, սա այն Փաշինյանը չէ, որ հայտարարում էր, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են: Օրինակ, 2021 թվականի հունվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը, դիմելով Պուտինին, ասում է. «Ռուսաստանը եղել է եւ կմնա մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը նաեւ անվտանգության ոլորտում: Մենք պետք է քննարկենք ոչ միայն մեր տարածաշրջանի ապագան, այլ նաեւ այն օրակարգը, որն ունենք երկկողմ հարաբերություններում»: Կամ նույն՝ 2021 թվականի նոյեմբերին իր առցանց ասուլիսում մի քանի անգամ կրկնում է. «ՌԴ-ն ՀՀ ռազմավարական գործընկերն է, եւ այդ գործընկերությունն անգնահատելի է, ՌԴ-ն ՀՀ ռազմավարական դաշնակիցն է»: Արդեն տեւական ժամանակ է, ինչ նա ոչ միայն չի խոսում Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների մասին, այլեւ Ռուսաստանին դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության սպառնալիք:
Ճիշտ է` 2021 թվականի նոյեմբերից գրեթե երկու տարի է անցել, եւ այդ ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում շատ բան է փոխվել` 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական ագրեսիայի է դիմել Հայաստանի նկատմամբ՝ օկուպացնելով Հայաստանի տարածքի զգալի մասը, Ռուսաստանը, ըստ էության, անարձագանք է թողել այդ ագրեսիան, չի պաշտպանել իր ռազմավարական դաշնակցին, իսկ նույն՝ 2022թ. դեկտեմբերին Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, շրջափակել Արցախը, ռուս խաղաղապահներն էլ, որոնց անմիջական պարտականությունն էր՝ ապահովել միջանցքով բեռների եւ մարդկանց անարգել տեղաշարժը, ոչ մի կերպ չեն հակադարձել Ադրբեջանի այդ քայլերին: Բայց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերություններն ունեն իրավապայմանագրային հիմք, դրանք չեն կարող վերացվել միայն այն հիմքով, որ երկրի տվյալ պահի իշխանությունը դժգոհ է գործընկեր երկրի վարքագծից: Փաշինյանը չի կարող ասել՝ քանի որ Ռուսաստանն այնքան էլ լավ դաշնակից չէ, նախկինում ստորագրված պայմանագրերն ու դրանցով ստանձնած պարտավորությունները որեւէ իրավական հիմք չունեն, դրանք այլեւս չեղարկված են: Երբ լրագրողը Փաշինյանին հարց է տալիս, թե արդյոք Հայաստանը ցանկություն չունի՞ միանալու ԵՄ-ին, Փաշինյանը պետք է խոսի ոչ թե խաղաղության կարեւորության կամ բարեկեցիկ երկիր կառուցելու ցանկության մասին, այլ պետք է ասի, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, իսկ դա այլ տնտեսական միավորում է, որը բացառում է ԵՄ-ին անդամակցությունը։
Երբ հարցնում է ՆԱՏՕ-ի հետ առավել մտերիմ հարաբերություններ հաստատելու մասին, պետք է ասի, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն այս պահին փաստացի պատերազմի մեջ են, եւ այդ պայմաններում առնվազն կոռեկտ չէ խոսել մեր ռազմավարական դաշնակցի թշնամու հետ հարաբերությունները սերտացնելու հնարավորության մասին: Կամ էլ Փաշինյանը պետք է հայտարարի, որ, այո, Հայաստանի իշխանությունը որոշել է խզել բոլոր իրավապայմանագրային հարաբերությունները ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ եւ միանալ արեւմտյան դաշինքին: Մինչդեռ Փաշինյանը չի անում ո՛չ մեկը եւ ո՛չ էլ մյուսը, նա, իր խելքով, ցրում է հարցի պատասխանը՝ դրանով իրեն եւ Հայաստանը դնելով ծիծաղելի վիճակի մեջ, որովհետեւ նման պատասխան կարող է տալ միայն անսկզբունք, անծրագիր եւ պատասխանատվությունից խուսափող գործիչը, որն այսօր մի բան է ասում, մյուս օրը՝ մեկ ուրիշ բան, այսօր երկիրը տանում է մի ուղղությամբ, մյուս օրը` մեկ այլ:
Ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մասին բարձրաձայնելուց, արդյո՞ք այն պատճառով, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները, թե՞ որովհետեւ Փաշինյանը սկսում է համոզվել, որ Ռուսաստանը բավականաչափ թույլ եւ զբաղված է ու չի կարողանա պատժել իրեն: Այս հարցի պատասխանը եւս կարելի է գտնել Politico Eu-rope-ին տված հարցազրույցում Փաշինյանի պատասխաններում: Երբ լրագրողը Փաշինյանին հարցնում է, թե որն է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության անգործության եւ ձախողման պատճառը` «Ուկրաինայի պատերազմով գերզբաղվածությո՞ւնը, թե՞ դա մտածված որոշում է՝ խուսափելու Ադրբեջանին եւ Թուրքիային զայրացնելուց», Փաշինյանը պատասխանում է, որ, իր գնահատմամբ, երկու գործոնն էլ առկա են: Պատասխանից կարելի է հասկանալ, որ նա իր մեջ վերլուծել է Ռուսաստանի վարքագիծը եւ հանգել այն եզրակացության, որ Ռուսաստանը չափազանց զբաղված է Ուկրաինայով, որ չի կարողանում զբաղվել մեր տարածաշրջանի խնդիրներով՝ դրանք համարելով իր համար երկրորդական, եւ եթե Ռուսաստանը չի ցանկանում իր քայլերով զայրացնել Ադրբեջանին, ապա կարող է նույն տրամաբանությամբ հանդուրժողականություն դրսեւորել նաեւ Հայաստանի հակառուսական քայլերի նկատմամբ:
Բայց Արեւմուտքը չի բավարարվելու միայն Հայաստանի կողմից Ուկրաինային հրապարակային աջակցելով, Հռոմի ստատուտը վավերացնելով կամ հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելով: Եթե մինչեւ հիմա Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն էր, հիմա Արեւմուտքը Հայաստանին նոր բանաձեւ է առաջարկում. Հայաստանի անվտանգության երաշխավորը Հայաստանի հակառուսականությունն է: Արեւմուտքն այս փուլում զսպեց Ադրբեջանին, եւ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը սառեցվեց Հայաստանի կողմից մի քանի հակառուսական քայլեր կատարելու դիմաց, բայց Արեւմուտքը ստիպելու է, որ Հայաստանը չկանգնի, առաջ գնա: Հաջորդ քայլը պետք է լինի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունը, դրան ուղղված իրավական քայլերի իրականացումը, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խզելը եւ ԵԱՏՄ-ից դուրս գալը: Որովհետեւ, եթե Ռուսաստանը զբաղված է կամ բավարար ներողամիտ է Հայաստանի նկատմամբ, ապա Արեւմուտքը շտապեցնելու է եւ ստիպելու է, որ Փաշինյանը գործի ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ուղղությամբ եւ ոչ թե խոսի խաղաղության ու բարեկեցության մասին: Փաշինյանը պետք է շտապի, քանի որ Ադրբեջանը զորքը հետ չի քաշել, այլ ընդամենը որոշել է սպասել:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ