ՀՀ քաղաքացուն չի կարելի թողնել Ղազախստանի դեմ միայնակ

ՀՀ քաղաքացուն չի կարելի թողնել Ղազախստանի դեմ միայնակ

Ավտոներկրողների, իսկ ավելի ստույգ՝ ավտոներկրածների անելանելի վիճակի բուն մեղավորը ոչ թե իրենք՝ ավտոներկրած քաղաքացիներն են, այլ կառավարությունը: Մեր կառավարությունն այսօր մի կեցվածք է որդեգրել, ասես ավտոմեքենաները օրենքի խախտումներով են ներկրվել և դրա համար պետք է տուժեն ՀՀ քաղաքացիները: Սա, կներեք, ճիշտ կեցվածք չէ:

Նիկոլ Փաշինյանը օրը երկու անգամ թվեր է հրապարակում ՀՀ քաղաքացու կենսամակարդակի բարձրացման մասին, պարծենում որ իր իշխանության օրոք Հայաստան է ներկրվել մոտ 200 հազար ավտոմեքենա: Նա ըստ էության պարծենում է, որ մինչև հունվարի 1-ը կարողացել են «շուստրի ձևով» օգտվել ԵԱՏՄ երկրների միջև եղած օրենսդրական տարբերություններից և Ղազախստանի քաղաքացիներին հազարավոր ավտոմեքենաներ վաճառել: Բայց, ինչպես ասում են՝ «շուստրիության» ոտը կարճ է: Ղազախստանի կառավարությունը հասկացել է, որ ՀՀ թավշյա իշխանությունները վարչապետի մակարդակով իրեն էն կենդանու տեղն են դրել: Բանն այն է, որ Հայաստանից ավտոմեքանա գնած Ղազախստանի քաղաքացիները հեշտությամբ խուսափում էին որոշ հարկերից, որ պետք է վճարեին ներկրված ավտոմեքենան իրենց մոտ վերագրանցելու դեպքում:
Խոսակցություններ են տարածվում, որ ղազախները կարող են վերադարձնել գնված մեքենաները և պահանջել իրենց գումարները: Սա, իհարկե, քիչ հավանական է, բայց որ Ղազախստանն իր ֆինանսական կորուստները կփորձի վերականգնել Հայաստանի հաշվին, կասկածից վեր է: Մնում է միայն իմանալ, թե երկու երկրների կառավարություններն ի՞նչ եզրահանգումներ կանեն իրենց բանակցությունների արդյունքում: Իսկ մինչ այդ ՀՀ իշխանություններն սկսել են քննադատել մեր ավտոներկրողներին՝ հին ավտոներ եք բերում, խաբում եք ղազախներին և թանկ գնով վաճառում, ձեզ ո՞վ էր խնդրել գրավով բանկերից վարկ վերցնել՝ ավտոմեքենա ներկրելու համար և այլն: ՀՀ կառավարությանն այսօր ոչ ոք չի հարցնում՝ իսկ ինչո՞ւ հնարավոր անհաջողությունների մասին չէիք նախազգուշացնում ՀՀ քաղաքացուն, այլ ուրախանում էիք, որ քաղաքացիներն սկսել են ավելի շատ վարկ վերցնել և բանկային գործարքներ կատարել: Ձեզ ի՞նչ է, թվում էր՝ այդ «դուխով» վարկերով բիզնեսնե՞ր են դրվում, աշխատատեղե՞ր են ստեղծվում, Հայաստանը դառնում է ավտոարտահանող երկի՞ր…

Վախենալով ավտոներկրողների ավելի մեծ բողոքներից՝ իշխանության առանձին ներկայացուցիչներ նրանց հորդորում են՝ շատ մի նեղվեք, ավտո է, վերջը կվաճառվի, էժանացրեք… Ինչպե՞ս էժանացնեն, իսկ բանկի տոկո՞սն ինչպես տան, քանի՞ տարում կկարողանան վաճառել այդքան մեքենան, եթե մնան Հայաստանի շուկայի հույսին:

Խնդիրը հեշտերից չէ, նաև անսովոր է, որովհետև,կարծես, առաջին անգամն է, որ մեր քաղաքացիները բախվել են նման իրավիճակի՝ կապված օտար պետության հետ, որին պարզապես չեն կարող բողոքել, թե մենք այս «բիզնեսը» դրել էինք ձեր հույսով: Այս իրավիճակում ՀՀ իշխանությունները պետք է կարողանան ճիշտ կողմնորոշվել և հնարավորինս աջակցեն ավտոներկրողներին: Կարելի է վերանայել այս նպատակով տրված վարկերի տոկոսադրույքները, գրավադրված գույքի ցանկերն ու պայմանները, վերջապես շուկա փնտրել՝ ներկրված ավտոմեքենաները վաճառելու համար: