Մենք պետք է դադարե՞նք ատել ադրբեջանցիներին
Ինչպես երեւում է, միջազգային հանրություն կոչված տարածությունում առկա է մեկ ադեկվատ կազմակերպություն. դա Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն է: Ինստիտուտի հերթական հայտարարությունում մտահոգություն է հայտնվում մոտ ապագայում Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու սպառնալիքի առումով: Բայց զարմանալիորեն պարզվում է, որ գոյություն ունի նաեւ մեկ անձ, որն ի վիճակի է իրականությունը գնահատել ադեկվատորեն: Դա ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի արդեն նախկին տնօրեն Քրեյգ Մոխիբերն է, որ հրաժարական է տվել նախորդ օրը: Եվ դրա պատճառը, ըստ նրա, Իսրայելի կողմից «Գազայի հատվածում բացահայտ ցեղասպանության իրականացումն է, ինչը ՄԱԿ-ի ղեկավարությունը չի ցանկանում կամ ի վիճակի չէ կասեցնել»։
Իսկ ասվածը նշանակում է, որ 80 տարի առաջ գերմանացի նացիստների կողմից ցեղասպանված հրեաների սերունդներն այսօր ցեղասպանում են մեկ այլ ժողովրդի, ու դա արեւմտյան աշխարհը չի ցանկանում նկատել:
Բայց, ի տարբերություն Գազայի հատվածի արաբ բնակիչների, որոնց թիկունքին համարյա ողջ արաբական աշխարհն է եւ որոշ այլ պետություններ, Հայաստանի թիկունքը դատարկ է: Իսկ արաբական աշխարհ ասելով պետք է նկատի ունենալ 375 միլիոն բնակչությամբ 23 երկրից գոնե մեկ տասնյակը: Որոնց գումարվեց նաեւ մարդու իրավունքների գծով աշխարհի գլխավոր կառույցի պաշտոնյաներից մեկը: Բայց դե՝ հայերս քչով բավարարվող ժողովուրդ ենք, ու մենք շնորհակալ ենք մեր բախտը լացող հենց միայն մեկ ինստիտուտի առկայությունից: Դա էլ, բնականաբար, գալիս է պատմական մեր ճակատագրով պայմանավորված՝ բնակչության եւ տարածքային առումով նվազ լինելուց:
Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ ասվում է, որ արեւմտյան աշխարհի կողմից ցեղասպանության անտեսումը հանգեցնելու է ցեղասպանության դարաշրջանի առաջացմանը: Մեր կողմից ավելացնենք, որ դրա նախանշանները մենք տեսանք թե՛ հայկական Ացախում եւ թե՛ պաղեստինյան Գազայում: Եվ առաջին դեպքում արեւմտյան աշխարհն այն չնկատեց, իսկ երկրորդ դեպքում նույնիսկ շարունակում է խրախուսել: 21-րդ դարում վայրագությանը վայրագությամբ պատասխանելը (1000 զոհի դեմ ավելի քան 7 հազար զոհ) չտեսնելն աշխարհին գլորում է դեպի միջնադար: Եվ այդ առումով, ինչպես երեւում է, շատ ավելի վատ վիճակում ենք հայտնվելու հենց մենք:
Որովհետեւ Գազայի հատվածի արաբների շուրջ բազմաթիվ արաբական պետություններ են՝ ինչպիսի դիրքորոշում էլ նրանք ունենան այդ խնդրի առումով: Իսկ մենք, ինչպես ասվեց, միայնակ ենք, իսկ այս անգամ էլ «խաղաղության խաչմերուկ» անվանումով անհեթեթ գաղափարի հեղինակը չի ցանկանում տեսնել իրականությունը: Ինչը, օրինակ, այսօր հանդես է գալիս Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ, ոմն Ջամալովի տեսքով, ով հայտարարել է, որ «եթե Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն է ուզում, ապա պետք է դադարի ատել ադրբեջանցիներին»։
Փաստորեն ստացվում է, որ վայրագ թշնամի երկրի ղեկավարի շնորհիվ շուրջ քսանամյա հայատյացության ծավալման պայմաններում հայաստանցիները նույնիսկ իրավունք չունեն փոխադարձնելու այդ զգացմունքը: Երկուսուկես տարի առաջ վարչապետի աթոռից կառչած անձն իր քարոզարշավում մարդկանց փորձում էր համոզել, որ թուրքերին ատելը սխալ բան է: Ինքը, օրինակ, նրանց նկատմամբ ատելություն չի տածում, որովհետեւ ատելությունն ատելություն է ծնում, ու մենք չենք կարող դուրս գալ այդ շրջանակից: Եթե նույնիսկ այդ խոսքերում առկա էր որոշակի տրամաբանություն, ապա այդ խորհուրդը պետք է տրվեր նաեւ ադրբեջանցիներին ու նրանց ղեկավարին: Բայց քանի որ շատ վաղուց այդ ժողովուրդն ու նրա ղեկավարը բանի տեղ չեն դնում վերը նշված անձին, ապա ատելության վերացման քարոզը, որպես միակողմանի երեւույթ, թուլացրել եւ շարունակում է թուլացնել մեր ժողովրդին: Դա չի ցանկանում հասկանալ ու, բնականաբար, երբեք էլ չի հասկանալու այդ անձը, որի ձեռքերում է գտնվում մեր պետության ճակատագիրը:
Կարծիքներ