«Հրապարակ». Հենց Փաշինյանի պատճառով է, որ Արցախի իշխանություններն անելանելի վիճակում են հայտնվել ու նստացույց են անում

«Հրապարակ». Հենց Փաշինյանի պատճառով է, որ Արցախի իշխանություններն անելանելի վիճակում են հայտնվել ու նստացույց են անում

«Հրապարակի» զրուցակիցն Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանն է:

- Պարոն Հակոբյան, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը եւս միացել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցող համազգային բողոքի ակցիային: Նրա ներգրավվածությունն ակցիային բավականին շատ քննադատությունների արժանացավ, հատկապես՝ Հայաստանում: Մարդիկ ասում են, որ գործադիր իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի, լուծումներ գտնի, այլ ոչ թե քաղաքական ուժերի եւ ակտիվիստների նման ակցիաներ անի: Ի վերջո` ի՞նչ գնահատական կտաք Դուք: Ի՞նչ է սա նշանակում: Արդյո՞ք Արցախն այս աստիճան բարդ ու անհույս վիճակում է հայտնվել, որ երկրի նախագահն է նստացույց անում:

- Արցախում իրավիճակը ոչ միայն բավականին բարդ է, այլեւ` ծայրահեղ լարված: Յոթ ամիս շարունակ 120 հազար մարդու պահում են շրջափակման մեջ, իսկ ահա բոլորովին վերջերս էլ որեւէ տեսակ ապրանք չի մտնում Արցախ: Բնական է, որ այդ պայմաններում Արցախում ստեղծվելու էր ծայրահեղ լարված իրավիճակ, ուստի, Արցախի Հանրապետության նախագահի այս գործողությունները կարելի է հենց բացատրել դրանով: Մյուս կողմից էլ` մեզ համար անընդունելի է, նաեւ՝ անհասկանալի, թե ինչու է նման գործողությունների դիմում Արցախի նախագահը, քանզի նա ունի բոլոր տեսակի գործիքակազմերը, որպեսզի ոչ թե իջնի փողոց` նստացույց անի, այլ օգտագործի իր գործիքակազմերը` երկրում իրականացնելով ճգնաժամային կառավարում, կարողանալով մեղմել այս սարսափելի վիճակը:

- Գուցե իրավիճակն այնքան բարդ է, որ անգամ Հարությունյանն ի զորու չէ ինչ-որ բան փոխել եւ անզորությունից ակցիա է իրականացնում, որ աշխարհի ուշադրությունը բեւեռի այս իրավիճակի վրա: Շառլ Միշելն էլ առաջարկել է Արցախին` ինտեգրվել Ադրբեջանին, օգտվել Աղդամի ճանապարհից:

- Անզորության մեջ կարող է ընկնել ժողովուրդը, շարքային քաղաքացին, բայց ո՛չ երկրի նախագահը: Երկրի իշխանություններն անզորության մեջ ընկնելու իրավունք պարզապես չունեն, ցանկացած իրավիճակում պետք է ելք գտնեն, քանի որ պետություն ասվածը ստեղծվել է հենց նրա համար, որ կարողանան ճգնաժամային իրավիճակներում լուծումներ առաջարկել, ոչ թե անզորության մեջ ընկնել: Եթե Արցախի իշխանությունները ոչինչ չեն կարողանում անել, ուրեմն իրենց մեկ բան է մնում` հրաժարական ներկայացնել:

- Մի պահ պատկերացնենք՝ Արայիկ Հարությունյանը հրաժարական ներկայացրեց: Կա՞ այնպիսի ծանրակշիռ ու բանիմաց մեկը, որը կարող է, վերջապես՝ ցանկանում է ստանձնել այդ մեծ պատասխանատվությունը` վերցնել պատերազմող երկրի իշխանությունը, որն արդեն քանի ամիս է՝ բլոկադայի մեջ է: Բացառությամբ ինչ-որ մութ ուժերի կողմից ֆինանսավորվող անհայտ ու անփորձ երիտասարդների, կա՞ այդպիսի մեկը, որը նաեւ հանրային ճանաչում եւ ընկալում ունի:

- Կարծում եմ` քաղաքականության մեջ «եթե»-ներ չկան: Արցախի Հանրապետությունը զուրկ չէ նրանցից, ովքեր կարող են ստանձնել իշխանության պատասխանատվությունը: Թյուր է այն կարծիքը, որ եթե Արայիկ Հարությունյանը հեռանա, ոչ ոք չի կարողանալու իշխանություն վերցնել:

- Ոչ թե չի կարողանալու, այլ տպավորություն է, որ ցանկություն էլ չկա:

- Դրանք բոլորը ենթադրություններ են: Քաղաքականության մեջ չպետք է ենթադրություններով առաջնորդվել:

- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը փաստացի Արցախի դեմ հայտարարություններով են հանդես գալիս, ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Արցախը: Նիկոլ Փաշինյանի պնդումների եւ ցանկությունների հետ արցախահայությունը համաձայն չէ, բայց նա շարունակում է ներկայացնել Արցախը, հանդես գալ ձեր անունից, որոշել ձեր ճակատագիրը: Ինչո՞ւ Փաշինյանին չեք զրկում ձեր իրավունքների մասին խոսելու եւ ձեր ճակատագիրը որոշելու իրավունքից:

- Այն, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ 2020 թվականից հետո իրավունք չուներ խոսելու, փաստ է: Նա առհասարակ չպետք է զբաղեցներ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, որովհետեւ նա պարտված ղեկավար է: Այնպես չէ, որ Արցախում Փաշինյանի հայտարարություններին չեն հակադրվում, սակայն դա պետք է հստակ ձեւակերպեն Արցախի Հանրապետության իշխանությունները, դա նրանց անելիքն է: Հենց նույն Փաշինյանի պատճառով է, որ Արցախի իշխանություններն անելանելի իրավիճակում են հայտնվել եւ նստացույց են իրականացնում: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Արցախի մասին իրավունք չունի հայտարարություններ անել, այլեւ չունի իրավունք՝ խոսելու Հայաստանի մասին: