Անգամ անարժանապատիվ քաղաքացիների հետ նման կերպ վարվել չի կարելի

Անգամ անարժանապատիվ քաղաքացիների հետ նման կերպ վարվել չի կարելի

Մի քանի օր է՝ հանրության քննարկման առանցքում Երեւանի ավտոկայանատեղիների վճարների նոր դրույքաչափերի թեման է: Բանն այն է, որ Երեւան համայնքում որոշել են ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանել գոտիավորման սկզբունքով: Առաջարկվում է Երեւանում սահմանել 2 գոտի` Ա եւ Բ: Ա գոտին ներառում է Երեւանի կենտրոնը, Բ գոտին` արվարձանները: Կենտրոնում 1 ժամ կայանման համար սահմանված է 300, 1 օրվա համար՝ 2 հազար, 1 շաբաթվա՝ 5 հազար, 1 ամսվա՝ 18 հազար, 1 տարվա համար՝ 160 հազար դրամ: Բ գոտում 1 ժամվա համար՝ 200, 1 օրվա՝ 1000, 1 շաբաթվա՝ 2 հազար, 1 ամսվա՝ 4 հազար, 1 տարվա համար՝ 24 հազար դրամ: Նպատակը մայրաքաղաքի փոքր կենտրոնը բեռնաթափելն է:

Այս թեմայով օրերս քաղաքապետարանում հանրային լսումներ էին կազմակերպվել, որին ավագանու ընդդիմադիր խմբակցություններն առանձնապես ակտիվ չէին, ակտիվ չէին նաեւ շարքային երեւանցիները, որոնք սոցցանցերում ակտիվ քննադատում են ցանկացած նման քայլ, բայց հանրային լսումների մասնակցել չեն սիրում: Եվ տպավորություն է, թե երեւանցիները, նաեւ ավագանու ոչ իշխանական խմբակցությունները, այս գաղափարի հետ հաշտ են: Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, իրավապաշտպան Նարե Արամյանը մեզ հետ զրույցում նշում է, որ կայանատեղերի նոր գներ սահմանելն ուղղակի անընդունելի է եւ անթույլատրելի:

- Փաստորեն, իշխանությունը որոշել է կեղեքել «հպարտ երեւանցիներին»: Ասում են՝ այս ձեւով փորձում են կենտրոնը բեռնաթափել: Արդյունավե՞տ տարբերակ է սա:

- Անգամ այն քաղաքացիները, որոնք իրենց համարում են արժանապատվությունից զուրկ, չի կարելի նրանց հետ այսպես վարվել: Նախ եկեք անդրադառնանք իրավական ոլորտին եւ հասկանանք, թե որքանով է այս քայլն իրավաչափ: Եթե մենք ենթակառուցվածքային համապատասխան զարգացում չունենք` հանրային տրանսպորտի ենթակառուցվածքից սկսած, վերջացրած հարակից ենթակառուցվածքներով, չենք կարող գործը սկսել վերջից: Ի՞նչ է սա նշանակում: Նման գումարներ սահմանել եւ ասել, թե սա է խնդրի լուծումը, նշանակում է խնդիրներին լուծում տալ ամենավերջին փուլից: Եթե մենք չենք հիմնավորում, թե ինչպես պետք է լուծվեն մնացյալ կարեւոր խնդիրները, այս տարբերակով պարզապես անհնար է հարցեր լուծել: Սա անընդունելի է: Ո՞վ է դեմ, որ քաղաքում երթեւեկությունը ծանրաբեռնված չլինի, փողոցներն ազատ լինեն, կարծում եմ` ոչ ոք, մենք՝ բոլորս էլ կողմ ենք, որ քաղաքում խցանումներ չլինեն, սակայն հարցն այն է` ինչպե՞ս: Այս տարբերակը չի կարելի անվանել հարցի լուծում: Մենք թե՛ 2011 թվականին եւ թե՛ արդեն 2018-ին տարբերակներ առաջարկել ենք, թե ինչպես պետք է լուծվեն այս հարցերը: Այսօր էլ բազմակողմանի քննարկումներ են հարկավոր, ոչ թե ուղղակի մեկ հանրային լսում, իբրեւ ձեւ են տալիս, թե փորձում են մարդկանց լսել…. քաղաքը բեռնաթափելու ծրագիրը պետք է լինի Հայաստանին համաչափ` բոլոր առումներով. բնակչության խտության, երկրի զարգացածության, տնտեսական, միջավայրի եւ այլ առումներով:

- Այլ երկրներում ինչպե՞ս են լուծվում նման խնդիրները: Օրինակ` հարեւան Վրաստանում, Ռուսաստանում ինչպե՞ս են Մոսկվան, Թբիլիսին բեռնաթափում:

- Թբիլիսին, Մոսկվան ամեն ինչով տարբեր են Երեւանից: Այո, այնտեղ երբեք նման տարբերակներով խնդիրներ չեն լուծվում, այդպիսի սխեմաներ այնտեղ չկան: Ի դեպ, այդ երկրների սպառողական զամբյուղը շատ ավելի բարձր է, քան մերը, այնտեղ մարդիկ ավելի լավ են ապրում, քան Հայաստանում: Մեզանում այս հարցերի մասով համակողմանի ուսումնասիրություն չի կատարվել: Անգամ եվրոպական երկրներում, որոնք համաչափ են Հայաստանին, օրինակ` Իսրայելը, Սլովենիան, այլ ձեւերով են փորձում այս տեսակ խնդիրները լուծել: Ֆրանսիայում, Գերմանիայում եւս Երեւանին համաչափ քաղաքներ կան, որտեղ այսքան բարձր թվեր սահմանված չեն:

- Ի դեպ, վերջերս երթուղային տրանսպորտի համար նախատեսված առանձին գծերը զգալի մեծացրել են Երեւանում խցանումները: Եթե քաղաքապետարանն այդքան մտահոգ է խցանումների հարցով, ինչո՞ւ են խցանումներն ավելացնող գործողություններ արվում: Նոր ավտոբուսները, որոնք չափերով շատ մեծ են, եւս ավելացրել են խցանումները:

- Մենք՝ բոլորս էլ հասկանում ենք, որ երթուղայինների համար անհրաժեշտ են անխոչընդոտ, առանձին գոտիներ, բայց ինչո՞ւ ենք դա անում գիծ գծելով, խցանումներ ավելացնելով: Չէ՞ որ գիծը խնդիր չի լուծում, հակառակը: Պետք է այլ ձեւով աշխատել: Նախ պետք է տրանսպորտի համար նախատեսված սխեմա ունենալ, հետո նոր տարբերակներ առաջարկել, ոչինչ, փաստորեն, այդ մասով չեն անում եւ միայն գծում են, քաղաքն ավելի ծանրաբեռնում: Ե՞րբ է չարաբաստիկ գլխավոր հատակագիծ կոչվածը սկսելու կյանքի կոչվել: Սպասվո՞ւմ է առաջիկայում ինչ-որ տեսանելի գործողություն, թե՞ կտոր-կտոր լուծումներ ենք տալու` խորացնելով խնդիրները:

- Փաստորեն ՔՊ-ն, իր խոստումներին հակառակ, միայն քաղաքացիների հոգսերն է ավելացնում:

- Այո, այդպես է: Ցանկացած ընդդիմադիր կուսակցություն պետք է մտածի, որ եթե մի օր իշխանություն դառնա, պետք է պատասխանատու լինի իր երբեմնի հայտարարությունների, դիտարկումների եւ կոչերի համար: Չի կարելի ինչ-որ բաներ ասել, որոնց համար պատասխանատու չես: Հասկանալի է, որ այս իշխանություններն այդ մասին չեն մտածում: Շատ ավելի կարեւոր հարցեր էլ կան, օրինակ՝ անվտանգության մասով, որ առաջ այլ բաներ էին ասում, հիմա` լրիվ այլ: