Եթե կառավարությունը չընդառաջեց, ճանապարհ փակելուց բացի ուրիշ քայլեր էլ կանենք

Եթե կառավարությունը չընդառաջեց, ճանապարհ փակելուց բացի ուրիշ քայլեր էլ կանենք

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքի բնակիչները չեն համակերպվել իրենց համայնքների` Սեւան խոշորացված համայնքի մեջ ներառելու փաստի հետ։ Այս գյուղերի բնակիչները, որոնք դեմ էին համայնքների խոշորացմանն ու Սևան համայնքի կազմում ընդգրկվելուն, մեկ մարդու նման չմասնակցեցին 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին` բոյկոտեցին ընտրությունները: Խոշորացման որոշումը չեղարկելու պահանջով, նրանք մի քանի անգամ ճանապարհ են փակել: Մինչ գյուղացիները փակ էին պահում ճանապարհը, եւ հանդիպում էին պահանջում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ Գնել Սանոսյանի հետ, այդ ընթացքում նախարարությունից պարզաբանում էին, որ վարչատարածքային բաժանման օրենքի համաձայն՝ Ծովագյուղը և Սեմյոնովկան համարվում են խոշորացված համայնք եւ ներառված են Սևան խոշորացված համայնքում` որևէ այլընտրանքային լուծում, տարբերակ չի քննարկվում։

Ի՞նչ են պատրաստվում անել գյուղացիները, որպեսզի հասնեն իրենց նպատակին, հարցրեցինք Սեմյոնովկա համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մնացականյանին. «Հիմա ձեւավորվում է աշխատանքային խումբ, 2 գյուղերից ներկայացուցիչներ կլինեն, մոտ 20 հոգի եւ փաստաբանների հետ միասին կառավարության հետ հանդիպում կլինի, որտեղ էլ քննարկելու է 2 համայնքների ճակատագիրը: Դեռ օրը որոշված չի, իսկ մինչ այդ համայնքներում շարունակվելու է այս վիճակը մնալ, համայնքապետարանները չեն աշխատելու: Բնակիչները իրենց պահանջ են ներկայացնելու եւ հետ չեն կանգնելու իրենց պահանջից:

- Կարծում եք, որ Կառավարության հետ հանդիպումը արդյունք կտա՞:

- Դեռ ոչինչ չգիտենք, թե ինչ կլինի, հարցն այն է, որ բնակիչները իրենց ձայնը մինչեւ վերջ պետք է հասցնեն:

Ծովագյուղ համայնքի նախկին համայնքապետ Վահրամ Գևորգյանն էլ պնդում է, որ սա գյուղացիների պահանջն է. «Կներեք ինձ ոչինչ չի հետաքրքրում: Խոշորացում եղավ` միանշանակ չեմ աշխատելու, եթե երկու համայնքները միացան՝ անպայման աշխատելու են»:

- Գյուղացիները Ձեր մասին լավ կարծիք ունեն, նշում են, որ Դուք համայնքի համար ամեն ինչ արել եք:

- Լավ գյուղապետ էի, ամեն բան էլ անում էի: Ինձ ասում են, որ պաշտոնի համար եմ պայքարում, էդ ասողներին պիտի ապացուցեմ, որ պաշտոնի համար միայն իրենք կարող են պայքարել, ես պաշտոնի համար չեն պայքարում:

- Պարո՛ն Գեւորգյան, կմասնակցե՞ք այսօրվա հանրահավաքին:

- (Ծիծաղում է): Չեմ մասնակցում, մյուս հանրահավաքին` նոր կմասնակցեմ:

ՀԳ Նշենք, որ գյուղացիները որոշել են` եթե Կառավարության հետ հանդիպումից հետո ոչ մի բան չփոխվեց, ճանապարհ փակելուց բացի այլ քայլեր եւս կձեռնարկեն: