Վանական համալիրները պաշտպանության տակ առնելու հայտ կներկայացվի
Հայաստանը պատրաստվում է հայտ ներկայացնել՝ Տաթեւի եւ Տաթեւի մեծ անապատ վանական համալիրները Հաագայի կոնվենցիայի շրջանակներում ուժեղացված պաշտպանության տակ առնելու համար։
Այս մասին հայտնել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանն ու նշել, որ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ «Այս պահին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում՝ Տաթեւի եւ Տաթեւի մեծ անապատ վանական համալիրները Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի շրջանակներում ուժեղացված պաշտպանության տակ առնելու համար հայտ պատրաստելու նպատակով:
Նախապատրաստական փուլի մեջ ենք, միջազգային փորձագետների հետ հանդիպումներ ենք ունենում։ Նախնական պայմանավորվածությամբ՝ անհրաժեշտ փաստաթղթերը կստորագրվեն մայիսի վերջին»,- տեղեկացրել է նա։
Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիան ընդունվել է Հաագայում (Նիդերլանդներ), 1954 թվականի մայիսի 14-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության օբյեկտների զանգվածային ոչնչացման հետքերով, եւ առաջին միջազգային պայմանագիրն է, որը լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում՝ նվիրված բացառապես զինված հակամարտությունների դեպքում մշակութային ժառանգության պաշտպանությանը:
Կարծիքներ