Էներգետիկ էմբարգո եւ ՄԻԳ ռազմական կործանիչներ

Էներգետիկ էմբարգո եւ ՄԻԳ ռազմական կործանիչներ

Անցյալ շաբաթ ինչ-որ օր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաէկրանից հայտարարել էր, թե «Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը ընթանում է ըստ պլանի»` իր վրա ծիծաղեցնելով ողջ աշխարհին: Բացառությամբ ՌԴ քաղաքացիների, որտեղ դաժան եւ տոտալ գրաքննություն է հաստատված (հարևանման 44-օրյա պատերազմի ընթացքում Փաշինյանի հանցախմբի կողմից Հայաստանում հաստատած գրաքննությանը), ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը Կրեմլի ստահոդ ու սնամեջ քարոզչությունից այն կողմ, որեւէ լրատվամիջոցից իրականությունն արտացոլող որեւէ լրատվություն չի ստանում:

Հետեւաբար, եթե Ռուսաստանում մարդիկ անտեղյակության մեջ դեգերում են եւ մեկը-մյուսի ետեւից իջնող ֆինանսա-տնտեսական հարվածներից գլուխը բարձրացնել չեն կարողանում, մնացյալ աշխարհը տեսնում է, որ Ռուսաստանի համար Ուկրաինա կատարած ներխուժումը վերածվել է ռազմական աղետի: ՌԴ ցամաքային ուժերի 2/3-ը, երկու հարյուր հազարանոց կոնտինգենտ ներխուժել է Ուկրաինա եւ 13 օրվա ընթացքում կորցնելով ցամաքային ռազմատեխնիկայի մեծ մասը, տալով հազարավոր, եթե ոչ` տասնյակ հազարավոր վիրավորներ, զոհեր, գերիներ, կարողացել է մուտք գործել, ներկայություն հաստատել միայն մեկ քաղաքում` Խերսոնում, որ գտնվում է Սեւ ծովի ափին, շատ մոտ Ղրիմի թերակղզուն:

Մնացյալ ուղղություններում, հարավում` Մարիուպոլի, հյուսիս-արեւելքում`Խարկովի, եւ մայրաքաղաք Կիեւի ուղղությամբ առաջացած ռուսական շարասյուները բախվել են այնպիսի արդյունավետ դիմադրության ու հակազդեցության, նրանց համար այնքան լոգիստիկ խնդիրներ են ստեղծվել, մարտունակ զինուժի այնպիսի անբավարարություն է առաջացել, որ արդեն մեկ շաբաթ համարյա ամենուր դոփում են տեղում, ցամաքային ուժերի որեւէ շոշափելի առաջընթաց չի կատարվում: Արդյունքում որպես սեփական անկարողության ու տապալման վրեժխնդրություն Կրեմլից անցել են ակնհայտ պատերազմական հանցագործությունների` խաղաղ բնակչության հրթիռակոծման: ՌԴ ռազմաօդային ուժերը ուղղակի թիրախավորում են ուկրաինական բնակելի շինություններ, դպրոցներ հիվանադանոցներ, հրթիռային հարվածներով, ռմբակոծումներով, հրետակոծումներով սպանում անզեն, խաղաղ քաղաքացիների: Տրիվիալ ստորություն եւ վայրագություն է` չկարողանալով հաջողության հասնել զինված մարտերում, համատարած կոտորած են փորձում իրականացնել խաղաղ բնակչության հանդեպ :

Այս քստմնելի մարտավարությունը ակներեւ պատերազմական հանցագործություն է, որի հետաքննությամբ արդեն զբաղվում է Միջազգային քրեական դատարանը: Սակայն ներկա պահին ինչպես է աշխարհը փորձում այդ հանցագործությունը դադարեցնել, ռազմական առումով դրան հակազդել` մարդկային կյանքեր փրկելու համար:

Բոլոը գիտեն, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին, ում այլեւս Ուինստոն Չերչիլի հետ են համեմատում (ինքն էլ նույնիսկ ներկա աղետի ու արհավիրքի մեջ սրամտությունը չկորցնելով առարկել է, թե «…բայց ես Չերչիլի չափ ալկոհոլ չեմ օգտագործում») գրեթե ամենօրյա ռեժիմով Արեւմուտքից պահանջում է Ուկրաինայի օդային տարածքը փակել` ոչ թռիչքային գոտի հաստատելով: ՆԱՏՕ-ն առայժմ ձեռնպահ է մնում նման քայլից փաստարկելով, որ Ուկրաինայի օդային տարածքը փակելու ճանապարհը ՆԱՏՕ-ի կողմից ՌԴ ռազմաօդային ուժերին հարվածելն է, ինչը միայն կընդլայնի ընթացող պատերազմի աշխարհագրությունը, չի բացառվում ամբողջ Եվրոպական մայրցամաքը ներքաշելով պատերազմի մեջ:

Մի ինչ-որ X պահի դա կարող է դառնալ անհրաժեշտ եւ անխուսափելի, սակայն առայժմ, ՆԱՏՕ-ում կարծես ավելի արդյունավետ ու շրջահայաց լուծում է գտնվել: Արեւելյան Եվրոպայի երկրներում, եւ ամենից առաջ Լեհաստանում առկա խորհրդային արտադրության ՄԻԳ ռազմական օդանավերի, կործանիչների ողջ ֆոնդը տրվում է Ուկրաինային, քանի որ Ուկրաինայի օդաչուների առավելապես ՄԻԳ-երին են ծանոթ եւ դրանցով կարող են մարտնչել, փոխարենը ԱՄՆ արտադրության F16, F35 կործանիչներ են մատակարարվում Լեհաստանին: Այնուհետ նույն սխեմայով Ուկրաինային կարող է փոխանցվել Ռումինիայի, Հունգարիայի, Սլովակիայի ունեցած ՄԻԳ կործանիչների արսենալը:

Մեծ հավանականության, Ուկրաինայի ռազմաօդային ուժերին տասնյակ, հարյուրավոր կործանիչներով զինելը, որ կարծես սկսվելու է ընթացիկ շաբաթ, թույլ կտա ՌԴ օդուժը թիրախավորել եւ վերացնել Ուկրաինայի երկնքում, արդեն նաեւ երկնքում ՌԴ-ի համար ստեղծելով անհաղթահարելի խնդիրներ:

Սակայն ամենաուժգին ու կործանարար հարվածը, որ միավորված Արեւմուտքը այս շաբաթ կհասցնի ռուսաստանին եւ նախագահ Պուտինին` ռուսական վառելիքի նկատմամբ հաստատվող էմբարգոն է: Երեկ նախագահ Բայդենը հայտարարեց, ռուսական վառելիքի` նավթի, գազի, ածուխի, բենզինի եւ այլն ներմուծումը ԱՄՆ տարածք, անգամ ռուսական վառելիքով բեռնված նավերի մուտքը ԱՄՆ նավահանգիստներ լիովին ու կատարելապես արգելելու մասին: Ռուսական նավթի, գազի վառելիքի ներմուծումը 2/3-ով կրճատում են նաեւ Միացյալ Թագավորությունը եւ Եվրոպական Միությունը: Սա նշանակում է ըստ էության փակել Ռուսաստանի տնտեսության զարկերակը: Ռուսաստանին այլեւս չի մնում վերահաս ֆինանսական համակարգի կոլապսից եւ հետագա տնտեսական փլուզումից խուսանավելու ուղի: Պատկերավոր ասած` Ռուսաստանի տնտեսության դատավճիռն ու մահավճիռը երեկ դրվեցին գործողության մեջ: Ժամանակի հետհաշվարկը տրված է: Հուսանք, Ռուսաստանի տնտեսությունը եւ սոցիալական կայունությունը կփլուզվի եւ պուտինը հարկադրված պատերազմից դուրս կգա ավելի արագ, քան ՆԱՏՕ-ի ուժերը հարկադրված լինեն Ուկրաինայի պաշտպանության համար ռազմական գործողությունների դիմել: