Մեզ ասում էին՝ թողե՛ք, թող աշխատի Նիկոլը, թողել ենք, ինչո՞ւ չես աշխատում

Մեզ ասում էին՝ թողե՛ք, թող աշխատի Նիկոլը, թողել ենք, ինչո՞ւ չես աշխատում

Ադրբեջանի սյունիքյան ագրեսիան պսակվեց հաջողությամբ. 3,5 կմ, ըստ պաշտոնական տեղեկատվության, մեր երկրի տարածք ներխուժած թշնամին բանակցությունների արդյունքում իրեն պահեց 1,5-2 կմ-ն եւ 4 սահմանային դիրք մեր տարածքում: Ագրեսորի հետ հնգօրյա բանակցությունը, ըստ «Հրապարակի», հիմնականում վարել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը:

Մեզ համար այն կարելի է բնորոշել որպես պարտություն՝ թշնամին առնվազն 1,5 կմ խորությամբ մխրճվեց մեր տարածքը, եւ դա՝ դեռ Սյունիքում: Գեղարքունիքի խնդիրը դեռեւս սպասում է իր հանգուցալուծմանը: Նույնիսկ նման արդյունքի համար պետք է շնորհակալ լինենք ռուսական գեներալին, քանի որ նրա բացակայության դեպքում հնարավոր է, որ չստանայինք ոչինչ: Ադրբեջանցիք հիմար հո՞ չէին, որ մտնեին մեր տարածք, իսկ հետո սուսուփուս վերադառնային: Մենք էլ եթե ամբողջությամբ հետ ստացող լինեինք, կստանայինք զենքի եւ իրավունքի ուժով, բայց մեզ «Ապագա կա, ապագա» խոստացող նիկոլական իշխանությունը չունեցավ եւ չէր կարող ունենալ դա անելու համարձակություն: 

Եթե նման բան տեղի ունենար մեկ այլ երկրում կամ հենց թշնամու երկրում, ապա դրա ղեկավարությունն արդեն հեռացված կլիներ իշխանությունից: Եթե դա տեղի ունենար մեր երկրում, բայց նախկինների կողմից, ասենք, Սերժի օրոք, համաժողովրդական մերժումը կսրբեր-կտաներ նրան: Հիշում եք՝ շատ ավելի պակաս արցախյան տարածքի համար «ծռային» բունտ եղավ, ու դրան համարյա թե համաժողովրդական աջակցություն ուղեկցեց: Բայց նիկոլական «ժողովրդի իշխանության» պայմաններում կեղծ արժեքների պրոպագանդայի շնորհիվ մեր ժողովրդի մեծամասնությունն արդեն թքած ունի մեր տարածքների վրա՝ քանի քառակուսի կիլոմետր էլ այն կազմի: Վախենամ, որ նաեւ Սյունիքի վրա՝ բացառությամբ, բնականաբար, սյունեցիների ու փոքրամասնություն կազմող ոչ սյունեցի նորմալ մարդկանց: 

Մի ժամանակ, եթե հիշում եք, այդ նորմալ մարդկանց կողմից ինչ էլ ասվեր Նիկոլի եւ նրա իշխանության հասցեին, եթե այն գովասանքի, սիրո ու պաշտամունքի զեղում չէր, բախվում էր «թողե՛ք, թող աշխատեն» սոցցանցային հմայախոսական պատին: Վաղուց ժամանակն է, որպեսզի Նիկոլը զոմբիացված այդ կենսազանգվածին ցույց տար, թե ինչի է ինքն ընդունակ: 2020-ից  կյանքը մեզ բազմաթիվ փորձությունների ենթարկեց՝ կորոնավիրուսի համավարակի, պատերազմի, համավարակային ու հետպատերազմյան լճացման, սյունիքյան ու գեղարքունիքյան տարածքային կորուստների տեսքով: Բոլոր այդ հարցերում մենք ականատես եղանք իշխանության ցուցաբերած կա՛մ դաժան ձախողումների եւ կա՛մ անգործության: 

Պատերազմում մեր խայտառակ պարտությունից հետո բազմաթիվ մարդիկ, այդ թվում տողերիս հեղինակը, զգուշացնում էին, որ համարյա թե կապիտուլյացիոն զինադադար ստորագրած, «գերագույն գլխավոր» հռչակված անմեղսունակը չի կարող մեր երկիրը ներկայացնել թշնամու հետ բանակցություններում: 

Եվ դա ոչ միայն հաստատվեց՝ ռուս գեներալն է փորձում պաշտպանել մեր շահերը, այլեւ, ի դժբախտություն մեզ, մի բան էլ «գերակատարվեց»՝ առանց մի կրակոցի արդբեջանական զինուժը երկու-երեք վայրում մի քանի կիլոմետրով թափանցում է արդեն բուն Հայաստանի տարածքը՝ առանց մի կրակոցի, առանց որեւէ դիմադրության հանդիպելու: 

Տեսնես նիկոլապաշտ զոմբիները համոզվեցի՞ն, որ մենք ճիշտ էինք գոնե այդ հարցում, թե Նիկոլը, այնուամենայնիվ, անսխալական է՝ թեկուզ երկիրը տանի կործանման:   
Այստեղ է, որ պետք է ասվի՝ «Հե՜յ, Նիկոլ, որտե՞ղ ես: Մեզ ասում էին՝ թողե՛ք, թող աշխատի... Թողել ենք, ինչո՞ւ չես աշխատում»: