ՀՀ ազգային գաղափարախոսությունը լյուդովիկոսիզմն է

ՀՀ ազգային գաղափարախոսությունը լյուդովիկոսիզմն է

Հայաստանի Հանրապետության ստեղծման օրվանից նույն բանն ենք լսում. «Մենք ազգային գաղափարախոսություն չունենք»: Չգիտեմ՝ կուրախացնե՞մ, թե՞ կտխրեցնեմ, բայց դա այդպես չէ:
ՀՀ ղեկավարներն առաջնորդվել են Լյուդովիկոս 14-րդի՝  «Պետությունը ես եմ» եւ Լյուդովիկոս 15-րդի՝ «Ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» կարգախոսներով՝ առանց հաշվի առնելու այդ թագավորների կառավարման արդյունքները: Իսկ արդյունքները ողբալի էին՝ 7-ամյա պատերազմում Ֆրանսիան պարտություն կրեց եւ զրկվեց իր գաղութներից, այդ թվում՝ Հնդկաստանից եւ Կանադայից: Նրա տնտեսությունն անկում ապրեց, լարվածությունը երկրում մեծացավ: Առաջնակարգ, հզոր Ֆրանսիան վերածվեց երրորդ կարգի պետության: Այդ ամենը հետագայում հանգեցրեց հեղափոխության:

Բայց ՀՀ ղեկավարներին այդ հեռանկարը չի կանգնեցրել: Ավելին, այդ գաղափարախոսությունն ու «նպատակն արդարացնում է միջոցները» գործելաոճը նրանք փոխանցել են իրենց շատ ենթականերին, այդպես են ընտրել կադրերը: Դա է պատճառը եւ գաղափարական հիմնավորումը, որ համարյա ամեն ոք իր ուժը պատածի չափով փչացնում է այն ամենը, ինչը կարողանում է:

Մեկը թունավորում է բնությունը, մյուսը՝ ցամաքեցնում գետերն ու լճերը, երրորդը՝ զրկում այդ լիճը կենդանական աշխարհից, չորրորդը՝ վերացնում Արարատյան դաշտավայրի՝ հազարամյակների ընթացքում կուտակված արտեզյան ջրերը, հինգերորդը քանդել ու որպես մետաղի ջարդոն ու շինանյութ, կոպեկներով վաճառել է իրեն տրված գործարան-ֆաբրիկան, վեցերորդը զբոսայգիներում շենքեր է կառուցել, յոթերորդը քանդել ու տնօրինում է փողոցի մայթը, ութերորդը բանակին սխալ զենք ու վատ մթերք է մատակարարել, իններորդը լրատվամիջոց է ստեղծել, որ շանտաժով ու ֆեյք լուրերով փող վաստակի, տասներորդը կեղծ կուսակցություն է կազմավորել, որ պատվերով հարձակվի ու վարկաբեկի այլ քաղաքական գործիչների, տասնմեկերորդը կեղծիքների է դիմում, որ չվճարի հարկերը, տասներկուերորդը քանդում է բազմաբնակարան շենքում գտնվող իր բնակարանի կամ նկուղի հիմնական պատերը, լրացուցիչ հարկեր է կառուցում շենքի վրա՝ առանց հաշվի առնելու սեյսմակայունությունը եւ այլն: Այս թվարկումը կարելի է անվերջ շարունակել: 
Հիմա էլ սկսվել է պետական կառույցների քանդումն ու օրենքների, բարոյական նորմերի, Սահմանադրության անտեսումը:

Այնպես, որ թերի է այն պնդումը, թե ՀՀ-ն չունի ազգային գաղափարախոսություն: «Հպարտորեն» կարող եմ արձանագրել, որ հայաստանցիները նույնպես ունեն ազգային գաղափարախոսություն՝ դա ֆրանսիական լյուդովիկոսիզմն է՝ իր կարգախոսներով․ «Մեզնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»,  «Պետությունը ես եմ» եւ «Նպատակն արդարացնում է միջոցները» գործելաոճը:

Գրիգոր Էմին-Տերյան