Ուզբեկստանը Կենտրոնական Ասիայի կարեւոր երկրներից է, բայց մենք այնտեղ չունենք ռեզիդենտ դեսպան

Ուզբեկստանը Կենտրոնական Ասիայի կարեւոր երկրներից է, բայց մենք այնտեղ չունենք ռեզիդենտ դեսպան

Վերջին օրերին Ուզբեկստանում լարված իրավիճակ է, Կարակալպակիայում հուզումներ են: Արտակարգ դրություն է հայտարարված: Այս իրադարձությունների մասին զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։

- Այն, որ տարբեր քաղաքագետներ, ուժային կենտրոններ կանխատեսում են,  որ Կենտրոնական Ասիան լինելու է բավական բարդ խնդիրների, տարբեր համաշխարհային և տարածաշրջանային պրոցեսների և լարվածությունների կիզակետ, դա ակնհայտ է։ Եվ դրա նախադրյալներն արդեն կան։ Մենք, հիշում ենք ղազախստանյան իրադարձությունները, տեսնում ենք Կենտրոնական Ասիայի տարբեր պետությունների միջև հարաբերությունների լարումը, և այդ երկրներից նման զարգացումներ կարելի է անընդհատ սպասել։

- Ուզբեկստանյան իրադարձությունները որքանով կազդեն Հայաստանի եւ մեր տարածաշրջանի վրա։

- Ուղիղ կապ Հայաստանի ներքաղաքական կամ արտաքին քաղաքական խնդիրների հետ, իհարկե, այս պարագայում դժվար է տանել, բայց պետք է հասկանալ, որ աշխարհաքաղաքական խնդիրները հիմա այնպիսի ոճով են ընթանում, որ ամբողջ տարածաշրջանը, ըստ էության, շաղկապված է իրար հետ։ Տարիներ առաջ, երբ որ Սիրիայում խնդիրը սրվեց, շատերն ասում էին՝ դա ի՞նչ կապ ունի Հայաստանի հետ, դա Հայաստանից հեռու է և այլն, բայց տեսանք, որ դա շատ ուղիղ կապ ունի Հայաստանի հետ, քանի որ Սիրիայում թուրք-ռուսական լարվածությունը և փոխադարձ քաղաքական առևտուրը հետո տեղայնացվեց նաև արցախյան հարցի համապատկերում և այնտեղ էլ մենք տեսանք թուրք -ռուսական և մրցակցություն, և համագործակցություն։ Այնպես որ հիմա կարող ենք ենթադրել, որ Ուզբեկստանում կարող են բախվել աշխարհաքաղաքական տարբեր շահեր և այդ շահերի ետևում կարող են կանգնած լինել կրկին Թուրքիան, Ռուսաստանը, Արևմուտքը և այլն։ Այն, որ Թուրքիան շատ մեծ հետաքրքրություն ունի Կենտրոնական Ասիայի նկատմամբ դեռ 1990-ականերից, դա ակնհայտ փաստ է և թուրքական ներկայությունը և՛ սոցիալական, և՛ տնտեսական, և՛ քաղաքական խնդիրներում բացահայտ է, և ենթադրել, որ այս ամենի հետ կապված Թուրքիան ունի զրո հետաքրքրություն կամ զրո մասնակցություն, իհարկե չի կարելի ասել։ Այնպես որ կարծում եմ Ուզբեկստանում տեղի ունեցող պրոցեսները լարվածության պոտենցիալ ունեցող, և այդ պրոցեսներում տարածաշրջանային խաղացողներին ներգրավելու պոտենցիալ ունեցող խնդիր է։ Ու հիմա ծավալվում են և իրադարձությունները ցույց կտան, թե դեպի ուր, բայց այն, որ այնտեղ ամեն պահի բռնկում կարելի է սպասել դա ակնհայտ է։

- Երեկ համացանցում հայտնվեցին կադրեր, որտեղ Ուզբեկստանի ուժային կառույցները դաժան ծեծի են ենթարկում կանանց և տղամարդկանց։

- Գիտեք, այդտեղ կա այսպես ասած մի քանի շերտ՝ այն, որ ինքնավարությունը կամ Կարակալպակիայի հետ կապված խնդիրները մի փոքր այլ ոճով էր ներկայացվում շահագրգիռ հանրությանը եւ հիմա այդ հանրությունը բախվել է հիասթափության հետ, ինչն առաջ է բերում որոշակի գործողություններ և այդ գործողություններին հակազդեցություններ։ Այն, որ այդ խնդիրը, այսինքն՝ տվյալ տարածաշրջանի, տարածաշրջանում ինքնավարության, անկախության և այլն, բավական սուր է, և իշխանությունների մոտեցումներն ու կոշտ մեթոդները ցույց են տալիս, որ փորձ է արվում թույլ չտալ, որ այն դուրս գա վերահսկողության սահմաններից։ Եվ կարծում եմ, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, հղի է այդպիսի զարգացումներով և չի կարելի բացառել նմանատիպ ուժի կիրառումներ, հակազդեցություններ։ Մենք տեսանք Ղազախստանում մի քանի օրերի ընթացքում ինչ տեղի ունեցավ, ինչ ոճով, ինչքան զոհեր և ինչ հակազդեցություն։ Այնպես որ նույն սցենարները կարող ենք ակնկալել նաև ուզբեկական պարագայում։

- Հայաստան-Ուզբեկստան հարաբերություններն ի՞նչ վիճակում են։ Իրավիճակի սրման դեպքում, Ուզբեկստանում հայ համայնքին ի՞նչ  է սպասվում։

- Չեմ կարծում, որ Հայաստան-Ուզբեկստան հարաբերություններում օգտագործված է ամբողջ պոտենցիալը` զարգանալու շատ մեծ տեղ ունեն, այդ թվում նաև առևտրական հարաբերությունները։ Ուզբեկստանում կա Հայաստանի դեսպանություն, բայց դեսպանը ոչ թե այնտեղ է աշխատում, այլ Երևանում է, այսինքն՝ նստավայրը Երևանում է։ Եվ սա նույնպես ցույց է տալիս հայ-ուզբեկական հարաբերությունների հանդեպ եղած վերաբերմունքը։ Այնինչ Ուզբեկստանը Կենտրոնական Ասիայում շատ կարևոր երկիր է` թե տնտեսական, թե քաղաքական առումներով։ Եվ ուզում եմ էլի հիշեցնեմ, որ ամբողջ պոտենցիալը չի օգտագործվել։ Չմոռանաք նաև այնտեղ ապրող  էթնիկ հայերի խնդիրներ կարող են այս կոնտեքստում ի հայտ գալ։ Այնպես որ չեմ կարծում, որ այս կոնֆլիկտը էականորեն կազդի հայ-ուզբեկական առեւտրական հարաբերությունների վրա, բայց կարծում եմ, որ Հայաստանը Մերձավոր Արևելքի բոլոր տարածաշրջաններում, որտեղ ունի խաղալու պոտենցիալ, և այդ պոտենցիալը չի օգտագործում, խուսափում է, դա ոչ թե Հայաստանին ապահովություն է բերելու, այլ Հայաստանին բերելու  է խաղից դուրս իրավիճակում՝ ավելի խորը իրավիճակում հայտնվելու հեռանկար։ Իսկ հայ-ուզբեկական հարաբերություններում այդ հեռանկարը կա, որ Հայաստանը կարող է որոշակի լծակներ օգտագործելով` խաղի մեջ գոնե ինչ- որ մասնակցություն ունենա՝ էլի հիշելով, որ Մերձավոր Արևելքում ընդհանուր պրոցեսները շաղկապված են մեկը մյուսի հետ, և չի կարելի ասել, որ հեռավոր Ուզբեկստանում, կամ հեռավոր Լիբանանում տեղի ունեցող պրոցեսները մեզ չեն վերաբերում։ Ոչ, բոլոր թելերով կապված են իրար հետ և բոլոր այդ գոտիներում մեր շահերի պաշտպանումը միայն ու միայն բխում է մեր պետականությանն շահերից։

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ Ուզբեկստանում Հայաստանի դեսպանը իր առաքելությունն իրականացնում է Երևանից։

- Այն երկրներում, որտեղ Հայաստանը ունի շատ կարևոր շահեր, փորձում է ունենալ ռեզիդենտ դեսպան, այսինքն՝ դեսպան, որ այդ երկրում է, և ամեն պահի հետևում է պրոցեսներին, և արագ կարող է արձագանքել։ Ուզբեկստանի պարագայում մենք չունենք այնտեղ դեսպանատուն։ Ունենք պրոֆեսիոնալ դեսպան, որը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային լավագույն մասնագետներից է, երկար տարիներ եղել է Թուրքմենստանում մեր դեսպանը, այսինքն, շատ լավ գիտի ռեգիոնը, բայց այդ անձնավորությունը ռեզիդենտ չէ։ Այսինքն, այնտեղ նստած չէ, տարին 1-2 անգամ այցելում է Ուզբեկստան։ Սա կարող է լինել ֆինանսական ռեսուրսները խնայելու, այնտեղ դեսպանատուն չպահելու, ծախսեր չանելու, ինչպես նաև քաղաքական կամ այլ նպատակահարմարությունից ելնելով։ Բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի այդ մոտեցումը հենված է լուրջ վերլուծության վրա և չեմ կարծում, որ լուրջ վերլուծություն անելու դեպքում որևէ մասնագետ խորհուրդ կտար չունենալ դեսպանատուն Ուզբեկստանում, այլ ընդհակառակը խորհուրդ կտար ունենալ։ Որովհետև Ուզբեկստանը Կենտրոնական Ասիայում կարևորագույն երկրներից է, և այնտեղ են խաչվում շատ շահեր, և այդ շահերից հեռու մնալը և Երևանից հետևելը չեմ կարծում, որ պրոդուկտիվ է։

Կան խնդիրներ, որոնք սուր են դրված և այդ սրացման պատճառով բաժանարար գծերը հասարակական անջրպետներն ավելի խորացնում են։ Չի բացառվում, որ հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ կամ առանձին կառույցներ հայտնվեն անջրպետի այս կամ այն կողմում։ Եվ հետևաբար դառնան թիրախ այս կամ այն ուժի համար։ Հետևաբար հայկական դեսպանությունը և ներկայությունը այնտեղ նաև միտված էր լինելու պաշտպանել ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, նաև եթնիկ հայերին կամ գոնե զգուշացնել հնարավոր սցենարների միասին։ Այնպես որ այդ տարածաշրջանում կենտրոնասիական լարվածության պարագայում հայերը անպայմանորեն կարող են նաև Թուրքիայի կամ Ադրբեջանի ուղղորդմամբ դառնալ որոշակի թիրախ։ Եվս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, որ եթե կարծում են մարդիկ` Թուրքիան այդ ամենում եւ հիմա էլ տեղի ունեցող պրոցեսներում որևէ մասնակցություն չունի, դա մեծ միամտություն է, որովհետև Կենտրոնական Ասիան Թուրքիայի համար կարևոր թիրախային երկրներից է, որի հանդեպ իրականացնում է մշակված քաղաքականություն, նաև պանթուրքիստական քաղաքականություն՝ հիմք ընդունելով թուրքերի, ուզբեկների, թուրքմենների, ղազախների, քրդերի ղրղզների ընդհանուր ազգակցական կապը և նույն լեզվաընտանիքին պատկանելու հանգամանքը։