Արցախն ազատվել է պատանդի կարգավիճակից

Արցախն ազատվել է պատանդի կարգավիճակից

Հարցազրույց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի 
հետ 


- Արցախում տեղի ունեցան նախագահի եւ ԱԺ ընտրություններ, որոնց հետ մեծ հույսեր էին կապում, Ձեր կարծիքով՝ արդարացա՞ն: 

- Հաշվի առնենք, որ ընտրությունները տեղի ունեցան համաշխարհային ընդգրկում ստացած ֆորսմաժորային իրավիճակում, որը, ավաղ, չշրջանցեց նաեւ Հայաստանը: Շատերը գտնում էին, որ ընտրություններն անհրաժեշտ է հետաձգել, քանզի Հայաստանն ու Արցախը միասնական օրգանիզմ են, եւ Հայաստանում մոլեգնող համաճարակի պայմաններում կորոնավիրուսի տարածման վտանգը կախված է նաեւ Արցախի գլխին: Այդուհանդերձ, ընտրությունների մասնակիցներից միայն Բալասանյանն ու Խանումյանն էին ակտիվ հանդես գալիս Արցախում արտակարգ դրություն մտցնելու եւ ընտրությունները հետաձգելու օգտին: Չնայած ընտրությունների հետաձգումը Բակո Սահակյանին հնարավորություն էր ընձեռում անորոշ ժամանակով երկարաձգել սեփական իշխանությունը՝ նա չտրվեց այդ գայթակղությանը: Մաքիավելիի բառապաշարից օգտվելով՝ ասեմ, որ փորձառու «աղվեսը» հասկանում էր, որ այդ դեպքում կհայտնվի Հրայր Թովմասյանի վիճակում՝ կհայտարարվի հեղափոխության թշնամի ու կարժանանա իր հակառակորդների կողմից հոշոտվելու ճակատագրին: Պատահական չէ, որ իր վերջին ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Արցախում հեղափոխություն տեղի չունեցավ, քանի որ այնտեղ տեղի չունեցավ հակահեղափոխություն: Իսկապես՝ քաղաքական փոփոխությունների էվոլյուցիոն ճանապարհ ընտրելով՝ Բակո Սահակյանը կարողացավ խուսափել հեղափոխությունից: Եվ Արցախի ընտրությունները քաղաքական կոմպրոմիսի արդյունք են՝ Արցախի հին եւ Հայաստանի նոր վերնախավերի միջեւ: Այդ փոխզիջումը ենթադրում է, որ Հայաստանի նոր վերնախավի նկատմամբ Արցախի հին վերնախավի լոյալության դիմաց Հայաստանի նոր վերնախավը հրաժարվում է հեղափոխությունն Արցախ արտահանելու քաղաքականությունից եւ համաձայնում է այն փիլիսոփայության հետ, ըստ որի՝ Ադրբեջանի դեմ մարտնչող Արցախում այսուհետ էլ պետք է իրականացվի «ցուցափեղկի ժողովրդավարության» քաղաքականությունը, բայց արդեն՝ ժամանակակից բաղադրիչներով․ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմություն, քաղաքական մրցակցություն, սուր բանավեճեր եւ այլն: 

- Չե՞ք գտնում, որ այդ «ժողովրդավարության ցուցափեղկը» ճեղքեր է տալիս: 30 տարվա ընթացքում չի եղել, որ ընտրություններից հետո ընդդիմությունն Արցախում չհամաձայնի արդյունքների հետ, հանրահավաքներ կազմակերպի՝ նույնիսկ կորոնավիրուսի տարածման վտանգն աչքի առաջ ունենալով։ 

- Չէի ասի, որ «ժողովրդավարության ցուցափեղկը» ճեղքեր տվեց: Հակառակը՝ միս ու արյուն ստացավ, քանզի առաջ իշխանության դեմ հրապարակային քաղաքական պայքար մղող ընդդիմություն Արցախում չկար: Համոզիչ չէին պնդումները, որ Արցախում ժողովրդավարության որակն էապես տարբերվում է Ադրբեջանից: Եվ այդ վիճակի մեղավորը ոչ թե Բակո Սահակյանն էր կամ Արցախի ղեկավարությունը, այլ Երեւանում գործող, այսպես կոչված, ղարաբաղյան կլանը, որը լիակատար վերահսկողությունն Արցախի նկատմամբ օգտագործում էր որպես Հայաստանում սեփական ոչ պակաս բիրտ իշխանությունն արդարացնելու լծակ: Այդ առումով կարելի է ասել, որ Երեւանն ասպատակած ղարաբաղյան կլանն Արցախի ղեկավարությանը պահում էր քաղաքական պատանդի կարգավիճակում: Հայաստանում հեղափոխական իշխանափոխության շնորհիվ արցախահայությունն ազատվեց Երեւանում գործող ղարաբաղյան կլանի հլու-հնազանդ պատանդի կարգավիճակից եւ ազատ գործելու հնարավորություն ստացավ: Հիմա մեր քարոզիչներն էլ համոզիչ փաստարկներ ունեն՝ ցույց տալու, որ Արցախը, ի տարբերություն Ադրբեջանի, ժողովրդավարական երկիր է՝ ընտրություններին մասնակցող 14 թեկնածու, սուր մրցակցություն, կատաղի բանավեճեր, հետընտրական զարգացումներ, հանրահավաքներ: Եվ Արեւմուտքի համար ամենաէականը՝ զինվորականների, գեներալների պարտություն ու, հետեւապես՝ ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու ավելի մեծ հնարավորություններ: Արդեն ոչ միայն ԱԺ-ում է առկա լուրջ եւ մեծաթիվ ընդդիմություն, այլ նաեւ ԱԺ պատերից դուրս՝ ի դեմս Մասիս Մայիլյանի «Նոր Արցախ» կուսակցության, ինչպես նաեւ Հայկ Խանումյանի, Վահան Բադասյանի կուսակցությունների եւ մանդատ չստացած մյուս ուժերի: Մի երկրում, որտեղ մինչեւ հիմա ոչ միայն արտախորհրդարանական, այլեւ նույնիսկ ԱԺ կանոնակարգով նախատեսվող համակարգային ընդդիմության գոյությունը համարվում էր ավելորդ «գյալմայություն»։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանին տալիս է Արեւմուտքի հետ հարաբերություններում մանեւրելու եւ ղարաբաղյան գործոնն իր համար ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորություն, եւ կորոնավիրուսի նահանջից հետո բոլորը կտեսնեն, թե ինչպե՛ս է այդ հնարավորությունն օգտագործում Հայաստանի վարչապետը: Պաշտոնական Երեւանը շահագրգռված էր Արցախում ընտրությունների շուտափույթ անցկացմամբ, քանզի դրանց միջոցով Արցախի սուբյեկտության վերահաստատումը ոչ բավարար, բայց անհրաժեշտ նախապայման է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցություններին Արցախի մասնակցությունն ապահովելու համար: Ես, իհարկե, հեռու եմ այն մտքից, որ հեշտ կլինի ապահովել Արցախի լիիրավ մասնակցությունը: 1994-ին էլ ԵԱՀԿ-ի բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումներում, որոնց մանրամասներին տեղյակ էի ի պաշտոնե՝ լինելով ՌԴ Պետդումայի փորձագետ Անդրկովկասի հարցերով, Ղարաբաղի իշխանությունների մասնակցությունը բանակցություններին շաղկապվում էր, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների մասնակցության հետ: Այնպես որ, այդ մոտեցումը նոր չէ եւ այսօր էլ է սպառնում արժեզրկել Արցախի ազգընտիր իշխանությունների ներգրավումը բանակցություններին: Կարելի է վիճել, թե որքանով էր ճիշտ՝ այժմ էլ բարձրացնել բանակցություններին Արցախի մասնակցության հարցը, եթե նախկինում էլ ազերիները դրան ի պատասխան առաջ էին քաշում իրենց հոգեհարազատ՝ «երկու համայնքների» թեման: Բայց քանի որ մեր վարչապետն այդ հարցը պաշտոնապես արդեն բարձրացրել է, պետք է հասկանալ, որ Արցախում անցած ընտրությունների արդյունքների ապալեգիտիմացումը կբերի բանակցություններին Արցախի իշխանությունների մասնակցությունն ապահովելու օրինական պահանջի ապալեգիտիմացման: Պարզ է, թե ի՜նչ ծանր հարված դա կլինի մեր դիրքերին բանակցային գործընթացում: Ով՝ ով, գոնե Մասիս Մայիլյանը դա չի կարող չհասկանալ… 

- Ասում եք՝ չի կարող չհասկանալ, սակայն Մայիլյանի կողմնակիցները մասնակցում են հետընտրական հանրահավաքներին, իսկ ինքը հայտարարեց, որ բոյկոտելու է 2-րդ փուլը: 

- Մայիլյանը փայլուն դիվանագետ է, նրա առաքելությունն Արցախի արտգործնախարարի պաշտոնում պակաս կարեւոր չէ: Կհամարձակվեմ պնդել, որ նրա դերն այս փուլում կարող է լինել ավելի նշանակալի, քան Արցախի նախագահինը: Բայց դա այն դեպքում, եթե ընդունի իր քաղաքական պարտությունը եւ զբաղվի իր մասնագիտական դիվանագիտական գործով, որը շատ ավելի կարեւոր է, քան նախագահի աթոռը: 

- Հարությունյանի մրցակիցները նրան մեղադրում են ընտրողներին կաշառելու, գործող նախագահ Բակո Սահակյանին էլ՝ վարչական ռեսուրսը Հարությունյանին ծառայեցնելու մեջ։ 

- Սերժ Սարգսյանի նախագահ կարգվելուց ի վեր Հայաստանի քաղաքագետների միությանը չեն հրավիրել Արցախի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու: Այս ընտրություններին եւս հրավեր չենք ստացել, տեղում չենք հետեւել, հետեւաբար, չեմ կարող որեւէ բան ասել ընտրությունների որակի մասին: Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա դրանք քաղաքագիտական տեսանկյունից կանխատեսելի էին մի շարք պատճառներով: Ի սկզբանե պարզ էր, որ կա դոմինանտ հավակնորդ, այսպես ասած՝ «ջոկեր», ով ունի մեծ մարդկային ու նյութական ռեսուրսներ եւ ում պաշտպանում էր Արցախի գործող նախագահը: Նման դեպքերում այլընտրանքային թեկնածուները դատապարտված են կա՛մ հաշտվել «ջոկերի» հաղթանակի օրինականացման համար ժողովրդավարական ֆոն ստեղծելու դերակատարության հետ, կա՛մ համախմբվել՝ ապահովելով իրական մրցակցություն եւ ստեղծելով համարժեք ուժային բեւեռ: Առաջին դեպքում՝ չհամախմբվելով եւ փոշիացնելով ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները, նրանք հաղթելու ոչ մի շանս չունեն եւ ստիպված են պայքարել միմյանց դեմ՝ երկրորդ տեղի դափնիներին արժանանալու համար: Երկրորդ դեպքում հաղթելու շանսերը ծանրակշիռ են, քանզի երբ այլընտրանքային թեկնածուները միանում են, դա ոչ թե բերում է նրանց ձայների մեխանիկական հանրագումարի, այլ տալիս է ընդդիմադիր ընտրազանգվածի կումուլյատիվ աճի եւ գերակտիվացման էֆեկտ: Այդպես եղավ 1996-ի նախագահական ընտրություններին, երբ տեղի ունեցավ համախմբում Վազգեն Մանուկյանի շուրջ։ Այն ժամանակ, երբ Մայիլյանի կողմնակիցները զբաղված էին Բալասանյանին Մոսկվայի ագենտ, իսկ Բալասանյանի կողմնակիցները՝ Մայիլյանին սորոսականների դրածո ներկայացնելու գործով, երբ ամեն մեկը փորձում էր ապացուցել, որ ինքն է միակ արժանին, Արայիկ Հարությունյանը կարողացավ առավելագույնը քաղել կորոնավիրուսային համաշխարհային ճգնաժամից՝ շեշտը դնելով այն պարզ թեզի վրա, որ ստեղծված պայմաններում ինքը կարող է լինել ամենապահանջվածը: Ես հետեւել եմ աղետի մասին նրա կրքոտ ելույթներին եւ կարող եմ հավաստել, որ նա իսկապես առավելագույնը քաղեց հետհամաճարակային տնտեսական ճգնաժամի թեմայի շահարկումից: Կարծում եմ, որ հենց դա էր նրա հաղթանակի երկրորդ կարեւոր գործոնը, որը, գումարվելով այլընտրանքային ուժերի ջլատվածությունն ի ցույց դնելու գործոնին, ձեւավորեց ընտրողների մոտ նրա պահանջվածության տրամադրություն: Բոլոր դեպքերում ես չեմ հավատում, որ այս տարիներին մահվան հետ այդքան հաճախ առերեսված արցախցին գնացել ու կոպեկով նախագահ է ընտրել։ Վրա հասնող տնտեսական աղետի պայմաններում մարդիկ հակված են փնտրել ավելի հուսալի կռվան, քան միանվագ դրամական օգնությունն է կամ գեղեցիկ խոստումները: Պարզապես նրանք սառը դատողությամբ հաշվարկել են, որ եթե առաջիկա տարիներին՝ այս վիրուսի կողմից հասցված աղետալի տնտեսական վնասների պատճառով, ստիպված են լինելու պայքարել իրենց եւ իրենց երեխաների գոյությունը պահպանելու համար, ապա ավելի ճիշտ կլինի ընտրել ոչ թե խելոք մտքեր արտահայտող քաղաքական գործչի, այլ արտադրությունից գլուխ հանող տնտեսական գործչի: Այլ ժամանակներում ես առաջինը կդատապարտեի նման դիրքորոշում որդեգրածներին, բայց ներկայիս տագնապահարույց պայմաններում խիղճս չի ների նրանց մեղադրել: Եվ թո՛ղ ոչ ոք չմեղադրի…