Հենման կետ

Հենման կետ

Երբ մ.թ.ա․ 3-րդ դարում հույն գիտնական Արքիմեդը հայտարարում էր՝ «Տվե՛ք ինձ հենման կետ, եւ ես շուռ կտամ Երկիրը», նա չէր կարող պատկերացնել անգամ, որ հազարավոր տարիներ հետո ոչ միայն գիտությունը, այլեւ ողջ մադկությունն ու աշխարհը զրկվելու են հենման կետից, իսկ նրա ծննդավայր Սիցիլիա կղզում գտնվող Սիրակուզան դառնալու է կորոնավիրուսի համավարակի համաշխարհային կենտրոններից մեկը: 

Մինչ այս համավարակը համաշխարհային քաղաքականության ու քաղաքակրթության հիմնական հենման կետը գլոբալիզացիան էր՝ համաշխարհայնացումը, որը, չնայած իր գաղափարական հակառակորդներին, ճեղքում-անցնում էր համաշխարհային օվկիանոսները, պետությունների սահմանները, երկինքն ու երկիրը՝ միավորելով մոլորակն ու մարդկությանը: Համավարակը բացահայտեց գլոբալացող աշխարհի թերությունները, եւ պարզ դարձավ, որ գլոբալիզացիայի հսկա գմբեթը մարդկությունն այլեւս ունակ չէ պահելու: Ավելին: Մահասփյուռ համավարակի ծավալների եւ տարածականության արագ աճը կարծես գալիս էր վկայելու, որ համավարակն ընթանում է գլոբալիզացիայի հետքերով: Եվ այն, ինչ ստեղծել էր գլոբալիզացիան, համավարակն անգթորեն ավերում է, այն ամենը, ինչ միավորել էր գլոբալիզացիան, համավարակն անկանգ փլուզում է: 
Համավարակի այս օրերին աշխարհն արագորեն փոխվում է՝ զրկվելով հենման կետից եւ կապված-միավորված մնալով միայն տեխնոլոգիական հաղորդակցման միջոցներով: Այնպես, ինչպես կորոնավիրուսը հարվածում է մարդու հիվանդ օրգաններին, այնպես էլ համավարակը հարվածում է համաշխարհային քաղաքակրթության հիվանդություններին՝ նախ բացահայտելով, ապա ոչնչացնելով դրանք:

Համավարակն անգթորեն հարվածում է այն բոլոր կառուցակարգերին ու համակարգերին, որոնցով, թվում էր, կանգուն է եւ առաջ է ընթանում աշխարհը: Վերջին մեկուկես ամսվա ընթացքում պարզ դարձավ, որ այդ կառուցակարգերն ու համակարգերը կքել են սխալների բեռան տակ եւ անզոր են դիմանալու աննահանջ թվացող մահաշունչ այս մրրիկին: Եվ հենց սրանց էլ հարվածեց կորոնավիրուսը:

Առաջինը, որին հարվածեց համավարակը, թե՛ համաշխարհային, թե՛ պետությունների առողջապահական համակարգերն էին, առողջապահական ձախող քաղաքականությունը, երբ առողջապահությունը ողջ աշխարհում վերածվել է մեծ ու գերշահութաբեր բիզնեսի, նաեւ՝ մեծ փողեր լվանալու միջոցի: Ուշագրավ է, որ համավարակի այս օրերին Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը մնացել է Լեդի Գագայի երգի հույսին եւ ապավինում է ձեռքերը պարբերաբար լվանալու «հայտնագործությանը»: Առողջապահական համակարգերի կառավարիչները գնահատել են ոչ թե մարդկային կյանքը, այլ այդ կյանքի վճարային գինը: Եվ եթե որեւէ կառույցի հիմքում դրվում է նախեւառաջ գումար աշխատելը, այդ համակարգն արագորեն զրկվում է զարգացման հեռանկարից: Առողջապահության համակարգի ավանդական ուղղությունները սկսեցին նահաջել նոր ուղղությունների առջեւ, որոնք մեծ գումարներ էին բերում համակարգին: Եվ պատահական չէ, որ համավարակի այդ բարդ օրերին առողջապահությունն ամենուր մնաց շարքային բժիշկների եւ բուժքույրերի ուսերին, որոնց համակարգի կառավարման մեջ մեծ կարեւորություն չի վերապահվել, եւ որոնք համավարակի առջեւ նույնքան անպաշտպան էին, որքան կորոնավիրուսով վարակված նրանց հիվանդները:

Հաջորդ բարձունքը, որը գրավեց-ոչնչացրեց համավարակը, գիտության օլիմպոսն էր, որտեղ բազմած կիսաստվածները նշանակել էին իրենց երկրային տեղապահներին՝ համաշխարհային թե տեղական մակարդակով: Այդ տեղապահները ձեւավորել են գիտական մաֆիան՝ միջազգային եւ տեղական մակարդակով՝ յուրացնելով այն ամենը, ինչ տրվել է գիտությանը՝ ֆինանսներ, գործուղումներ, համաժողովներ, եւ տիրելով այն ամենին, ինչ նվաճել է գիտությունը: Իսկական գիտնականները դարձել են այդ ճարպիկ տեղապահների սպասավորները: Այս կիսաստվածները եւ նրանց երկրային տեղապահները դարձել են արգելակ գիտության զարգացման ճանապարհին: Ընդ որում, իրավիճակը նույնն է թե՛ բնագիտության, թե՛ հասարակական գիտությունների ոլորտներում: 
Ահա, այս պայմաններում կորոնավիրուսի պատվաստանյութը գտնելը նման է թռչող գորգի հեքիաթասացի երազանքին, որը անհայտ է, թե երբ կիրականանա: Բացի այդ, համավարակի այս ընթացքում միջազգային մամուլն ավելի ուշագրավ վելուծություններ եւ կանխատեսումներ է անում, քան վերլուծական, փորձագիտական կենտրոնները, համալսարանները:

Միով բանիվ՝ համավարակը բացահայտեց նաեւ համաշխարհային գիտության թուլությունը, ինչպես եւ առասպելազերծեց տեխնոլոգիական աշխարհի այն միֆը, թե տեխնոլոգիաներն այլեւս ամենակարող են:

Հաջորդը ոլորտը, որին ուժգին հարվածեց համավարակը, քաղաքականությունն էր՝ համաշխարհային եւ պետությունների մակարդակով: Վերջին տասնամյակներում համաշխարհային քաղաքական երկնակամարում կուտակվել էին ապաշնորհության, կեղծիքի, խաբեության, գաղափարազրկության, բռնության թանձր ամպերը: Համավարակը բացահայտեց այն, ինչն իրականում վաղուց էր հայտնի. լիդերների եւ քաղաքական մտքի սոսկալի ճգնաժամը: Գաղափարական, մեծ նպատակներով եւ վեհ ձգտումներով քաղաքական առաջնորդներն այլեւս միայն անցյալում են: Պետությունները ղեկավարում են ցածր ինտելեկտով, նեղ աշխարհայացքով, ճղճիմ խնդիրներվ եւ նպատակներով առաջնորդվող լիդերները: Նրանք, ովքեր ցավալի իրականություն դարձրեցին համաշխարհային աղետները՝ բնության ավերումը, պատերազմները, հասարակական բարքերի այլասերումը, փողի եւ սպառազինությունների մրցավազքը: 
Համավարակը բացահայտեց նաեւ «ուժեղ լիդերների» քաղաքական անհուսությունը: Ամենուր՝ Միացյալ Նահանգներից մինչեւ Եվրոպա, Ռուսաստանից մինչեւ Կենտրոնական Ասիա, Մերձավոր Արեւելքից մինչեւ նախկին խորհրդային տարածքի երկրներ, բոլոր մայրցամաքներում ի հայտ եկան ցածրակարգ եւ անհեռանկար քաղաքականության ծանր հետեւանքները, որոնք այժմ անհաղթահարելի են թվում:

Կեղծ արժեքների, ամբոխահաճության, քաղաքական շոուների մեր ժամանակը քողազերծեց պետական կառավարիչների գաղափազրկությունը, քաղաքականության ընկալման պարզունակությունը եւ պատասխանատվության բացակայությունն աշխարհի եւ սեփական ժողովուրդների հանդեպ:

Համավարակը բացահայտեց նաեւ միջազգային իրավաքաղաքական կառուցակարգերի անհաստատությունը, եւ պարզ դարձավ, որ միջազգային ինտեգրացիան եւ միջպետական հարաբերությունները ծառայել են ոչ թե աշխարհի եւ ժողովուրդների առաջընթացին, բարեկեցությանը, համագործակցությանը, այլ՝ բացառապես նույն խնդիրներով միմյանց կապված իշխանություններին եւ նրանց եսասիրական ձգտումներին:

Համավարակը բացահայտեց, որ մեծ քաղաքականության հիմնական նպատակները՝ Ճշմարտության հաղթանակը եւ Արդարության հաստատումը, ոչ թե պարզապես ձախողվել են, այլ խորը թաղվել են հասարակական, քաղաքական, պետական կյանքի, միջազգային հարաբերությունների շիրմափոսերում:

Եվ, իհարկե, համավարակը հարվածեց նաեւ հանրային կյանքին, այն արժեքներին, որոնց վրա խարսխված են եղել հասարակական այն բարքերն ու օրենքները, որոնք չդիմացան համավարակի ուժգին հորձանքին, նախեւառաջ այն պատճառով, որ դրանք կեղծ էին, երերուն, անհաստատ ու անհեռանկար՝ ճիշտ այնպես, ինչպես դրանք սնող քաղաքականությունն է: Համավարակը եկավ ստուգելու հանրային կյանքի կազմակերպվածությունը, վտանգի ընկալունակությունը, պատասխանատվությունը կամ դրա բացակայությունը աշխարհի եւ սեփական երկրների հանդեպ:
Համավարակն աշխարհը չի բաժանում ազգերի ու ժողովուրդների, հարուստների եւ աղքատների, երջանիկների ու դժբախտների, սովյալների եւ կուշտերի, կանանց ու տղամարդկանց: 
Համավարակը եկավ վերադարձնելու նաեւ Աստծո հանդեպ մոռացված սերը՝ մարդկությանն ընձեռելով նրան ապավինելու եւս մեկ հնարավորություն: 

Համավարակը եկավ ապացուցելու, որ Աստված եւ Բնությունն ամենազոր են, եւ Մարդը պարտավոր է ապրել Աստծո պատվիրաններին եւ Բնության օրենքներին համահունչ: 
Կորոնավիրուսի համավարակի այս օրերին աշխարհն ու մարդկությունը կորցրել են հենման բոլոր կետերը: Սակայն աշխարհն ու մարդկությունը չեն կարող ապրել առանց հենման կետի. նրանց հենման նոր կետ է պետք, առանց որի անհնար է հաղթահարել այս մահաբեր եւ ամենակործան համավարակը: