Պոլիկլինիկա բառն իրենով արդեն բացասական ենթատեքստով է ընկալվում․ փոխքաղաքապետ

Պոլիկլինիկա բառն իրենով արդեն բացասական ենթատեքստով է ընկալվում․ փոխքաղաքապետ

Պոլիկլինիկաների միավորման և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի հետ

-Պարոն Սիմոնյան, պոլիկլինիկաների միավորումը, այդ թվում՝ Կոնդինը, լուրջ դժգոհություն էր առաջացրել տարածքի բնակիչների կողմից։ Ինչո՞ւ որոշեցիք գնալ միավորման ճանապարհով։

-Տեսեք, խնդիրները և պատճառները, որոնք բերեցին այդ որոշման կայացմանը, շատ ավելի բազմաշերտ են՝ սկսած շենքային պայմանների բարելավման փուլից, սկսած սարքավորումներով հագեցման խնդրից, սկսած կադրային հագեցվածության խնդիրներից մինչև մի շարք այլ խնդիրներ, օրինակ՝ պոլիկլինիկաների փոքր լինելը։ Այսինքն՝ փոքրությունը բերում է փոքր ֆինանսների, բերում է ցածր աշխատավարձերի, թույլ չի տալիս նոր սարքավորումներ ձեռք բերել, ընթացիկ վերանորոգումներ իրականացնել։ Ու մենք ունենք էն պոլիկլինիկաները, որոնց մասին բոլորս անգամ կարծրատիպերի մակարդակով պատկերացումներ ունենք, և, եթե անհրաժեշտություն չկա, ոչ մեկը պոլիկլինիկա չի գնում կամ շատ քչերն են գնում, իսկ ով վճարունակ է, գնում է արդեն մասնավոր կլինիկաներ։ 

-Փորձու՞մ եք վերականգնել վստահությունը պոլիկլինիկաների հանդեպ։

-Այո, փորձում ենք կոտրել էդ կարծրատիպը։ Պոլիկլինիկա բառն իրենով արդեն բացասական ենթատեքստով է ընկալվում։ Մենք ուզում ենք էդ նեգատիվ ասոցիացիաները, որոնք պոլիկլինիկաներն իրենց հետ առաջացնում են, դա իսպառ վերացնենք։ Ու այդ ուղղությամբ մի շարք քայլեր ենք ձեռնարկում։ Մենք նաև մի արատավոր շղթայի մեջ էինք, հիմա դուրս ենք գալիս արդեն այդ շղթայից, օրինակ՝ Երևանի քաղաքապետարանը 5 կամ 10 տարին մեկ՝ պետք է ինչ-որ մասնակի վերանոգորում աներ պոլիկլինիկաներում, սարքավորումներ նվիրաբերեր, բայց պոլիկլինիկան չէր կարողանում դրա մաշվածությունը կոմպենսացներ, այսինքն՝ չէր կարողանում էդ սկզբնական կապիտալը 5-10 տարի հետո թարմացներ։ Հիմա մենք խոշորացնում ենք, վերազինում ենք, վերակառուցում ենք, որից հետո ունենում ենք Երևան քաղաքում լրիվ ինքնաբավ, առողջապահական ծառայություններ մատուցող կազմակերպություն։ 
 
-Քանի՞ պոլիկլինիկա է միավորվելու, որտե՞ղ է տեղակայումը լինելու, ինչպիսի՞ շենքային պայմաններում, և պրոցեսը վերջնական ե՞րբ է ավարտվելու։

-Մայիս ամսին էր ավագանու նիստը, որում էդ որոշումը ընդունվեց, յոթ փակ բաժնետիրական ընկերություն էր, որոնք վերակազմավորման ձևով միացան մյուս ՓԲԸ-ներին։ Էդտեղից փաստացի, որ փակվելու է ու տեղափոխվելու այլ վայր, երկուսն են՝ Արաբկիրի մանկական պոլիկլինիկան և Լեոյի, կամ, այսպես կոչված, Կոնդի պոլիկլինիկան։ Սցենարը հետևյալն է՝ Արաբկիրի մանկականը միանալու է թիվ 11 «Նոր Արաբկիր» պոլիկլինիկային, Քոչար փողոցի վրա է գտնվում, տրանսպորտային հասանելիության զոնայում է ու մի շարք այլ առավելություններ ունի իր տեղակայմամբ, որը չուներ մանկականը։ 

-Իսկ ի՞նչ է լինելու այդ փակվող շենքերի ճակատագիրը։ Կարո՞ղ է ինչ-որ նոր օլիգարխ հայտնվի, որը կվերցնի այդ շենքերը և կդարձնի, ասենք, բիզնես-կենտրոն։ 

-Եկեք զերծ մնանք նման մեկնաբանություններից, բայց եթե Երևան համայնքի շահերից բխի էդ տարածքն արդյունավետ տնօրինել, պետք է քննարկել։ Միգուցե նաև Երևան համայնքն իր կարիքների համար օգտագործի։ Բայց բնակիչներն ու նաև բուժանձնակազմը իրենց մաշկի վրա էս պահին որևէ փոփոխություն դեռ չի զգացել, այսինքն՝ ոչ մեկը աշխատավայրից չի տեղափոխվել, ամեն ինչ իր տեղում է։ Ես անձնակազմի հետ էլ, որ զրուցել եմ, ասել եմ՝ ժողովուրդ ջան, եթե մենք ձեզ ավելի լավ աշխատանքային պայման չառաջարկենք, դուք էստեղից դուրս չեք գալու։