Փաշինյանը համազգային անտարբերություն է բեմադրում՝ ինքը միայնակ չի հանձնել Արցախը

Փաշինյանը համազգային անտարբերություն է բեմադրում՝ ինքը միայնակ չի հանձնել Արցախը

Նիկոլ Փաշինյանի լրատվական ծառայության տարածած տեսանյութում վարչապետը շուրջ 34 րոպե Արարատի մարզի գյուղացիների հետ քննարկում է ոռոգման ջրի եւ խաղողի մթերման խնդիրները: Գյուղացիները պատմում են, որ ոռոգման ջուր չկա, որ կոնյակ արտադրող գործարանները խաղողի մթերման պայմանագիր չեն կնքում իրենց հետ, իրենք անորոշության մեջ են, չգիտեն՝ աշնանը կկարողանա՞ն իրացնել աճեցրած բերքը, ապրուստի միջոց կունենա՞ն, թե՞ ոչ։ Նիկոլ Փաշինյանն էլ ցույց է տալիս իր խորագիտակությունը գլոբալ տաքացման, դրա հետեւանքով ջրի պաշարները պակասելու, կոնյակի սորտերի փոխարեն խաղողի գինու սորտեր մշակելու մասին: Տեսանյութից կարելի է մտածել, որ խոսողը ոչ թե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ է, այլ մարզպետարանի նորանշանակ գյուղվարչության պետ, որը նշանակումը ստանալուց հետո գնացել է գյուղ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու: Ինչո՞ւ է Փաշինյանի լրատվականը նման տեսանյութ տարածում. որ ցույց տա, թե Փաշինյանը շատ մտահո՞գ է հայ գյուղացիների խնդիրներով եւ դրանք պահում է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում, թե՞ ուզում են ապացուցել, որ միայն Փաշինյանը չէ, որ անտարբեր է Արցախի ու արցախցիների ճակատագրի նկատմամբ, նման անտարբերությունը համընդհանուր է՝ համաժողովրդական անտարբերություն է:

Արցախում 120 հազար մարդ շրջափակման մեջ է, ամեն օր հեռուստատեսությունը գուժում է, մամուլը գրում է, որ 30 հազար երեխա թերսնվում է, շուտով սով կսկսվի, Արցախի նախագահն ու ԱԺ նախագահը հուսահատությունից ու անճարությունից նստացույց են անում, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, փոխանակ դրանով զբաղվի, խաղողի մթերման խնդիրներ է քննարկում, գյուղացիներին խորհուրդ տալիս՝ ոռոգման ջուրը խնայել, անցնել կաթիլային ոռոգման, արեւային էներգիան օգտագործել: Փաշինյանին 34 րոպե տարբեր հարցեր են տալիս, բայց գյուղացիներից որեւէ մեկը չի հարցնում` պարոն Փաշինյան, Արցախում շրջափակված, սովի մատնված մեր եղբայրների ու քույրերի, մեր երեխաների վիճակն ի՞նչ պետք է լինի, ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը՝ նրանց փրկելու համար: 1988 թվականին, երբ ԽՍՀՄ կոմունիստական առաջնորդ Միխայիլ Գորբաչովն այցելեց Գյումրի՝ տեղում ծանոթանալու Սպիտակի երկրաշարժի հետեւանքներին, նրա դիմաց պատահական հայտնված տղամարդը հարց ուղղեց Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջը բավարարելու խորհրդային իշխանությունների մտադրության մասին: Բոլորն այն ժամանակ զարմացած եւ հիացած էին, թե որքան մեծ է մեր ազգային միասնությունը, որ երկրաշարժի արհավիրքից փրկված մարդը մտածում է ոչ թե իր կործանված քաղաքի, կորցրած տան, աշխատանքի, ապրուստի միջոցի մասին, այլ՝ Արցախը Հայաստանին միացնելու:

Փաշինյանական քարոզչամեքենան հատուկ է նկարահանել եւ տարածել այդ տեսանյութը, որ ցույց տա՝ Հայաստանում հանուն Արցախի ու արցախահայերի ոչ մի համաժողովրդական շարժում չկա, մարդկանց այդ հարցն ընդհանրապես չի էլ հետաքրքրում։ Ոչ միայն ինքն է թղթով ու ստորագրությամբ հանձնել-հրաժարվել Արցախից, այլեւ ամբողջ հայ ժողովուրդը: Մարդկանց հիմա մի բան է հետաքրքրում`ոռոգման ջուր, խաղողի մթերում, եթե հնարավոր է՝ բարձր գնով, մթերված ապրանքի համար գումարների ժամանակին վճարում: Արցախի հարցը Հայաստանի հանրային օրակարգում չկա, մարդկանց այդ հարցը չի հետաքրքրում, նրանք էլ են համոզված, որ դա ոչ թե Հայաստանի, ՀՀ իշխանության եւ իրենց հարցն է, այլ՝ Ադրբեջանի, Մոսկվայի, գուցե՝ Արեւմուտքի: Հիմա ինքն ինչո՞վ է տարբերվում այդ տասնյակ տղամարդկանցից, հայ ժողովրդից, ինքը միշտ էլ ասել է, որ նրանցից մեկն է: Ամենաողբերգականն այն է, որ Փաշինյանի կողմից տեսագրված ու հրապարակայնացված տեսանյութն այնքան էլ կեղծ չէ, այնքան էլ կտրված չէ իրականությունից, չնայած ամբողջությամբ չի արտահայտում այն:

Հարց է առաջանում. ինչո՞վ էր խորհրդահայ մարդը տարբերվում անկախ Հայաստանի հայից, ինչո՞ւ երկրաշարժի արհավիրքից փրկված, քանդված ու ավերված քաղաքի բնակիչը ԽՍՀՄ ղեկավարից հետաքրքրվում էր Արցախի ճակատագրով, իսկ խաղաղ, համեմատաբար բարեկեցիկ պայմաններում ապրող հայ մարդն իր երկրի ղեկավարից չի հետաքրքրվում, թե ինչ է անում Հայաստանը շրջափակված ու սովամահության վտանգի տակ գտնվող իր հայրենակիցների համար: Խորհրդային Միությունն իր քաղաքացիներին քարոզում էր այլ արժեքներ. մարդասիրություն, ընկերասիրություն, կարեկցանք կարիքավորի նկատմամբ, ինքնազոհաբերում՝ հանուն ընդհանուրի: Խորհրդային մարդուն սովորեցնում էին, որ մարդը պետք է հանուն իր ընկերոջ, հարազատի եւ նույնիսկ օտարի փրկության պատրաստ լինի վտանգել անգամ կյանքը, նեղության պահին կիսվել ունեցածով, պաշտպանել թույլին:

30 տարի շարունակ Հայաստանում ճիշտ հակառակ քարոզչություն է գնում. որ մարդը մարդու հակառակորդն է, անգամ՝ թշնամին, մարդիկ իրար հետ մրցակցության մեջ են, ով հաղթում է, նա է ուժեղը, նրան են հասանելի կյանքի վայելքներն ու բարիքները, եթե կողքինդ ընկնում է, ոչնչանում է, պետք չէ նրան օգնել, ձեռք մեկնել, դա կյանքի օրենքն է, նա ուղղակի թույլ է եւ պարտվեց մրցակցությունում, դու ուժերդ անտեղի մի վատնիր, խնայիր, որ հաղթես:
Փաշինյանն այդ տեսակի եւ մտածողության տիպիկ կրողն է: Նա համոզված է, որ պայքարի միջոցների միջեւ խտրականություն չդնելով է ինքը հասել հաջողության, հաղթել բոլորին, հայտնվել է սննդային շղթայի գագաթնակետին, հիմա միակ մտահոգությունն այդ տեղը պահելն է եւ ավելի ուժեղանալը: Մնացածը` կարեկցանք, գթասրտություն, մարդասիրություն, անիմաստ զգացմունքայնության դրսեւորումներ են, որոնք հատուկ են թույլերին եւ խեղճերին: Ինքն ազատ է նման բարդույթներից, առավել եւս՝ Արցախի եւ արցախցիների նկատմամբ:

Ավետիս Բաբաջանյան