Էրդողանն իր երկրի, դու ու՞մ համար․․․

Էրդողանն իր երկրի, դու ու՞մ համար․․․

Հայ ժողովրդի մեջ կա՞ մի մարդ, որին ցավ չի պատճառել, երբ ՀՀ վարչապետ կոչվող անձը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդման արարողությանը։ Կա՞ մեկը, որի աչքերի առաջ չի եկել Հայոց ցեղասպանությունը, ջարդերը, վերջին պատերազմը՝ տասնյակ հազարավոր զոհերը, հաշմանդամները, գերիները, ։ Ձեզ թվում է այդ մասին չգիտե՞ր Նիկոլ Փաշինյանը։ Ուրեմն ինչու՞ է այդպես արել։ Հարցն ինքնին ավելորդ է բարձրաձայնել, որովհետև դրա մեջ է նաև պատասխանը։ Նա գիտեր, որ դրանով  ցավ է պատճառելու հայ ժողովրդին, ավելորդ անգամ հիշեցնելու է նրան իր չսպիացած վերքերը, ավելորդ անգամ քրքրելու է փակ թվացող վերքերը։ Եթե որևէ մեկը Նիկոլ Փաշինյանի արածի մեջ դիվանագիտություն է տեսնում, կուզեի բացատրեր՝ թե որտե՞ղ է դիվանագիտությունն ու այդ դիվանագիտության «քաղցր պտուղները»։

Դիվանագիտություն բանեցնում է Ֆրանսիան, երբ չի մասնակցում Էրդողանի երդման արարողությունը։ Դիվանագիտություն բանեցնում է Հունաստանը, երբ նմանապես չի մասնակցում արարողությանը։ Ողջ աշխարհը հասկանում է, որ Մակրոնն ու Միցոտակիսը պետություն են ներկայացնում, ազգային արժանապատվություն ունեն ու նրանց համար կարևոր է սեփական պետության ու ժողովրդի արժանապատվությունը։ Իսկ Փաշինյանը գործում է սեփական եսի կամ զրոյի սահմանից։ Նրա համար Արցախն ու Հայաստանը առոչինչ են։ Արցախն արդեն հանձնել է ու հայաստանյան գործընթացների մեջ է։ Նրա համար կարևորը սեփական զրոյական կետն է։ Էրդողանի հետ սելֆի անի՝ լայն բացված ժպիտով և հայացքի այնպիսի նվաղանքով, որ անգամ Էրդողանը տնտղի այդ շինծու հայացքի անկեղծությունը։ Փաշինյանը ցավ է ուզում պատճառել հայ ժողովրդին, ու դա անում է բոլոր միջոցներով։ Էրդողանի հետ հանդիպման ժեստի մեջ տղայական ցուցադրություն ու պարծանք կա։

Իրեն թվում է, թե Էրդողանի հետ սելֆի անելով, իր վրա է վերցնում Էրդողանի, թուրքական փառքը։ Առանց մտածելու, որ Էրդողանն իր երկրի,  ես ու՞մ համար․․․ Էրդողանը լավ գիտի, որ Նիկոլ Փաշինյանի նման մարդիկ պետություն չեն կարող ներկայացնել, նրանք ընդամենը սեփական ֆիզիկական ներկայություն են ապահովում և այն բոլոր տեսակետները, որ Փաշինյանը վիրավորում է հայ ժողովրդի արժանապատվությունը, դրանք զրո են։ Հայ ժողովուրդը ոչ մի կապ չունի այն մարդու հետ, որը իրեն չի ներկայացնում։ Դա ամենալավը հասկանում է Թուրքիան։ Եվ բոլոր նվաստացումները, անտեսումները վերաբերվում են ոչ թե հայ ժողովրդին, այլ անձամբ Նիկոլ Փաշինյան անձին։ Թուրքիայի նման դիվանագիտություն ունեցող երկիրը դա չի կարող չհասկանալ։