Пожар, пожар. Где пожар?

Пожар, пожар. Где пожар?

Փաստորեն, փաշինյանական գունավոր, թավշյա, այսինքն՝ բարխատի, սիրո հեղափոխությունն ինձ մեջ արթնացրեց մի թաքնված տաղանդ (կներեք անհամեստության համար). բանից պարզվեց, որ հրապարակախոս եմ, լրագրող եմ,  միայն ձեռքի հետ՝ տնտեսագետ: Այժմ, արդեն, բոլոր տնտեսագետները խամրում են, «քարկապ» են լինում, երկրի գլխավոր տնտեսագետի՝ Էկոնոմիկայի նախարար Քերոբյանի պայծառ կերպարի կողքին:

Ըստ օդում կախված լուրերի, նաև ինքնասպանություն գործած տնտեսագտներ էլ են եղել՝ «Մագարաչ» գինեգոր­ծության եւ խաղողա­գործության համամիութենական գիտահետազոտական ինստի­տուտի տնօրեն, կեն­սաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավել Գոլոդրիգայի օրինակով, ով ԽՍՀՄ-ում հակաալկոհոլային պայքարի շրջանակ­ներում ինքնասպան եղավ, քանի որ չկարողացավ կանխել խաղողի ունիկալ կոլեկցիոն տեսակների վերացումը: Դե, գիտեք, մեր տնտեսագետները չկարողացան կանխել զբոսաշրջության բուռն զարգացումը, Հայաստանի վերածվելը շինհրա­պարակի, գյուղատնտեսության շռայլ օժանդակությունը, ներդրումների ցունամին. աշխատուժի պակասուրդը, и, как люди интеллигентные, արժանապատիվ ձևով հրաժեշտ տվեցին …Քերոբյանին:

Пожар, пожар, везде пожар: Ուղղակի ոչ մի ԱԻՆ, նույնիսկ Ֆելիքս Ցոլակյանի նման փորձառու, գրեթե բոլոր պատասխանատու պաշտոնները զբաղեցրած անձնավորության ղեկավարությամբ, չի կարող դրա դեմն առնել: Արդեն պատրաստ էր հոդվածս՝ «Սիգարի ակցիզի պատմությունը կհիշե՞ք, պարոն Արսենյան», սակայն որոշեցի չհրապարակել՝ դրանում սիգարի մասին շատ բան չկար, այլ կային նկատառումներ պատգամավորի ՔՊ-ական թեկնածու Գուրգեն Արսենյանի մտքի այնպիսի «գոհարների» վերաբերյալ, ինչպիսին են. 1. «…անցեք էդ էջը, առաջ շարժվեք, պատմության այդ էջն արդեն տե­ղի է ունեցել, դուք չեք կարող առաջիկա տասը տարին կառուցել 20 թվա­կանի իրա­դարձությունների վրա», 2. « Մեր կյանքում պատերազմը փոխել է հետեւյալը, որ եղել է պատերազմ։ Մեր կյանքում եղել են համաճարակ, տնտեսական ճգնաժամ, եղել է նաեւ սոցիալական ճգնաժամ, երբ հասարակության նկատմամբ ատելության, կեղտի ու մարդկային ստորության դռները բացվեցին, եւ հարձակում գործվեց հայ հասա­րակության վրա՝ ողջ ուժով, նոյեմբերի 9-ից հետո»: 3. «Որովհետեւ սա իրենց իշխա­նությունն է, որովհետեւ այս իշխանությունն իրենց չի թալանում, որովհետեւ էս իշխանությունն իրենց երեխեքի ապագան չի ծախում, իրենց կրթությունը չի վերա­ծում տգիտության… »։ 

Դեռ այս մի пожар-ից չպրծած, մեկ ուրիշն է բռնկում: «Միացյալ Հայաստան» կուսակցության հինադիր-նախագահ Երվանդ Թարվերդյան: Մարդը հիմնավոր դատողություններ է անում. «Այսօր մեր պետությունը չունի բավարար ռեսուրս ընտրություններ կազմակերպելու համար, մասնավորապես՝ մենք չունենք առողջա­պահության նախարարություն, չունենք պաշտպանության նախարարություն, մենք չենք կարողանում պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջակա­նությունը, չունենք ներքին գործերի նախարարություն, հենց երեկ Երևանի կենտրոնում մարդ սպանվեց։ Հիմա հարց, ընտրությունների ընթացքում Ներքին գործերի նախա­րարությունը արդյոք կարո՞ղ է ապահովել մարդկանց պաշտպանված լինելու իրա­վունքը. իհարկե՝ ոչ, չի կարող: Մենք չունենք նաեւ արտաքին գործերի նախարա­րություն, բա առանց դրա ինչպես ենք մենք պատրաստվում գնալ ընտրությունների։ Եվ ընդհանրապես՝ մենք կառավարություն ունե՞նք, թե՞ ոչ»։
Ով կասի, թե Թարվերդյանը ճիշտ չէ, թող առաջինը քարկոծի ինձ: Բայց, նա շատ կարևոր ու պատժելի մի հայտարարություն է արել. «Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել նաեւ մեր Արդարադատության կին նախարարի, այդ վախկոտի վրա, որ նա վախեցավ ու չցանկացավ գրանցել «Միացյալ Հայաստան» կուսակցությունը։ 

Հ.Գ. Երիտասարդ սերունդը, կարծես, հայ գրականությունն ուսում­նասիրում է սեղմագրերով, իսկ քննությունը հանձնում թեստերով: Ես չգիտեմ, թե դա ում գաղափարն է եղել, բայց մեծագույն հաճույքով այդ սեղմագրերով ու թեստերով կհար­վածեի այդ ազգակործանի, ազգային արժե­համակարգը ոտնահարողի դա­տարկ գլխին: Պեպոն, տեսնելով գեղեցիկ աղջիկ պատուհանում, ձեռքը դրեց սրտին և սկսեց բղավել «Пажар! Пажар!». Где пожар, спросили у него. «В сердце пажар!»։ Արտա­հայտությունը Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսից է (1870 թ.): Պեպոյի սյուժեի հիման վրա ստեղծ­վել է առաջին հայկական հնչյունային ֆիլմը։ Պրեմիերան տեղի է ունեցել 1935 թվականի հունիսի 15-ին, ռեժիսորը Համո Բեկնազարյանն է։

Պեպոյին առա­ջին բեմադրության ժամանակ մարմնավորել է Հրաչյա Ներսիսյանը, իսկ Զիմզիմովին` Ավետ Ավետիսյանը: 19-րդ դար, Հայաստանը ռուսական կայսրության կազմում է: Չի կարելի պնդել, թե հայերն այն ժամանակ շատ երջանիկ են եղել: Բայց, գուցե եղել են անհոգ, եթե կարողացել են այդպես արտահայտվել աղջկա նկատմամբ սիրո պոռթկումից. «Սիրտս այրվում է»: Մեր ժամանակներում, հատկապես վերջին երեք տարիներին, քիչ, թե շատ արժանապատիվ մարդկանց սրտերն էլ են այրվում, երբ տեսնում են, թե մարդիկ անձնական շահից ելնելով ինչի են պատրաստ: Թեպետ Կարլ Մարքսը դիպուկ նկատել էր, թե ինչի է ընդունակ կապիտալը, երբ շահադրույքը մեծանում է, այդուհանդերձ, մեր ճակատագրի ժողովուրդը չպետք է ստրուկ դառնար կապի­տալին, այլ կապիտալին իր ստրուկը պետք է դարձներ:

Գագիկ Վարդանյան