Ադրբեջանի պատվիրակության վերադարձը ԵԽԽՎ դժվարանում է

Ադրբեջանի պատվիրակության վերադարձը ԵԽԽՎ դժվարանում է

Այս տարվա հունվարին Ադրբեջանը մեկ տարով վտարվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից` 6 հոգանոց պատվիրակությունը հեռացվեց ԵԽԽՎ-ից: Նրանց Վեհաժողովից հեռացնելու առաջարկը ներկայացրել էր գերմանացի պատվիրակ Ֆրանկ Շվաբեն, ով դեռ տարիներ առաջ բացահայտել էր ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» աղաղակող փաստերը, որոնց համաձայն՝ Ալիեւը միլիարդավոր դոլարներ է ծախսել արեւմտյան ազդեցիկ քաղաքական գործիչների, այդ թվում՝ ԵԽԽՎ բազմաթիվ պատվիրակների վրա, որպեսզի վերջիններս աչք փակեն Ադրբեջանում տեղի ունեցող ճնշումների վրա եւ հարկ եղած դեպքում պաշտպանեն իր ռեժիմին։ Շվաբեն հիշեցրել է այդ փաստերը եւ պնդել՝ Բաքվի գործողությունները խախտում են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության սկզբունքները:

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն էլ վերջերս հրապարակեց իր ավանդական զեկույցը՝ աշխարհի երկրներում ազատության վիճակի վերաբերյալ, ըստ որի՝ տարբեր չափորոշիչներով, Ադրբեջանը դասվել է ոչ ազատ երկրների շարքը: Զեկույցում նշվում է. «Ադրբեջանը կառավարվում է ավտորիտար ռեժիմով, որը վերահսկվում է Ալիեւների ընտանիքի կողմից, որն իշխանության է մոտ երեսուն տարի: Կառավարությունը, որը պարբերաբար քայլեր է ձեռնարկում արեւմտյան քննադատներին հանգստացնելու համար, երբեք կառուցվածքային բարեփոխումներ չի իրականացրել: ….Չափազանց սահմանափակ միջավայրը, որում աշխատում են անկախ ԶԼՄ-ներն Ադրբեջանում, էլ ավելի ռեպրեսիվ է դարձել։ Լրատվամիջոցների մասին օրենքում կատարված փոփոխություններն այժմ թույլ են տալիս իշխանություններին՝ պատասխանատվության ենթարկել սոցիալական ցանցերի օգտատերերին՝ իրենց տեսակետներն առցանց արտահայտելու համար»: 
Վերջին շրջանում Ադրբեջանում ավելի են ուժեղացել բռնաճնշումները քաղաքական ակտիվիստների նկատմամբ, ովքեր հանդես են գալիս ալիեւյան ռեժիմի քննադատությամբ, հակապատերազմական տրամադրությունների արտահայտմամբ: 2023 թվականի նոյեմբերից 6 լրագրող, որոնք կապված են Abzas Media-ի հետ, ձերբակալվել է։ Նրանք մեղադրվում են «արտարժույթի մաքսանենգության» մեջ։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները հերքում են մեղադրանքը եւ քրեական գործը կապում կոռուպցիայի վերաբերյալ իրենց կատարած լրագրողական հետաքննության հետ։ Իրավապաշտպանները ձերբակալվածներին որպես քաղբանտարկյալ են ճանաչել: Բաքվի քաղաքապետարանը պարբերաբար մերժում է ընդդիմադիր քաղբանտարկյալ Գուբադ Իբադօղլուի կողմնակիցներին՝ հանրահավաք անցկացնել: Պաշտոնական Բաքուն գնալով խստացնում է իր բռնապետական նկրտումները: 

Ի՞նչ է սպասվում Ադրբեջանին, միջազգային հանրությունն ի՞նչ վերաբերմունք կունենա այս երկրի հանդեպ, եւ արդյո՞ք մեկ տարի անց նա կվերականգնի ԵԽԽՎ անդամությունը: Ադրբեջանական պատվիրակությանը ԵԽԽՎ-ից հեռացնելու նախաձեռնության հեղինակ Ֆրանկ Շվաբեն TURAN լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել էր. «Եթե ուշադիր կարդաք Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանում ընդունված զեկույցը, ապա մենք նշեցինք, որ պատվիրակությունը մեկ տարով զրկվել է ձայնի իրավունքից, մենք պատրաստ կլինենք քննարկել մեկ այլ որոշում, բայց միայն պայմանով, որ Ադրբեջանը լիովին պահպանի Եվրախորհրդի կանոնները: Ցավոք, մենք հակառակն ենք տեսնում։ Բավական է հիշել վերջին մի քանի ամիսների իրադարձությունները՝ «Տոլում» հեռուստաընկերության լրագրողների ձերբակալությունը եւ ազատ արձակելուց հրաժարվելը»:

Գերմանացի պատգամավորը չի հերքել, որ ԵԽԽՎ անդամ որոշ երկրների կողմից կան դիվանագիտական ճնշումներ եւ ակնկալիք՝ առաջիկայում բարձրացնել ադրբեջանական պատվիրակությանը ձայնի իրավունքը վերադարձնելու հարցը։ «Սակայն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն առեւտրի վայր չէ, այն կազմակերպություն է, որտեղ գոյություն ունեն սկզբունքներ, կանոններ եւ արժեքներ։ Վերջին ամիսներին մենք եւս մեկ անգամ տեսանք, որ Ադրբեջանը չի ճանաչում այդ կանոնները։ Հետեւեք դրանց: Ընդհակառակը, մենք տեսանք հակառակ ուղղությամբ քայլեր, հատկապես այս տարի հունվարից հետո»,- ասել է Ֆրանկ Շվաբեն:
 Այս ամենն ի մի բերելով՝ կարելի է հետեւություն անել, որ ադրբեջանական պատվիրակությունը դեռեւս երկար ժամանակ չի կարողանա վերադառնալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով: Իհարկե, եթե ադրբեջանական «նավթադոլարները» «չջերմացնեն» վեհաժողովի որոշ անդամների գրպաններն ու սրտերը…