«Հրապարակ». Եթե պետությունը մեկ դատավորի տեղ ավելացնի վարչական դատարանում, մենք նստելու տեղ չենք ունենա

«Հրապարակ». Եթե պետությունը մեկ դատավորի տեղ ավելացնի վարչական դատարանում, մենք նստելու տեղ չենք ունենա

Երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը հանրային քննարկում էր հրավիրել՝ դատարանների գերծանրաբեռնվածության թեմայով։ Հրավիրված էին ինչպես դատական համակարգի ներկայացուցիչներ, այնպես էլ փաստաբաններ, բայց հյուրերի մի մասը չէր եկել։ Դատավորները մանրամասն ներկայացրին, թե ինչ խնդիրներ կան դատական համակարգում, ինչով է պայմանավորված գերծանրաբեռնվածությունը, ինչ լուծումներ են տեսնում։ Հատկապես ակտիվ էր Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը, ով մանրամասն ներկայացրեց Վարչական դատարանին առնչվող խնդիրները՝ նշելով, որ գերծանրաբեռնվածության պատճառը վարչական մարմինների թերի աշխատանքն է եւ այն, որ քաղաքացիների մոտ վստահություն չեն վայելում: Քննարկումից հետո Ազրոյանը մեզ հետ զրույցում ասաց՝ քանի որ քաղաքացիները վարչական մարմնին` պետությանը չեն վստահում, արտադատական կարգով վեճը լուծելու փոխարեն դիմում են Վարչական դատարան, ինչը էլ հանգեցնում է դատարանի գերծանրաբեռնվածության։

«Այսինքն՝ չի աշխատում արտադատական կարգով վեճի լուծումը, նաեւ վերադասության կարգով բողոքներ բերելը։ Ճիշտ է, դա պարտադիր պահանջ չէ՝ բացառությամբ Ճանապարհային ոստիկանության հետ կապված վեճերի, մնացած դեպքերում անձի ցանկությունն է, եւ անձը վերադասության կարգով բողոք բերելու փոխարեն անմիջապես դիմում է դատարան, որովհետեւ ասում է՝ դա արդյունավետ չէ, միեւնույն է՝ իրենք իրենց իսկ կողմից կայացրած վարչական ակտերը չեն վերացնելու։ Մարդիկ գտնում են, որ վերադասության կարգով բողոքները մեծ մասամբ ժամանակի անիմաստ ծախս են, նախընտրում են միանգամից դիմել Վարչական դատարան։ Մեծամտություն չլինի, բայց քաղաքացիներն իրոք վստահում են Վարչական դատարանին»,- ասաց դատավորը։

- Կարծիք էլ կա, որ վարչական ապարատը պրոֆեսիոնալ չի գործում, դա է պատճառը, որ մեծ մասամբ վարչական մարմինների կայացրած ակտերը դատարանում «ջրվում» են։

- Վարչական մարմինները, ցավոք, բազմակողմանի եւ օբյեկտիվ վարչարարություն չեն կայացնում։ Օրինակ՝ անձը դիմում է քաղաքապետարան՝ իր հողամասի ընդլայնման պահանջով, վերջինիս իրավունքը մերժվում է առանց որեւէ հիմնավորման, այսինքն՝ վերացական հայտնում են, որ նպատակահարմար չէ այդ ընդլայնումը։ Բայց օրենքը հստակ ասում է, որ եթե մերժվում է անձին ինչ-որ իրավունքի տրամադրումը, վարչական ակտը պետք է լինի հիմնավորված եւ պատճառաբանված։ Ուստի անձն անմիջապես դիմում է Վարչական դատարան։

- Դա ինչի՞ց է գալիս՝ վարչական մարմիններում աշխատողները մատների արանքո՞վ են նայում իրենց կայացրած ակտերին, պրոֆեսիոնա՞լ չեն, թե՞ օրենքի բաց կա։

- Կարող են դեպքեր լինել, որ օրենքների մեկնաբանման խնդիր լինի, բայց մեծամասամբ, երբ ուսումնասիրում ենք վարչական վարույթների գործողությունները՝ տարբեր են գործոնները․ կարող է այնպիսի անձ կայացրած լինի որոշումը, որը գուցե քաջատեղյակ չէ օրենսդրական կարգավորումներից, գուցե միտումնավոր է դա կատարել։ Բայց մեր դատարանների ծանրաբեռնվածության հիմնական պատճառը, իրականում, այն է, որ մենք չունենք համապատասխան թվակազմով աշխատակազմ, ինչպես նաեւ դատավորների թվաքանակը շատ քիչ է Վարչական դատարանում, սակայն մենք շատ լավ հասկանում ենք, որ դա պետության համար մեծ բեռ է, եւ մեր ծանրաբեռնվածության նվազեցման համար առաջարկում ենք այնպիսի տարբերակ, որը զրո ֆինանսական միջոցներ է պահանջելու։ Ավելին, մենք մեր առաջարկած լուծումներով դեռ պետության գումարներն ենք խնայելու։ Ես իմ ելույթում մոտավոր թիվ նշեցի, որ մեկ հայցադիմումի համար պետությունը ծախսում է մոտ 24 հազար դրամ։ Այս տարի Վարչական դատարան մուտք է եղել մոտ 8 հազար հայցադիմում։ Եթե մեր ասած տարբերակով գործերը նվազեցնենք, օրինակ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշակի գործեր հանենք վերահսկողությունից, 8 հազարը կարող է դառնալ, օրինակ, 6 հազար, ինչի արդյունքում ե՛ւ դատարանների ծանրաբեռնվածությունը կնվազի, ե՛ւ ֆինանսական միջոցներ կտնտեսվեն։ Իսկ դրա համար ընդամենը օրենսդրական փոփոխություն է պետք կատարել։

- Այս պահին մեկ դատավորին մակագրված գործերի քանակը որքա՞ն է։

- Եթե այս 8 հազար գործը բաժանենք 24 դատավորի, ստացվում է մոտավորապես 340 գործ։ Դրանից բացի, դատավորին փոխանցվել են նաեւ անցյալ տարվա գործերը, որոնք ինքը չի հասցրել ավարտել, ինչպես նաեւ ունեցել ենք դատավորներ, որոնք առաջխաղացում են ունեցել՝ գնացել են Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարան, իրենց գործերը եւս վերաբաշխվել են։ Այսինքն՝ միջինում տարեկան կտրվածքով մեր դատավորները ստանում են մոտ 800 գործ։

- Իսկ դատավորների թվակազմի ավելացումը կլուծի՞ այս խնդիրը։

- Դա պետք է օրենսդրական փոփոխություններին զուգահեռ լինի։ Օրենսդրական փոփոխությունները պահանջ են, պսրտադիր պայման են։ Բնականաբար՝ դատավորների թվաքանակի ավելացումը միանշանակ կնպաստի ծանրաբեռնվածության նվազեցմանը, սակայն այս պարագայում էլ մենք շենքային պայման չունենք։ Անգամ հենց հիմա, եթե պետությունը մեկ դատավորի տեղ ավելացնի Վարչական դատարանում, մենք նստելու տեղ չենք ունենա։

- Դուք այս բոլոր խնդիրները ներկայացրե՞լ եք համապատասխան մարմիններին, օրինակ՝ ԲԴԽ-ին։ Եվ ի՞նչ են ասում իրենք։

- Իհարկե, տարիներ շարունակ ներկայացրել ենք, այդ թվում՝ արդարադատության նախարարություն, ասում են՝ մենք հետամուտ ենք, հետեւողական ենք, մենք հասկանում ենք խնդիրները, կփորձենք լուծել, որոշակի խնդիր եթե այդ պահին հնարավոր է լուծել, լուծվում է, օրինակ՝ անցյալ տարի մենք առաջարկեցինք ՃՈ գործերով, ՎԻՎՕ-ի հետ կապված գործերով պետական տուրքի ինստիտուտը ներդնել, որը կնվազեցներ հայցադիմումների մուտքը, ինչն այդպես էլ եղավ։ Այսինքն՝ այդ պահին լուծումը գտնվեց։

- Ու շատ քննադատվեց, որ 5 հազար դրամ ակտի համար պետք է 4 հազար դրամ պետտուրք վճարի քաղաքացին։

- Քննադատվեց, բայց իր արդյունքը տվեց, որովհետեւ մենք ձեւական հայցերից խուսափեցինք, որովհետեւ, եթե կողմն իրոք գտնում է, որ մեղավոր չէ, այդ խախտումը թույլ չի տվել, ինքն այդ 4 հազար դրամ պետական տուրքը կվճարի, կգա դատարան, եւ եթե հաղթի, այդ պետտուրքն իրեն կվերադարձվի։ Իսկ այս պարագայում ձեւական հայցեր էին հարուցում, երբ պետտուրք չկար, ու հիմնականում դա անում էին փաստաբանները, առնվազն 2-3 տարի այդ գործերը տեւում էին, անձը 2-3 տարի պատասխանատվության էր ենթարկվում՝ տուգանքը չէր վճարում, արդյունքում, միեւնույն է, շահած էր դուրս գալիս։

- Ինչպես հասկացա, վարչական մարմինների կայացրած ակտերը վարչական դատարանում մեծ մասամբ «ջրվում» են։ Ունե՞ք վիճակագրություն, թե քաղաքացու ներկայացրած հայցերի քանի տոկոսն է բավարարվում, ինչքան վարչական ակտ է ճանաչվում անվավեր։

- Վիճակագրություն չեմ կարողանա բերել, բայց մոտավոր կարող եմ ասել, որ կեսից ավելին ճանաչվում է անվավեր։

- Սա արդյոք խոսո՞ւմ է վարչական մարմինների թերի, ոչ պրոֆեսիոնալ, գուցե անպատասխանատու աշխատանքի մասին։

- Թույլ չեմ տա ինձ նման գնահատական տալ։ Գնահատականը պետք է կոնկրետ այդ վարչական մարմինները տան, երբ տեսնում են, որ նույն հարցի վերաբերյալ Վարչական դատարանի բոլոր դատավորներն ունեն միեւնույն դիրքորոշումը, Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններն ունեն նույն դիրքորոշումը։ 3 տարի մենք նույնն ենք անում, այսինքն՝ արդեն պիտի վարչական մարմինը հետամուտ լինի եւ իր վարքագիծը փոխի։ Ու բացի նրանից, որ ինքը դրանից վնաս է կրում ու կարող էր ճիշտ ժամանակին իր վարքագիծը փոխել՝ համապատասխանեցներ մեր արձանագրածին, եւ վարքագիծը փոխելով՝ իր կայացրած ակտերը հետագայում կմնային ուժի մեջ, պետական բյուջեն գումար կստանար, բացի դրանից՝ փաստաբաններին էլ պետական բյուջեից վճարներ չէին տա։

- Իսկ ձեզ վրա կա՞ ուղղակի կամ անուղղակի ճնշում, թեկուզ` հորդոր, որ պետությունը ձեր կայացրած ակտերից տուժում է, ֆինանսական վնաս է կրում, ցանկալի է, որ ձեր մոտեցումը փոխեք ու պետության հանդեպ ավելի լոյալ լինեք։

- Ազնիվ լինեմ՝ իմ նկատմամբ երբեւէ որեւէ ճնշում, անգամ խնդրանք չի եղել, որ լոյալ գտնվեմ պետության հանդեպ։ Ինձ երբեմն մեղադրում են, թե ես շատ պետականամետ եմ՝ դեռեւս ֆինանսների նախարարության հոգեբանությունն է իմ մեջ խոսում (ժամանակին աշխատել է ֆիննախում)։ Բոլորս էլ այս երկրից ենք ու հասկանում ենք, որ մեր երկիրը գոյատեւում է հարկերի միջոցով, բայց մենք նաեւ օրինական երկիր ենք՝ Սահմանադրության առաջին հոդվածի համաձայն, այսինքն՝ չեն կարող վարչական ակտերը գոյատեւել օրենքի խախտումով։