Ռիքերի խոսքերով՝ Բայդենը հայ-ադրբեջանական հակամարտությունը քննարկելու է Էրդողանի հետ 

Ռիքերի խոսքերով՝ Բայդենը հայ-ադրբեջանական հակամարտությունը քննարկելու է Էրդողանի հետ 

ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիփ Ռիքերի խոսքերով՝  Լեռնային Ղարաբաղի (Արցախ) 44-օրյա պատերազմի հետևանքով բոլոր բանտարկված, ձերբակալված անձինք պետք է հետ վերադարձվեն։

«Ազատություն » ռադիոկայանին տված հարցազրույցում Ռիքերը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և նախագահ Ջո Բայդենը շատ էին ցանկանում, որ ինքն այցելի հարավկովկասյան տարածաշրջան։ 

«Քարտուղար Բլինքենը և Բայդենը շատ էին ցանկանում, որ ես գամ տարածաշրջան։ Ես անհանգստություն եմ արտահայտնել, ինչպես Միացյալ Նահանգների կառավարությունը բազմիցս, բոլոր բանտարկյալներին, բոլոր կալանավորվածներին ազատ արձակելու և տուն վերադառնալու անհրաժեշտության կապակցությամբ: Մենք պետք է հիշենք, որ այս հակամարտությունը ազդում է մարդկանց վրա․ չափազանց հեշտ է ապամարդկայնացնել հակամարտությունը։ Եվ ես կարծում եմ՝ կարևոր է հիշել, որ սա մարդկային էակների մասին է, հակամարտության երկու կողմերում մարդկանց մասին է․ մարդկանց երեխաների, ամուսինների, ծնողների մասին է։ Եվ մենք ուզում ենք տեսնել, որ բոլոր կալանավորված մարդիկ վերադարձվեն։ Ուզում ենք տեսնել, որ վերջ է տրված ականներին, դրանց պատճառով ինչ տեսակի սարսափելի խեղում ու մահեր են լինում։ Ի վերջո, ուզում ենք տեսնել հակամարտության ավարտը, համապարփակ կարգավորումը։ Սա այն է, որին Միացյալ Նահանգները աջակցել է շատ, շատ տարիներ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործըթնացի անդամներից մեկը», - ասել է Ֆիլիփ Ռիքերը։

Տարածաշրջանային այցով երեկ Հայաստանում եղած Ռիքերի պատվիրակությունը երեկ հանդիպել էր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հանդիպում էր ունեցել նաև արտաքին գործերի նախարարությունում։ Պատվիրակության կազմում էին եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական առաքելությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը։

«Ազատության» հետ զրույցում Ռիքերն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությանը, Հայաստանի և Ադրբեջանի  միջև սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի խնդրին։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) կարգավիճակի հարցի քննարկման անհրաժեշտությանը՝ Ռիքերն ասել է․  «Ինչպես ասացի, մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին։ Եվ հավատած ենք, որ նրա տիտղոսը ծայրաստիճան վավեր է, և անհրաժեշտություն կա վերադառնալու այդ գործընթացին, աշխուժացնելու այդ գործընթացը՝ գործնականորեն հնարավորին շուտ անդրադառնալ այս բոլոր հարցերին։ Նաև շատ պարզ ենք դարձրել մեր հայտարարությունների միջոցով։ Ինչպես պետքարտուղար Բլինքենն է ասել․ պատրաստ ենք օգնել, որտեղ կարող ենք»։

Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ «սահմանային դեմարկացիան կարևոր քայլ է, «որն անհրաժեշտ է անել»։ 

«[Հայաստանի և Ադրբեջանի միջև] Այս սահմանները դեմարկացված չեն բազմաթիվ հեռավոր վայրերում։ Այս խնդիրը միակը չէ տարածաշրջանում կամ աշխարհի բազմաթիվ այլ հատվածներում։ Մենք կարող ենք աջակցել տեսանկարահանող տեխնիկական փորձաքննությունով։ Պատրաստ ենք դա անել։ Պատրաստ ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների կամ այլոց հետ, ինչպես անհրաժեշտ է։ Որը մենք կուզենայինք անել։ Եվ իմ ասելու ուղերձն այս շաբաթ այն է, որ ուզում ենք տեսնել այս հակամարտության կարգավորումը, որպեսզի տարածաշրջանի բոլոր մարդիկ կարողանան առաջ շարժվել, առաջ նայել՝ կենտրոնանալով անվտանգ, կայուն կյանքերի, երկրների վրա, որոնք ժողովրդավար են և կարող են բարգավաճում ապահովել․ հավատացած ենք՝ որին տարածաշրջանի բոլոր մարդիկ արժանի են», - ասե է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարը։

Անդրադառնալով նոյեմբերի 9/10-ի եռակողմ (Ռուսաստանի Դաշնություն, Հայաստան, Ադրբեջան) հայտարարությանը՝ նա նշել է, որ ԱՄՆ-ը դրա մաս չէ, ու հավելել, որ այն «հրադադարի մասին է, որը կարևոր է»։ 

«Այն [Հայտարարությունը] կարևոր է, քանի որ ամեն օր, որ դու կարողանաս հրադադար ունենալ, քիչ կյանքեր կկորսվեն, քիչ երիտասարդներ կվիրավորվեն»։ 

Ֆիլիփ Ռիքերն ընդգծել է հակամարտությանը համապարփակ անդրադառնալու անհրաժեշտությունը։

«Այնուամենայնիվ կարևոր է համապարփակ անդրադառնալ հակամարտությանը։ Եվ մենք իրականում պատրաստ ենք այնպես անել, ինչպես ասացի, այլ համանախագաների հետ երկկողման դիվանագիտական ու բազմակողմ դիվանագիտական տարածաշրջանային ներգրավվածությամբ։ Մենք պատրաստ ենք գործուն դեր խաղալ։ Մենք ունենք ամուր երկկողմ հարաբերություններ բոլոր երեք երկրների հետ, որոնք այս շաբաթ ես այցելում եմ Հարավային Կովկասում», - ընդգծել է ամերիկացի դեսպանորդը։ 

Նրա խոսքերով՝ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է, բայց «մենք ունենք տարբերություններ, մտահոգություններ ունենք Թուրքիայի որոշ գործունեությունների, քաղաքականությունների, գործողությունների շուրջ»։ 

Խոսելով Արցախի 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ անդամ Թուրքիայի ներգրավվածության մասին՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականն ասել է․ «Մենք շատ մտահոգություններ ունենք Թուրքիայի հետ կապված։ Թուրքիան մեր դաշնակիցն է, բայց ինչպես նախագահն է ասել, նախագահ Բայդենը, և քարտուղար Բլինքենն է ընդգծել, մենք ունենք տարբերություններ, մենք մտահոգություններ ունենք Թուրքիայի որոշ գործունեությունների, քաղաքականությունների, գործողությունների շուրջ։ Եվ մենք կշարունակենք անդրադառնալ մեր մտահոգություններին դիվանագիտության միջոցով։ Ինչպես Դուք հավանաբար տեղյակ եք՝ սպասվում է, որ նախագահ Բայդենը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում (հաջորդ շաբաթ Բրյուսելում) և, անկասկած, կբարձրացնի այս խնդիրները: Մենք հավատած չենք, որ օգտակար է ուրիշներին ներգրավվելը հակամարտության մեջ, որը, ինչպես մենք ասացինք, ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստ է լուծել այն ժամանակ, երբ երկու կողմերն էլ պատրաստ լինեն առաջ շարժվել»:

Անդրադառնալով մայիսի 12-ից ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը՝ Ռիքերը նշել է․ «Ինչպես մենք շատ հստակ ենք դարձրել Վաշինգոնից, Միացյալ Նահանգների կառավարությունից մեր հայտարարություններում, մենք կուզենայինք տեսնել, որ երկու կողմերը հետ քաշվեն դիրքեր, վերատեղակայվեն այնտեղ, որտեղ մայիսի 11-ին էին, որպեսզի կարողանանք խուսափել նման հակամարտությունից։ Չդեմարկացված սահմանին դուք [Հայաստանը և Ադրբեջանը] ունեք զորքեր, երկու կողմից էլ՝ զինվորներ, որոնք չափազանց մոտ են իրար։ Եվ անխուսափելի է, որ խնդիրներ ու հակամարտություններ կլինեն, ու վիրավորումներ ու լրացուցիչ կորսված կյանքեր կլինեն։ Մենք հետքաշում ենք ուզում տեսնել, վերադարձ, վերատեղակայում այնտեղ, որտեղ զորքերն այդքան մոտ չեն»։

Ըստ նրա՝ ներկայում որևէ պատճառ չկա ռազմական նման տեղաշարժեր կատարել։ «Այնուհետև, ինչը մենք կարիք ունենք տեսնելու, ի վերջո սահմանի դեմարկացիան է։ Սակայն ամենակարևորը վերադառնալն է գործընթացին, որպեսզի հակամարտությունը կարելի լինի ամբողջովին հանգուցալուծել»։ 

Խոսելով Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵԱՀԿ միջազգային դիտորդներ տեղակայելու և ԱՄՆ-ի կողմից դիտորդներ գործուղելու հնարավորության մասին՝ Ֆիլիփ Ռիքերն ասել է․ «Խաղաղապահ որոշակի տեսակի մեխանիզմի կամ դիտորդների մասին խոսակցությունները եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի մի մասը, որը շատ, շատ տարիներ քննարկվել է։ Կարևորն այն է, որ վերադառնանք գործընթացին ու տեսնենք, թե ինչի վրա ենք աշխատելու, ինչին ենք կարող օգնել, ինչն ենք դյուրացնելու հակամարտության ավարտին։ Դա է, որ ես կարծում եմ, կարևոր է։ Որ համանախագները կարողանան լինել ստեղծարար՝ երկու կողմերի հետ աշխատելու համար։ 

Ամերիկացի դիվանագետի խոսքերից կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ն էլ ավելի կփորձի ներգրավվածություն ունենալ հարավկոսվկասյան տարածաշրջանում՝ նախագահ Բայդենի՝ «Ամերիկան վերադարձել է» արտահայտության համածիրում։ Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա ԱՄՆ-ն կշարունակի ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների վերականգման ուղղությամբ։ Սակայն բանակցությունների վերսկսումը կախված է նաև Հայաստանում իրավիճակին ադեկվատ կառավարության ձևավորումից»։