Հոգիներ, որոնք թափառում են․․․

Հոգիներ, որոնք թափառում են․․․

Ցանկացած խաչքար՝ ճանապարհի եզրին լինի, թե ճանապարհի խորքում, մեր ինքնության վկայությունն է։ Հեռու չէ, եկել է այն ժամանակը, երբ Հայաստանն Արևմտյան Ադրբեջան կոչող թշնամուն պիտի ցույց տալ, պիտի ապացուցել, որ Հայաստանը խաչքարերի, հիշողությունների երկիր է։ Ամեն մի խաչքար իր պատմությունն ունի։ Երբ 2022 թվականին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ «Պետք է արգելել ճանապարհներին խաչքարեր ու խաչեր տեղադրելը», մի տեսակ սարսափ զգացի։ Լավ, քրիստոնյա մեր երկրում խաչքա՞րն է քեզ խանգարում։ Ախր խաչքարը, նրա պատմական արժեքը, զորությունը հասկանալու համար, պետք մասնագետ լինել, ինչպես շինարարություն անողը պիտի «պրարաբ լինի»։

Հայաստանի ամեն մի խաչքար կենդանի մի վկայություն է, հայոց ձեռագիրն է։ Դրեց ու անցկացրեց, նսեմացնելով եղած խաչքարերը․ «Ուր գնում ես՝ պլաստմասից, երկաթից, հին կահույքի կտորներից, շինարարության ավելցուկից պատրաստված․․․ Ես հանձարարական եմ տվել, որ տեղի ունեցող գործընթացը ուսումնասիրենք և գնահատական տանք»։

Ուսումնացիրեցի՞ն, գնահատական տվի՞ն, կա՞ մեկը, որն իմանում է, թե ինչ խաչքարեր ոչնչացվեցին, ինչ հանձնարարականներով և ինչու։ Կարևորն այն է, որ օրենքն անցկացվի, մնացածի մասին ինքը «հոգ է տանում»։ Կա՞ մեկը, որ հավատում է, թե շինարար հայը կարող է պլաստմասից և այլ կտորտանքից խաչքար պատրաստի։ Ասում էր․ «․․․Ըտենց՝ խաչեր, տապանաքարեր, կներեք արտահայտությանս՝ խաչքարեր, բայց ըտենց չէ, պետք է կանոնակարգված լինի այդ ամենը: Բոլորը խուսափում են այդ մասին խոսել»։ Կանոնագարգված ավերվեցի՞ն ճանապարհին տեղադրված խաչքարերը։ Այդ մասին զրո տեղեկացում։ Կարդում եմ Մանուշակ Շիրինյանի «Հուշերի արահետներով» -ը և ցավը խորանում է, երբ Վազգեն Վեհափառի պատմությունն եմ լսում, թե ինչպես է երիտասարդ տարիքում գողություն արել։ Եվ գողացածը խաչքար էր։ Տեղադրում եմ այդ հատվածը, որ կարողանաք հասկանալ, թե ինչից ուր հասանք․ « Սովետական Միության սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում Էի: Ճիշտ սահմանամերձ գոտում մի քանի բացառիկ խաչքարեր կային, որոնց մասին ինձ պատմել Էր սահմանապահ զորքի ռուս սպան: Խնդրեցի, որ հնարավորության դեպքում լուսանկարի խաչքարերը: Իսկապես դրանք բացառիկ հոգեւոր եւ մշակութային արժեք էին ներկայացնում հայ ժողովրդի, հայ առաքելական եկեղեցու համար: Ոգեւորությունս այնքան մեծ էր, որ պատրաստ էի ամեն ինչի, միայն թե գերությունից փրկեի խաչքարերը: Դրանք կարծես Եղեռնի ժամանակ սպանված ու անարգված իմ ազգակիցների աճյունները լինեին, որոնց հոգիները թափառում էին` չգտնելով համբարձման ճանապարհը … Ապագա կաթողիկոսը գնում Է ռուս սպայի մոտ եւ կովկասյան հյուրասիրությանը հատուկ սեղան բացում: Կենացներ են փոխանակում եւ հարազատանում: Մի խոսքով, հաճելի երեկո են անցկացնում: Հրաժեշտից առաջ ռուս սպային համարձակ առաջարկ է անում, միասին անցնել սահմանը ու հետ բերել խաչքարերը: Ռուս սպան, հանուն իրենց բարեկամության, համաձայնում Է, եւ ինչպես Վազգեն կաթողիկոսն է հիշում, «պատրաստ էր նույնիսկ պատերազմ հայտարարել Թուրքիային: Մի քանի օրից, գիշերով, սահմանապահ զորամիավորման բեռնատար մեքենայով պետք է անցնեին սահմանը: -Հագուստս պետք է լիներ շատ գործնական՝ ջինս, մուգ գույնի վերնաշապիկ եւ սպորտային կոշիկներ,- շարունակում Է կաթողիկոսը: Սպասեցինք մինչեւ մթնեց: Նախ սահմանն անցանք ոտքով՝ ռուս սպան, չորս սահմանապահները եւ ես: Հետո պիտի մոտենար բեռնատարը, որի մեջ պիտի բարձեինք խաչքարերը եւ անցնեինք սահմանը»: Սա հայ ժողովրդի եւ եկեղեցու հանդեպ նրա խորունկ սիրո եւ պաշտամունքի մասին է խոսում։ Իսկ Արցախում ինչքա՜ն խաչքարեր մնացին, որոնք, ինչպես Վեհափառն է ասում, կարծես Եղեռնի ժամանակ սպանված ու անարգված իր ազգակիցների աճյունները լինեին, որոնց հոգիները թափառում էին` չգտնելով համբարձման ճանապարհը։ Արցախում ինչքա՜ն գերեզմաններ մնացին, որոնց հոգիները թափառում են` չգտնելով համբարձման ճանապարհը։ Գուցե դրա՞նք էլ պլաստմասե, երկաթե, հին կահույքի կտորտանիքից են պատրաստած եղել։ Եզրահանգումը ընթերցողին եմ թողնում։ ՈՒ՜ր էինք ու՜ր հասանք։ Դժբախտ ու դժգույն Շուշի ու «պլաստմասից, երկաթից, հին կահույքի կտորներից, շինարարության ավելցուկից պատրաստված խաչքարեր ․․․»։