Նիկոլ Փաշինյանի ճիշտը Օնիկ Գասպարյանի սուտը չէ

Նիկոլ Փաշինյանի ճիշտը Օնիկ Գասպարյանի սուտը չէ

Այսօր կա՞ մեկը Հայաստանում, որ հավատ ընծայի Նիկոլի խոսքին, անկախ այն բանից` իր անո՞ւնն է արտաբերում, թե՞ Օնիկ Գասպարյանի: Այդ երկուսից մեկն ակնհայտորեն ստում է: Երկուսն էլ ասում են` ես ճիշտն եմ ասում: Բայց երկուսից մեկը ստախոս է: Նիկոլի ստախոսությունն ապացույցների կարիք չունի, այն ամեն օր է ապացուցվում, մինչեւ բերանը բացելը գիտենք, որ սուտ է խոսելու: Կարող եք ասել, որ հասկացողը գիտի, իսկ չհասկացողն ի՞նչ իմանա: Անգամ այդ չհասկացողը, թեկուզ իր կողմնակիցը, գիտի, որ ստում է: Իր կողմնակիցն է, բայց չի հավատում, որովհետեւ ինքը ստի, կեղծիքի կողմն է եւ վստահել-չվաստահելու կարիք չունի: Իսկ Օնիկ Գասպարյանի ստախոսությունն ապացույցների կարիք ունի. սուտը սո՞ւտ էր, թե՞ ճիշտն էր ճիշտ: Նիկոլի սուտն ապացուցված է, Օնիկ Գասպարյանի սուտը պետք է ապացուցվի: Առաջինի դեպքում քննությունն անիմաստ է, երկրորդի դեպքում քննությունն իմաստ կդառնա:       

Պատերազմի 44 օրերին Նիկոլը ստել է, պատերազմին հաջորդող հինգ ամիսներին ստել է: Նիկոլը ստել է հեղափոխությունից առաջ, Նիկոլը ստել է հեղափոխությունից հետո եւ հեղափոխության օրերին: Նիկոլը ստում է մարզեր այցելությունների ժամանակ, ստում է Ազգային ժողովի ամբիոնից եւ կառավարության նիստերում: Ստում է վիրավորների, պատերազմում զոհվածների, ռազմագերիների ու անհայտ կորածների ծնողների ու հարազատների մոտ: Ստում է ՀՀ քաղաքացու, օրինապահի ու զինվորականի, իր թիմակիցների ու մերձավորների, կնոջ, երեխայի եւ ինքն իր հետ: Նիկոլը ստում է հենց հիմա, իր աթոռին լուռումունջ նստած, անգամ ստում է, երբ չի խոսում: Նիկոլը ստելու է...  Կա՞ մեկը` կասկածի ու չհավատա, որ ստում է, եւ սուտն ապացուցելու ապացույցներ պահանջի: Այդ նույնն է, որ ասենք` սատանան սեւ է, եւ որեւէ մեկի մեջ կասկած առաջանա: Բոլորն էլ գիտեն` ստում է եւ ստելու է. սա բացարձակ ճշմարտություն է:  

Բոլորովին հակառակն է Օնիկ Գասպարյանի վարքի քննության դեպքում: Մենք դեռ չգիտենք՝ Օնիկ Գասպարյանը երբեւէ ստե՞լ է, թե՞ ոչ: Երբեւէ չենք բռնացրել ստի մեջ: Կարող ենք մի քիչ խեթ աչքով նայել, որ վարչապետի հրաժարականը պահանջելուց հետո ընկրկեց եւ իր անփոխարինելի ուժը փոխանակեց փխրունությամբ` վարչական դատարանում վիճարկելու հետ: Կարող ենք աչքի նույն շեղությաբ նայել մյուս գեներալներին, որ մերժելի վարչապետին գլխավոր շտաբում ընդունեցին հոտնկայս եւ հլու-հնազանդ ենթարկվեցին նրա պայմանին ու պահանջին: Կարող ենք տեսնել նրանց անվճռականությունը խաղաղ պայմաններում ու ենթադրել, որ նույն անվճռականությունն են ցուցաբերել նաեւ պատերազմի դաշտում եւ ընկճվել: Բայց չենք կարող մեղադրել ստախոսություն մեջ:  

Օնիկ Գասպարյանը զինադադարից հետո է հայտարարել, որ ինքը պատերազմի չորրորդ օրը վարչապետին զգուշացրել է` պետք է կանգնեցնել պատերազմը: Այդ հայտարարությունն ուժի մեջ է եղել շուրջ հինգ ամիս, չի հերքվել նույն եւ հաջորդող օրերին: Նշանակում է, որ ընդունվել է որպես ճշմարտություն: Եվ հանկարծ Նիկոլը հերքում է այն ԱԺ ամբիոնից մոտ հինգ ամիս անց: Իսկ հաջորդ օրը հանրությանը ներկայացվում են հանդիպման ձայնագրությունից հատվածներ՝ սեւով եւ սպիտակով: Կարո՞ղ ենք ենթադրել, որ սեւով հատվածներում ասել է Օնիկ Գասպարյանը: Ենթադրել, որ, այո՛, այսօր դիմադրում ենք, բայց վաղը չենք դիմանալու: Նիկոլի սուտը ապացույցի կարիք չունի, ապացույցի կարիք ունի Օնիկ Գասպարյանի ճիշտը:  

ՀԳ. Օնիկ Գասպարյանը նախապես զգուշացրել էր նյութը խեղաթյուրելու մասին:

Հուսիկ Արա