Ջհանգիրյանի եւ Մուկուչյանի հե՞տ ենք գնում ընտրությունների

Ջհանգիրյանի եւ Մուկուչյանի հե՞տ ենք գնում ընտրությունների

Եվ այսպես․ նախկինների ստվերի հետ գիշեր-ցերեկ կռիվ տվող եւ նրանց վերադարձով հասարակությանը վախեցնող Նիկոլ Փաշինյանին վերջապես հաջողվեց նախկիններից ամենանախկինին՝ Գագիկ Ջհանգիրյանին տեղավորել ԲԴԽ նախագահի աթոռին: 
Ու քանի որ Հայաստանում արդեն երեք տարի ամեն հարց լուծվում է ոչ թե օրենքի ուժով, այլ՝ ուժի օրենքով, հավանաբար, վերջինս ԺՊ-ից կդառնա ԲԴԽ նախագահ: Ասել է թե՝ իշխանությունն իր մահակի տակ առավ դատական համակարգը, որը միակ ոլորտն էր, որ դեռեւս դիմակայում էր փաշինյանական կամայականություններին եւ երկրակործան ամենաթողությանը:

Այս ոլորտի «վերցնելը», ինչպես կասեր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, իշխանության համար կարեւոր է հատկապես այս շրջանում, երբ Հայաստանը, կարծես թե, պատրաստվում է ընտրությունների: Այդ մասին գոնե բանավոր եւ ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է Փաշինյանը: Հատկապես նախընտրական եւ ետընտրական փուլում Փաշինյանին պետք էր ձեռքի տակ պահել այս համակարգը: 

Փաստորեն, ետընտրական բողոքները, տարաձայնությունները դատական համակարգում լուծվելու են Ջհանգիրյանի «խոշորացույցի տակ» ու նրա կամեցողությամբ: Իսկ այն, որ Ջհանգիրյանն առանձնապես չի փայլում եւ երբեք աչքի չի ընկել որպես օրենքի եւ օրինականության համատարիմ պաշտոնյա, փաստում է նրա կենսագրությունը: Հենց թեկուզ վերջինը. նա չէր կարող ընտրվել ԲԴԽ անդամ: Այդ մասին բարձրաձայնում են մասնագետները՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է. «Բարձրագույն որակավորման կոմիտեի պաշտոնական կայքի «ՀՀ գիտական աստիճանաշնորհման հետ առնչություն ունեցող մարդիկ» բաժնում որեւէ հիշատակում չկա Գագիկ Ջհանգիրյանի, նրա գիտական աստիճանի, գիտական թեմայի մասին եւ այլն։ 
Նա յոթերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ է ընտրվել որպես իրավաբան-գիտնական, սակայն պարզվում է, որ նա չունի գիտական աստիճան, հետեւաբար՝ գիտնական համարվել չի կարող։

Ստացվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը չի կարող լինել Բարձրագույն դատական խորհրդի անդամ ոչ միայն 65 տարին լրացած լինելու հանգամանքով, այլեւ օրենսդրությանը չհամապատասխանող այլ հանգամանքներով։ Բայց նա այսօր ոչ միայն ԲԴԽ անդամ է, այլեւ, որպես տարիքով ավագ դատավոր, ժամանակավորապես ստանձնել է ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը»։ 

Իսկ եթե ժամանակագրորեն ավելի ետ ենք գնում եւ վերհիշում Ջհանգիրյանի անցած ճանապարհը, հիշում ենք, որ հասարակական-քաղաքական գործիչներից շատերն են նրան համարում Հայաստանում ընտրությունների եւ հանրաքվեի կեղծարարության հիմնադիրը. 1995 թ․ Ջհանգիրյանի ձեռամբ անցկացվեցին ամենախայտառակ ընտրությունները: 

Ավետիք Իշխանյանը գրում է. «1995թ․ հուլիսի 5-ին անկախ Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին համապետական՝ Ազգային ժողովի ընտրություններ, միաժամանակ՝ սահմանադրական հանրաքվե։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականում ղեկավարում էր ԿԸՀ փոխնախագահ Գագիկ Ջհանգիրյանը: Ընտրություններն ու հանրաքվեն ուղեկցվեցին բոլոր հնարավոր եւ անհնար կեղծարարություններով՝ բռնություններ, ծեծուջարդ, լցոնումներ, քվեատուփերի գողացումներ, զինվորական ստորաբաժանումների տարբեր տեղամասերում միաձայն քվեարկություններ, արձանագրությունների կեղծումներ եւ այլն։ …Նույնիսկ այդ ամենից հետո, ըստ նույն Ջհանգիրյանի հաշվարկների, հանրաքվեի արդյունքները գոհացուցիչ չէին։ Եվ խախտելով օրենքը՝ քվեարկությունը երկարացվեց երկու ժամով, մինչեւ ժ․ 22-ը։ Հաջորդ իսկ օրը Ջհանգիրյանը զանգահարում էր բոլոր ընտրատեղամասերն ու հանձնարարում․ «Մինչեւ հանրաքվեի 70%-ից ավել ցուցանիշ չունենաք, արձանագրությունը չեմ ընդունի»»: 
Ահա, այսպիսի ընտրություններ են մեզ սպասվում նաեւ հունիսի 20-ին՝ Փաշինյանի իշխանության վերարտադրման համար:

Իսկ Ջհանգիրյանի՝ ՀՀ զինդատախազ եղած տարիներին շատ էին դժգոհությունները զինվորական հանցագործությունների բացահայտման ու կեղծման առումներով: Մատաղիսի կեղծված գործի մասին լսելիս առաջինը հիշում ենք Ջհանգիրյանի անունը: 

Նախկիններին մերժող, իր բոլոր սխալներն ու անկարողությունները նրանց վրա բարդող Փաշինյանը մեծ սիրով շարունակում է «աշխատել» նաեւ 2011 թվականից հայաստանյան ընտրությունների գլխավոր կազմակերպիչ Տիգրան Մուկուչյանի հետ: Թե ինչով է հիմա վերջինս արժանացել Փաշինյանի անվերապահ վստահությանը, հայտնի չէ: 

Բայց հիշենք, որ ժամանակին ընդդիմադիր Նիկոլը շատ էր թիրախավորում, քննադատում ԿԸՀ նախագահին, նրա մասին անգամ անեկդոտ էր պատմում: Փաշինյանը վստահ էր, որ նախկին բոլոր ընտրությունները կեղծված են, քաղաքացու քվեն՝ գողացված: Մուկուչյանի ձեռքի տակով մի քանի համապետական ու ՏԻՄ ընտրություններ են անցել, 2015 թվականի  հանրաքվեն: 
Իսկ թե ինչպես են անցել այդ ընտրություններն ու հանրաքվեն, բոլորս գիտենք: Մուկուչյանն արժանացել է «թվանկարիչ» կոչմանը, նրա հետ ժամանակին թվեր էր «խփում» Սերժ Սարգսյանը: 
Բայց Մուկուչյանը նախկին ընտրությունների համար ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց, այլեւ հիմա էլ «բարեխղճորեն» իր թվանկարչական ծառայություններն է մատուցում Փաշինյանին: 

Ահա, այս երկու կարկառուն պաշտոնյաների՝ Գագիկ Ջհանգիրյանի ու Տիգրան Մուկուչյանի հետ գնում ենք դեպի ԱԺ առաջիկա ընտրություններ: 

Իսկ թե ինչպիսին կլինեն դրանք, կարող ենք ենթադրել ոչ միայն նրանց «աշխատանքային փորձից», այլեւ փաշինյանական իշխանության՝ պատերազմ կեղծելու հանգամանքից…